Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել են նաև մարզի զորամասերից մեկում, հանդիպել են զորամասի հրամանատարության հետ, ծանոթացել են զինվորների պայմաններին: Այս մասին տեղեկացնում է Հանրապետական կուսակցության լրատվական ծառայությունը։
Զինծառայողների առջև ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նշել է որ Ազգային ժողովի պատգամավորների համար մեծ պատիվ է գտնվել զորամասում: «Մեզ համար մեծ պատիվ է ներկա գտնվել այստեղ և ձեզանից վարակվել հայրենասիրությամբ: Եվս մեկ անգամ գիտակցել, որ հայրենիքը սկսվում է սահմանից: Եվս մեկ անգամ գիտակցել, որ մենք Երևանում սխալվելու իրավունք չունենք, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասնենք մեր երազանքների Հայաստանին: Իսկ մեր երազանքների Հայաստանն այն Հայաստանն է, որը տոգորված է անկախության գաղափարով, որտեղ կա երկու ճշմարտություն՝ Աստված և հայրենիք, որտեղ կա գիտակցում, որ հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից, որտեղ կա գիտակցում, որ հայրենասիրություն ոչ թե խոսք է, այլ հստակ իրականացված աշխատանք և գործ, որտեղ կա գիտակցում, որ յուրաքանչյուր զինվոր բոլորիս զավակն ու եղբայրն է»,- նշեց նա:
Շարմազանովը շեշտել է, որ ինքը հպարտ է այն հայրենակիցներով, ովքեր ապրում են սահմանամերձ բնակավայրերում: «Մենք հպարտ ենք նաև ձեր ծնողներով, որ մեր ազգին տվել են ձեզ նման փառապանծ զինվորներ: Մենք աղոթում ենք ձեզ համար, մենք համոզված ենք, որ դուք պատվով կկատարեք ձեզ վրա դրված պարտավորությունները, և, այո՛, ունենք այն գիտակցումը, որ մեր ընտանիքները, մեր երեխաները, հայ ժողովուրդը հանգիստ քնում են, դա նախ ձեր շնորհքն է: Դա նախևառաջ ձեր իրականացրած ծառայության արդյունքն է: Փառք ձեզ, փառք ձեր ծնողներին, փառք ձեր հրամանատարներին, փառք մեր հայությանը: Մենք պետք է գիտակցենք, որ մենք այն երջանիկ սերունդն ենք, որ ապրում ու արարում է անկախ Հայաստանում: Մենք այն երջանիկ սերունդն ենք, որի զավակները ծառայում են հայոց անկախ բանակում: Մենք այն երջանիկ սերունդն ենք, որ հաղթել է պատերազմում և այսօր էլ, չնայած հակառակորդի, թշնամու վախկոտ կեցվածքին, պատվով կատարում ենք մեր աշխատանքը, մեր ծառայությունը, մեր սրբազան պարտքը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովն իր ելույթն ավարտել է Գարեգին Նժդեհի խոսքերով. «Մուրացկանին չեն տալիս անկելանոց, մուրացկանին չեն տալիս անկախ հայրենիք: Անկախ հայրենիքը հզորների գործն է, հզորների շնորհն է, և մենք ունենք մի ճանապարհ՝ լինել միասնական, ուժեղ, էլի ուժեղ և միշտ ուժեղ»:
ԱԺ փոխնախագահը հանդիպել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքի բնակիչների հետ:
Հայաստանի իշխանությունների համար կարևորագույն խնդիր է երկրի անվտանգության ապահովումը: Այս մասին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում սահմանամերձ Չինարի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մեզ համար կարևորագույն խնդիր է երկրի սահմանների անվտանգության ապահովումը: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր երկրի բնակչությունն իրեն ապահով զգա, շարունակի իր խաղաղ արարումը: Մեր երկրի անվտանգությանը վերաբերող խնդիրները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են: Սահմանամերձ համայնքների խնդիրները ևս մշտապես մեր ուշադրության կենտրոնում են, քանի որ հայրենիքը սկսվում է սահմանից, իսկ դուք այն հերոս ժողովուրդն եք, որ ապրում եք հակառակորդի կրակի տակ»,- նշել է նա:
Անդրադառնալով բնակիչներից մեկի մտահոգությանը, որ պայմանագրային հիմունքներով բանակում զինվորական ծառայության անցած զինծառայողները շատ ցածր աշխատավարձ են ստանում՝ Շարմազանովն ընդգծել է, որ կիսում է մտահոգությունը՝ խոստանալով հարցը քննարկել Կառավարության հետ և փորձել լուծում գտնել խնդրին: «Ես համաձայն եմ, որ նրանց ստացած գումարը բավարար չէ: Պետությունը շահագրգռված է, որպեսզի բարձրանան ոչ միայն պայմանագրային զինծառայողների, այլ նաև բժիշկների, ուսուցիչների, ոստիկանների աշխատավարձերը: Ես ձեր բարձրացրած հարցը կքննարկեմ Կառավարության հետ և կփորձենք լուծում գտնել»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ընդգծել է, որ հարցը կարելի է քննարկել այն համատեքստում, որպեսզի բարձրացվեն պայմանագրային այն զինծառայողների աշխատավարձերը, ովքեր ծառայում են առաջին գծում: «Ես կարծում եմ, որ սա կարող է արդյունավետ լուծում լինել: Կարծում եմ, որ մենք պետք է բարձրացնենք այն զինծառայողների աշխատավարձերը, ում ծառայությունն առավել վտանգավոր է կյանքի համար»,- նշել է պատգամավորը:
Աշխատանքային այցով Տավուշի մարզ մեկնած պատգամավորները լսել են նաև Չինարի համայնքի բնակիչների մյուս խնդիրները, խոստացել դրանք ներկայացնել Կառավարության քննարկմանը: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանին հանձնել է ԱԺ նախագահի պարգևը՝ անվանական ժամացույցը: ՀՀ ԱԺ նախագահի կողմից անվանական ժամացույցով է պարգևատրվել նաև Բերդ քաղաքի հոսպիտալի տնօրեն Էդիկ Գրիգորյանը:
Առաջիկա օրերին Ռուսաստանից Հայաստան կժամանի հայ գործարարների խումբ, ովքեր ցանկանում են Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում բիզնես գործունեություն սկսել՝ ստեղծելով նոր աշխատատեղեր: Այս մասին Տավուշի մարզի Չորաթան համայնքում բնակիչների հետ հանդիպմանը տեղեկացրել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով աշխատանքային այցով Տավուշի մարզ մեկնած պատգամավորների խմբում էր: Արձագանքելով Չորաթան համայնքի բնակիչների բողոքներին, որ իրենց հողատարածքները գտնվում են անմիջապես ադրբեջանական կողմի կրակի տակ, ինչն իրենց թույլ չի տալիս մշակել հողերը՝ Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ հիմա քննարկվում է սահմանամերձ համայնքների բնակիչներին փոխհատուցել նաև այն եկամուտը, որից ադրբեջանական կրակահերթի հետևանքով նրանք զրկվում են: «Հիմա մենք քննարկում ենք այդ հարցը: Ես ևս մեկ շատ կարևոր տեղեկություն եմ ցանկանում փոխանցել: Առաջիկայում Ռուսաստանից Հայաստան կժամանի հայ գործարարների խումբ, ովքեր ցանկանում են Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում գործունեություն սկսել: Նրանց ոգևորել է այն հանգամանքը, որ մենք սահմանամերձ համայնքներում գործունեության ծավալումն ազատել ենք հարկերից: Նախատեսվում է տրիկոտաժի արտադրություն սկսել, ինչի շնորհիվ կստեղծվի 500 աշխատատեղ, իսկ սահմանամերձ համայնքների բնակիչները բացի գյուղատնտեսական աշխատանքներից կկարողանան նաև զբաղվել նաև այլ գործով»,-նշել է Մինասյանը:
Բնակիչներին մտահոգում էր նաև այն հարցը, որ իրենք չեն կարողանում իրացնել իրենց գյուղատնտեսական արտադրանքը. մասնավորապես մարզում չկա կաթի մթերման կետ: Արծվիկ Մինասյանն ընդգծել է, որ գործարարների հետ կքննարկեն նաև մարզում կաթի մթերման կետ ստեղծելու հարցը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ ընդգծել է, որ Կառավարության հետ կքննարկի համայնքի բնակիչների բարձրացրած հարցերը և համատեղ ջանքերով կփորձեն լուծել առկա խնդիրները: «Մենք բոլորս՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն, ունենք մեկ խնդիր. պետք է անենք ամեն ինչ, որպեսզի սահմանամերձ համայնքում ապրող գյուղացին իրեն ապահով զգա: Դուք հերոս ժողովուրդ եք, և մենք հպարտանում ենք ձեզանով ու պարտավոր ենք անել այնպես, որ դուք ձեզ ձեր հողում ապահով զգաք, պետք է պայմաններ ստեղծենք ձեր խաղաղ ու ապահով արարման համար: Մենք ամեն անգամ, երբ գալիս ենք սահմանամերձ համայնք, մտածում ենք գնանք մարդկանց ոգեշնչենք, սակայն ստացվում է այնպես, որ դուք եք մեզ ոգեշնչում: Մեզ համար շատ կարևոր է, որ դուք պահեք ձեր հաղթական ոգին, և մեր բոլորիս խնդիրն է լինել սահմանամերձ համայնքի բնակիչների կողքին»,- նշել է Շարմազանովը:
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը Տավուշի մարզի Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանին պարգևատրել է անվանական ժամացույցով: Պարգևը համայնքի ղեկավարին է հանձնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Աշխատանքային այցով Տավուշի մարզ մեկնած պատգամավորների թվում էին նաև ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը և անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանը:
Պատգամավորները զրուցեցել են համայնքի բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին, հետաքրքրվել վերջերս ընդունված սահմանամերձ համայնքներում ձեռնարկատիրական գործունեության ծավալումը հարկերից ազատելու, ինչպես նաև կոմունալ վճարները 50 տոկոսով փոխհատուցելու մասին օրենքի նախագծերի արդյունքներից: Պատգամավորները պատասխանել են բնակիչների բոլոր հարցերին, լսել նրանց բողոքները՝ խոստանալով Կառավարության հետ քննարկել և լուծում տալ դրանց: Պատգամավորներն այցելել են նաև օրերս հակառակորդի գնդակից զոհված, նույն համայնքի բնակիչ Արման Ուդումյանի տուն, ինչպես նաև եղել են մարտական դիրքերում: