ԱԺ-ում Մհեր Սեդրակյանի տեղը հավանաբար թափուր էր, այդ պատճառով էլ ՀՀԿ-ն ամեն ինչ արեց, որպեսզի նա խորհրդարան գա: Եկավ ու սկսեց իր օրենքները հաստատել՝ հասկացնել տալով, որ հասարակ մարդ չի եկել, այլ Թոխմախի Մհերը, ում համար պիտի առանձնահատուկ պայմաններ ստեղծվեն: Նրան 2-սենյականոց աշխատասենյակ տվեցին: Դա քիչ համարելով՝ Սեդրակյանը կազմակերպեց «խաչակրաց արշավանք» ու քանդեց այն պատը, որը պատկանում էր ՕԵԿ պատգամավորներից մեկին, եւ սկսեց ընդունարան կառուցել: Միշտ քարտուղարուհիներ ունեցած Թոխմախի Մհերն ինչպե՞ս կարող էր ԱԺ-ում քարտուղարուհի չունենալ: Հետո էլ որոշեց, որ պատուհանները բոլշեւիկյան են, ուստի եվրոպատուհաններ դրեց, որպեսզի աշխարհին նայի եվրոպական չափանիշներով:
Պատգամավոր դառնալուց հետո, ճիշտ է, Թոխմախի Մհերի տրամադրությունը մի քիչ մթագնեց, երբ սպանության մեղադրանքով ձերբակալվեց քրոջ տղան, բայց Մհերը շտապեց հայտարարել, որ ինքը չի էլ ճանաչում «էդ մարդուն», վաղուց իրենք հարաբերություններ չունեն, չնայած հենց ձերբակալվածի շրջապատում ուրիշ բաներ են ասում… Բայց նրանց ասածը Մհերի համար հիմնավորում չէ: Նրա համար հիմնավորում միայն իր սիրելի նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն է, որը նախընտրական արշավի ժամանակ եկավ Էրեբունի վարչական շրջան ու հայտարարեց. «Հավատանք ու փոխենք ամեն ինչ դեպի լավը, դեպի կատարյալը… Խնդրում եմ՝ հիմա էլ վստահեք եւ քվեարկեք ինչպես ՀՀԿ-ի, այնպես էլ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Մհեր Սեդրակյանի օգտին: Մենք անպայման արդարացնելու ենք Ձեր վստահությունը»: Ստացվում է, որ մեր երկիրը փոխելու գլխավոր գրավականներից մեկը Թոխմախի Մհերն է…
Թեպետ նա ումի՞ց է պակաս, որ պատգամավոր չդառնար: «Հրաշալի» կենսագրություն ունի. սովորել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Ուսանել է պետական համալսարանի տնտեսագիտության բաժնում, ստացել տնտեսագետի որակավորում: Այնուհետեւ ավարտել է «Վարդանանց» համալսարանի իրավաբանական բաժինը: Իհարկե, չգիտենք, թե երբ է սովորել նշված բուհերում կամ երբ է ավարտել աշխարհին անհայտ «Վարդանանց» համալսարանը: Բայց փաստը մնում է փաստ. նա բարձրագույն կրթություն ունի: 1975թ. աշխատանքի է ընդունվել Շահումյանի մոդելային կոշիկի ֆաբրիկայում, այստեղ աշխատել տասը տարի, այս ընթացքում զբաղվել նաեւ ցեխավիկությամբ, իսկ 1985-ից էլ լեգիտիմացրել իր գործունեությունը: 1990-ին որոշել է ներքաշվել քաղաքականության մեջ, դարձել Էրեբունու շրջանային խորհրդի պատգամավոր, հետո էլ մտածել է, որ ինքը շրջանային մասշտաբի գործիչ չէ, դարձել է ԱԺ առաջին գումարման պատգամավոր, պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի անդամ: Երկրորդ անգամ չկարողանալով դառնալ պատգամավոր՝ «կռվով-աղմուկով» «ընտրվել» է Էրեբունու ղեկավար: Թոխմախում ծնված, Թոխմախում մեծացած ու հիմա էլ Թոխմախի տերը դարձած Մհերը կարողացավ իր պաշտոնը պահպանել 2002 եւ 2005 թվականներին: Թիկունքին էլ ՀՀԿ-ի նման ուժ ուներ:
Մհեր Սեդրակյանին շատերն են թաղային հեղինակություն համարում, քանի որ նա միշտ կանգնած է եղել կրիմինալի կողքին, նրա անունն օգտագործվել է որպես առավել թույլերին ճնշելու ու ազդելու միջոց: Սեդրակյանն էլ իր «փիլիսոփայությունն» ունի թաղային հեղինակություն լինելու մասին. «Գիտեք, երբ դա ասում է նորմալ մարդ, ուրիշ ձեւի է պատկերացնում թաղային հեղինակությունը: Թաղային հեղինակությունը կարա լինի այլմոլորակային կամ ենթադրենք լկտի, թեկուզ խուլիգան եւ հասկանալով՝ ինչ հարց է տալիս՝ տա, կամ գրում են նորմալ հարցազրույց, վերջում ուզում են շեղել՝ իբր ես ըտենց, ընենց, իբր գողական են սարքում: Բայց պատկերացնո՞ւմ եք, իմ այս տարիքին, ես իմ ամբողջ կյանքում գողական չեմ եղել, իրենք չեն հասկանում՝ որն ինչ է: Ես խոսում եմ իսկական երեւանցու խոսակցականով: Այն մարդը, որ գեղից գալիս է Երեւան, քերականություն է սովորում, մի փոքր գրականություն է կարդում, ինքը խոսում է այսպես. «Ասում է, գնում է»: Իսկ քաղաքի տղեն, քաղաքի մարդն այդպես չի խոսում: Մենք ունեք մեր խոսակցականը, խոսում ենք քաղաքի տղու ոճով…»:
Եւ ահա այսպիսի անհոդաբաշխ նախադասություններ կազմող մարդն օրենքներ պիտի գրի, ելույթներ ունենա ԱԺ ամբիոնից… Օրինաստեղծ գործունեություն ծավալելու մասին ընտրությունների նախօրյակին Սեդրակյանն ասել է. «Մենք էլ օրենքներ կգրենք, մարդկային, գործնական օրենքներ: Ինձ թվում է, որ իմ պահվածքը բոլորի դուրը գալիս է: Եթե ես գնացի ԱԺ, կպահեմ իմ շահը, իմ ընկերների, իմ թաղի, իմ ժողովրդի, իմ քաղաքի շահը: Երեւանը ես համարում եմ իմ թաղը, ինձ բոլորը ճանաչում են եւ հարգում են այնքան, ինչքան ես կամ: Իսկ թե ես ինչքան կամ… աշնանը պարզ կլինի»: Պարզվում է՝ մեր մայրաքաղաքն ընդամենը Մհեր Սեդրակյանի թաղն է, դե ուրեմն որպես պատգամավոր՝ նա էլ այս թաղը «նայողներից» մեկն է…
Ի դեպ, մի շատ հետաքրքիր հանգամանք. Մհեր Սեդրակյանին ԱԺ մուտք գործելու հարցում աջակցել է… «Օրինաց երկիր»-ը: «Էրեբունի համայնքում նաեւ պատգամավորության թեկնածու է առաջադրվել Մհեր Սեդրակյանը, որին «Օրինաց երկիր» կուսակցությունն աջակցելու է եւ իր քվեն է տալու: Որովհետեւ կարծում ենք, որ Էրեբունի համայնքը պետք է զարգանա, եւ Մհեր Սեդրակյանն ունի լավ ավանդույթներ…»,-ասել է Արթուր Բաղդասարյանը: Ուրեմն՝ ասա՛ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու: Ո՞վ կսպասեր, որ Թոխմախի Մհերը կարող էր դառնալ ՕԵԿ-ականների ընկերը… Մհեր Սեդրակյանն իր խնամի Խուճուճ Էդոյի հետ որոշել էր կիսել Էրեբունի համայնքը, բայց վերջում իրադարձություններն այլ կերպ զարգացան: Հիմա կարեւորն այն է, որ ԱԺ-ում ունենք Մհեր Սեդրակյան, ուրեմն կարող ենք հանգիստ քնել:
ՔՐԵԱՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ԿԱՐԿԱՌՈՒՆ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻՑ ՄԵԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ