Շիրակի մարզպետի համապատասխան հրամանով Գյումրու նորակառույց բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել «Գյումրի ծննդատուն» ՓԲԸ տնօրեն Արմեն Իսահակյանը: Իսկ ծննդատան տնօրենի ԺՊ է նշանակվել Ֆելիքս Գրիգորյանը, որը նախկինում մի քանի տարի շարունակ զբաղեցրել էր այդ հաստատության տնօրենի պաշտոնը: Նորակառույց բ/կ-ի տնօրենի հարցը քննարկվեց ամիսներ շարունակ եւ բավականին ինտրիգային էր այն առումով, որ մեկ հաստատության ներքո է միավորվում միանգամից երեք հիվանդանոց: Հասկանալի է, որ երեք տնօրեններն էլ պետք է հավակնեին այդ պաշտոնին: Ստացվեց այնպես, որ երեքից որեւէ մեկի սպասելիքներն էլ չարդարացան:
Հիշեցնենք, որ բազմապրոֆիլ հիվանդանոցում են գործելու Մարզային, Գ. Գյուլբենկյան հիվանդանոցները եւ «Սամարիթեր»-ի մի մասը: Ինչպես «Ժողովուրդ»-ին փոխանցեց «Սամարիթեր» հիվանդանոցի ներկայիս տնօրեն Ռաֆիկ Խաչատրյանը, նոր հիվանդանոցում են տեղակայվելու սրտաբանական եւ թերապեւտիկ բաժանմունքները, իսկ «Սամարիթեր»-ը դառնալու է վերականգնողական կենտրոն:
Նորանշանակ պաշտոնակատարը վստահեցնում է, որ կրճատումներ չեն լինելու, ավելին, ըստ նրա՝ կստեղծվեն նոր աշխատատեղեր, Երեւանից հրավիրված մասնագետների հետ միասին կաշխատի նաեւ տեղի բուժանձնակազմը: Զուգահեռաբար տեղի մասնագետներն անցնելու են վերապատրաստման դասընթացներ: «Մեծ պատասխանատվություն է, քանի որ նման հիվանդանոց ո՛չ տարածաշրջանում կա, ո՛չ նույնիսկ Երեւանում, եւ պետք է հիվանդանոցը համալրել լավ մասնագետներով, որպեսզի նաեւ սպասարկի Ջավախքի ժողովրդին, որ նրանք չհասնեն Երեւան: Հիմա շենքի փոքր թերություններն են վերացվում, ու երեւի մոտակա մեկ ամսվա ընթացքում կավարտենք եւ կանցնենք արդեն բուժանձնակազմի միավորմանը: Միանշանակ կարող եմ ասել, որ կրճատումներ չեն լինի»,-նշեց Ա. Իսահակյանը:
Նոր նշանակման վերաբերյալ փորձեցինք ճշտել «Սամարիթեր»-ի տնօրենի կարծիքը: «Դրական»,-կարճ պատասխանեց նա: «Արդյոք ինտրիգներ չեն լինի նոր հաստատության ներսում» հարցին Ռաֆիկ Խաչատրյանը պատասխանեց. «Դե, բնականաբար, լիդերների մեջ ընտրություն կլինի: Ասենք՝ ֆինանսական գծով ղեկավար ու տեղակալ, գլխավոր բժիշկ կամ բուժքույր եւ այլն: Նոր տնօրենը պետք է կարողանա լավ թիմ ստեղծել, ամուր թիմ: Երբ նշանակվեց ծննդատան տնօրեն, լավ աշխատեց, փոփոխությունները զգալի էին: Հիմա նա պետք է ձգտի միավորել բոլորին»:
Ռ. Խաչատրյանը նաեւ նշեց, որ ինքը կուզենար շարունակել պաշտոնավարումը «Սամարիթեր»-ում, որտեղ կմնա հեմոդիալիզի բաժանմունքը, բայց եթե ընտրությունը չկանգնի իր վրա, ապա կաշխատի նոր հիվանդանոցում որպես բժիշկ:
Վերջում հավելենք, որ Գյումրու բժշկության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն անկուսակցական է:
Գյումրի