Մենք սովորաբար սիրում ենք բողոքել իշխանություններից, պետությունից, երկրից: Սակայն երբ հարցը հասնում է այդ բողոքը կոնկրետ ամենօրյա կենցաղային հարցում արտահայտելուն, չգիտես ինչու՝ ընկրկում ենք:
Գուցե ինքնագնահատականի պակաս է, վախի մթնոլորտ կամ կենցաղային մշակույթի պակաս: Չգիտեմ, ուրիշ այլ երկրում հնարավո՞ր է 14 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցի սրահում խցկել 28 եւ ավելի մարդ եւ շուրջ 40 րոպե իրար հրմշտելով, իրար կիսագրկած՝ ճանապարհ գնալ: Ոմանք գուցե քմծիծաղեն, ոմանք էլ՝ հասկանան, սակայն սա եվրոպացու համար դժվար է ըմբռնել: Առավոտից երեկո խոսում ենք եվրոինտեգրման, եվրոչափանիշների մասին, սկսել ենք արժեքները եվրոյով չափել, սակայն գավառականությունից այն կողմ չենք անցնում:
Սկսեմ ինձնից: Ինչո՞ւ ես՝ շարքային մի քաղաքացի, առավել շատ մտածում եմ գծի տերերի սեփական կապիտալի կուտակման, այլ ոչ իմ բարօրության մասին: Իմ աշխատավարձի զգալի մասը տրամադրում եմ որպես ուղեվարձ, սակայն փոխարենը քաղաքակիրթ սպասարկում չեմ պահանջում: Ինչո՞ւ. վախենո՞ւմ եմ, թե՞ վստահ եմ, որ բողոքս անարձագանք կմնա:
Օրեր առաջ մի տարեց կին թիվ 123 երթուղային տաքսու վարորդին բողոքեց իրենց կողմից սպասարկվող գծի անկանոն ու վատ որակից, մանավանդ երեկոյան ժամերին մեքենաների սակավությունից: «Յա՜, էդ էր մնացել, մի հատ էլ իրիկունները գամ, քեզ ցւՈՋՌՉՈՑՖ անեմ»,-ասաց վարորդը: Կինը լռեց, իսկ երթուղայինում ներկա տղամարդիկ, անկողմնակալ դիրքորոշում ընդունելով, «համեստաբար» «բերանները ջուր առան», այնինչ կինը բոլորիս հուզող խնդրի մասին էր ահազանգում: Ստացվում է, որ մենք նույնիսկ «մարշրուտկայի» վարորդի մոտ չենք ուզում «վատամարդ լինել»: Ահա թե որտեղ ենք մենք թերանում, ահա որտեղից է ակնհայտ դառնում մեր կենցաղային մշակույթի պակասը:
Եւս մեկ դեպք, որը խոսում է մեր հասարակության անքաղաքակիրթ պահվածքի մասին: Մոսկվացի հյուրս օրեր առաջ ցանկություն հայտնեց դասական երաժշտություն լսել: Հրավիրեցի Օպերային թատրոն: Մինչ ազդագրերն էինք ուսումնասիրում, աչքիս զարնեցին ցուցապաստառի վրա գրված հայհոյանքները: Իմ շփոթմունքն աննկատ չմնաց հյուրիս մոտ: Ինչո՞ւ պետք է մեկի չար արարքով հայկական դիմագիծն ավիրվի: Ուրեմն պարզ է չէ՞, որ մեզանից ոմանց մոտ բացակայում է կենցաղային մշակույթի գիտակցությունը, չենք գնահատում դիմացինի աշխատանքը եւ չենք հարգում մեր երկրի գույքը: Ինչո՞ւ է հայ մարդը այդքան գռեհկացել, մի՞թե սա էլ սոցիալական պատճառներ ունի:
Նմանատիպ տհաճ իրավիճակում ենք հայտնվում, երբ բնակարանի պատուհանից տեսնում ենք, թե ինչպես է պապը բալը քաղելու փոխարեն ծառի ճյուղը կոտրում եւ միրգ հյուրասիրում թոռնիկին, երբ կանգառում գեղեցկատես երիտասարդը, կենտրոնացնելով իր ամբողջ ներուժը, թքում է կողքիդ, երբ այգու նստարանն ենք ջարդում, փողոցի լապտերն ենք կոտրում, երբ մետրոյի կայարանում սպասելիս արեւածաղիկ ենք չրթում ու թքում սպասասրահում: Իսկ աղբանոց դարձրած մեր քաղաքում աղբակույտերի մասին խոսելն ավելորդ է արդեն:
Ցավոք, այսպիսի օրինակները քիչ չեն, որոնք վկայում են, որ կենցաղային մշակույթը մեզանում կաղում է, որ Հայրենիքը չենք սիրում ու թքած ունենք ամեն ինչի վրա: Ընկերներիցս մեկն անպայման կհարցներ. «Ի՞նչ եք կարծում, անամոթները լավ ապրելու բարոյական իրավունք ունե՞ն»: Իսկ ես ասում եմ` մի՛ անտեսեք առաջին մանր քարը, որպեսզի չխաթարվի մեր երկրի հուսալի ապագան:
ՄԻ՛ ԱՆՏԵՍԵՔ ԱՌԱՋԻՆ ՔԱՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ