ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՍԵԼԻՔ ՇԱ՜Տ ՈՒՆԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաջարան գյուղի եւ արդյունաբերական հսկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պայքարը Սերժ Սարգսյանի միջամտությամբ սառեցված է: Համայնքապետն ու բնակիչները վճռական են տրամադրված եւ «թույլ չեն տալու նեմեցներին, քոչարյաններին, հակոբյաններին իրենց ծնողների գերեզմանները» քանդել:
«Էս պահի դրությամբ գյուղում խախանդ է, բայց դե չեմ կարա ասեմ` վաղն ինչ կլինի: Սսկված են: Նախագահի ասելուց հետո դադարեցրել են գյուղս քանդելը,-«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը` անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ համայնքային նշանակության հողերի զավթման փորձին,-մի մետր հող չեմ տա, թող չերազեն: 5 տարի առաջ քանդեցին մանկապարտեզս, կուլտուրայիս տունը, դպրոցս, դրանից սկսեցին, բայց դե ոտները քարին դեմ առավ: Պայքարեցի ու կպայքարեմ, թույլ չեմ տա ավիրել գյուղս»:
Հիշեցնենք, որ 2011թ. ապրիլին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Քաջարան գյուղի հողերի կատեգորիան փոխելու եւ դրանք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին տալու մասին: Արդեն երկար ժամանակ է՝ մարդիկ պայքարում են հողերի նկատմամբ իրենց իրավունքների համար: Նամակներ եւ դիմումներ են ուղարկել կառավարությանը, նախագահին, կոմբինատի գլխավոր բաժնետեր «Cronimet» ընկերությանը: Բազմաթիվ բանակցություններից եւ խոստումներից հետո գործընթացը սառեցվել է:
Գյուղապետի վկայությամբ՝ սառեցման գործընթացն արագացրել է Ս. Սարգսյանը, ում համայնքապետը հանդիպել է Կապան քաղաքում ընտրական քարոզարշավի ընթացքում. «Անձամբ մոտեցա, ձեռքս բռնեց, ասեց՝ արի՛ կանգնի կողքիս, ու բեմից բոլորի ներկայությամբ խոստացավ, որ իմ գյուղին ձեռք չեն տա: Ոնց որ խելոքացել են էդ գերեզմանաքանդները, տեսնենք՝ մինչեւ երբ»: Հարցին, թե ովքեր են գերեզմանաքանդները, Աթայանը պատասխանեց. «Զանգեզուրի կոմբինատի տերերն էլի, չգիտեմ՝ էլ ովքեր են դրա տեր ու տնօրենները: Մեկն ասում է՝ Նեմեցն է, մեկն ասում է՝ Հակոբյանը, մեկն էլ թե՝ Քոչարյանն է, ի՞նչ իմանամ կամ ո՞վ կիմանա՝ տերն ով է: Գյուղիս բնակիչները մեջքիս կանգնած են, մենք մեր հողերը ոչ մեկի չենք տալու»:
Համայնքապետն ասում է, որ չնայած «պետության կողմից անտեսված ենք, բայց դե Ս. Սարգսյանը խոստացել է ինձ ընդունել, որ գնացի, նախագահին ասելիք շա՜տ ունեմ»:  «Չնայած պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը բլոկադա է ստեղծել համայնքում, մյուս կողմից էլ սահմանն ենք պահում Նախիջեւանի հատվածում, ամեն դեպքում բնակիչները համայնքը չեն լքում, զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ: Վերջին 10 տարում գյուղից մարդ դուրս չի եկել, ընդհակառակը՝ շուրջ 60 մարդ վերադարձել է համայնք: Մի ընթացք գնացին, կոմբինատում աշխատեցին, ինչ էին տալիս` 100-120 հազար դրամ, իսկ մեզ մոտ սեզոնին 15 խոշոր եղջերավոր են հանձնում, 2-2,5 մլն դրամ փող են ստանում»,-նշում է գյուղապետը:
Թե ինչն է քաջարանցիներին այսպես ամուր կապում գյուղին, Աթայանը բացատրություն չգտավ, բայց փաստեց, որ համայնքում չկան նվազագույն պայմաններ քաղաքակիրթ ապրելակերպի համար: Չկան համայնքային բարվոք ճանապարհներ, գազամատակարարարում, գիշերային լուսավորություն, դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, մշակույթի տուն եւ այլն: Ըստ գյուղապետի, համայնքը հարուստ է միայն իր «մաքուր օդով  եւ ազնիվ մարդկանցով»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս