5 տարով արտաքսել են Ռուսաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյան քաղաքի բնակիչ,1991թ. ծնված Արշակ Ջանվելյանը 3 տարի բնակվել է Մոսկվայում, սովորել ֆիզկուլտուրայի, սպորտի, երիտասարդության եւ տուրիզմի ռուսական պետական համալսարանի 2-րդ կուրսում: Նա այդ ընթացքում ամեն 3 ամիսը մեկ Մոսկվայում հաշվառվել է: 2014թ. դեկտեմբերի 23-ին այցելել է ընկերոջը՝ Մոսկվայի մարզի Ժելեզնադարոժնի քաղաք, ինչի արդյունքում նրան վտարել են Ռուսաստանից:

Բանն այն է, որ այդ քաղաքն օտարերկրացիների համար փակ է համարվում, սակայն Արշակ Ջանվելյանի վկայությամբ՝ քաղաքի մուտքերին այդ մասին ցուցանակ, հսկիչ-անցագրային կետեր չկան, ինքն էլ այդ մասին տեղյակ չէր: Արշակի խոսքով՝ ինքն այդ հարցով դիմել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն, սակայն այնտեղ իրեն նույնիսկ չեն ընդունել, որպեսզի տեղեկանան խնդրի մասին: Ա. Ջանվելյանը փաստաբան է վարձել, վիճարկել իրեն Ռուսաստանից վտարելու որոշումը, դատը կայացել է հունվարի 22-ին:

Արդյունքում, սակայն, նրան Ռուսաստանից վտարել են՝ 5 տարի այդ երկիր չվերադառնալու պայմանով: Արշակի մայրը հայտնեց, որ առաջիկա օրերին իր որդին կվերադառանա Հայաստան: Համացանցում շատ են ռուս օգտատերերի գրառումներն այն մասին, որ թեեւ Ժելեզնադարոժնին օտարերկրացիների համար փակ քաղաք է համարվում, սակայն այնտեղ մշտապես աշխատում են հարավկովկասյան հանրապետությունների, արեւելյան երկրների եւ Աֆրիկայի պետությունների քաղաքացիներ:




Լրահոս