ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից Կառավարության վերջին նիստում արած հայտարարությունը կարելի է բնորոշել որպես Հայաստանին սպասվող ծանր կացության պաշտոնական խոստովանություն: Վարչապետը, դիմելով Կառավարության անդամներին, ասել է, որ համաշխարհային տնտեսությունում վերջին տարիներին տեղի ունեցող վայրիվերումները տնտեսական պատերազմի դրսեւորում են: «Մեր երկիրը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Այսպիսով՝ ՀՀ իշխանություններն առաջին անգամ հրապարակային խոստովանում են, որ աշխարհում ընթացող գործընթացների արդյունքում Հայաստանը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել:
Այս մասին են վկայում նաեւ երեկ հրապարակված պաշտոնական տվյալները: Մասնավորապես, երեկ ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է 2014 թվականին Հայաստան եկած տրանսֆերտների ամփոփ տվյալները: Ըստ այդմ, 2014 թվականին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է մեկ միլիարդ 388 միլիոն 990 հազար դոլար: Նախորդ՝ 2013 թվականին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել էր մեկ միլիարդ 545 միլիոն 578 հազար դոլար: 2014-ին տրանսֆերտների զուտ ներհոսքը նախորդ տարվա համեմատ նվազել է 156 միլիոն 588 հազար դոլարով, կամ նույն է թե՝ ավելի քան 10 տոկոսով: Ավելին՝ հիմնական անկումն արձանագրվել է անցած տարվա վերջին երեք ամիսներին: Մասնավորապես, անցած տարվա դեկտեմբերին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 64 միլիոն 776 հազար դոլար: Սա այն դեպքում, որ դեկտեմբերին միշտ տրանսֆերտների ներհոսքը միջին ցուցանիշից ավել է եղել: Ասենք՝ 2013-ին դեկտեմբերին տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 141 միլիոն 517 հազար դոլար: Դեկտեմբերի անկումը կազմել է 54 տոկոս: Ի դեպ, նոյեմբերին էլ անկումը շուրջ 40 տոկոս էր կազմել:
Ինչպես հայտնի է՝ Հայաստան եկող տրանսֆերտների 90 տոկոսը ստացվում է Ռուսաստանից: Վերը բերված անկումն էլ պայմանավորված է Ռուսաստանի տնտեսությունում տեղի ունեցող բացասական զարգացումներով: Այսինքն՝ եթե Ռուսաստանի տնտեսությունը պահպանի ներկայիս մակարդակը, ապա 2015-ին տրանսֆերտների զուտ ներհոսքը լավագույն դեպքում կազմելու է 50-60 միլիոն դոլար: Տարվա կտրվածքով այդ ցուցանիշը կկազմի մոտ 700 միլիոն դոլար: Անկումը կկազմի մոտ 800 միլիոն դոլար: Այդ «պակասորդի» արդյունքում Հայաստանի տնտեսությունում հնարավոր շղթայական բացասական հետեւանքները դժվար է անգամ կանխատեսել: Սակայն իրավիճակի ողբերգությունը կայանում է նրանում, որ ստեղծված իրավիճակը միայն այս` 2015 թվականով չի սահմանափակվում:
Այսինքն՝ աշխարհում նոր իրավիճակ է ստեղծվել, որտեղ բացառությամբ մի քանի հետխորհրդային թույլ եւ տոտալիտար կառավարում ունեցող երկրների՝ մնացած բոլորը լծվել են Ռուսաստանին տնտեսապես ծնկի բերելու խնդրի լուծմանը: Մոտ ապագայում ստեղծված իրավիճակը կարող է հանգուցալուծվել միայն Ռուսաստանի «կապիտուլացիայի» դեպքում: Մնացած բոլոր տարբերակներով այս տնտեսական պատերազմը շարունակվելու է: Այսինքն՝ ակնհայտ է, որ Հայաստան եկող տրանսֆերտները ո՛չ 2016-ին, ո՛չ 2017-ին եւ ո՛չ էլ դրանից հետո չեն ավելանա: Այն տնտեսական ճգնաժամը, որում Հայաստանը հայտնվել է 2008-2009 թվականներից, տարբերվում է հենց այս պատճառով: Նախորդ ճգնաժամը միջազգային էր, եւ դրա դեմ պայքարում էին բոլորը, այսինքն՝ եթե Հայաստանի իշխանությունները որոշ ժամանակ դիմանային եւ անգամ ոչինչ էլ չանեին, ինչպես որ վարվեցին, ապա միեւնույն է՝ իրավիճակը կկարգավորվեր: Իսկ այժմ նրանք չեն կարող հույսեր տածել, որ իրավիճակը մոտ ապագայում կկարգավորվի:
Թերեւս վերը բերված գործոններով է պայմանավորված այն հանգամանքը, որ այս տարվա սկզբից ՀՀ իշխանությունները փորձում են արտաքին աշխարհից 800 միլիոնից մինչեւ 1 միլիարդ դոլար ներգրավել, բայց առայժմ՝ ապարդյուն:
Ի դեպ, ՀՀ հարկային ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2014 թվականի դեկտեմբերին հաշվետվություն ներկայացնողների ընդհանուր թիվը կազմել է 90 հազար 542: 2013 թվականի դեկտեմբերին հաշվետվություն ներկայացնողների թիվը եղել է 123 հազար 195: Հաշվետվություն ներկայացնողները տվյալ դեպքում տնտեսվարողներ են, այսինքն՝ կարելի է արձանագրել, որ Հայաստանի տնտեսվարողների թիվը 32 հազար 653-ով կամ 26.5 տոկոսով նվազել է:
Վահագն Հովակիմյան