ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏՈՐՈՆՏՈՅՈՒՄ
Տորոնտոյում տեղի է ունեցել սարսափելի հանցագործություն: Ռեստորանում երեկույթի ժամանակ կրակ է բացվել մոտ 200 հոգու վրա: Գնդակոծության զոհ է դարձել մի դեռահաս աղջիկ եւ 20-ամյա երիտասարդ, վիրավորվել է 19 մարդ: Տուժածների թվում կան բազմաթիվ երեխաներ եւ պատանիներ: Այս մասին նշում է ոստիկանությունը: Կասկածյալներից մեկը կալանավորվել է: Մյուսներին փնտրում են ոստիկանության զինված աշխատակիցները:

ԱՄԵՆԱՄԵԾ ԿԱՏՈՒՆԵՐԸ
Աշխարհի ամենամեծ կատուները լիգրերն են: Դրանք առյուծի եւ վագրի ձագերն են: Նրանք բնության մեջ շատ քիչ են հանդիպում, քանի որ առյուծներն ապրում են հիմնականում Աֆրիկայում, իսկ վագրերը՝ Ասիայում: Լիգրերի քաշը 300 կգ է, երկարությունը՝ 4 մետր: Ամենամեծ լիգրը Հերկուլեսն է, որը 400 կգ է:

ՍԱՏԿԱԾ ՊԻՆԳՎԻՆՆԵՐ
Հարավային Ամերիկայում շարունակում են մեծ քանակությամբ պինգվիններ սատկել: Բրազիլիայում` օվկիանոսի ափին, հայտնաբերվել են 15.000 սատկած պինգվիններ: Պինգվինների մարմիններ էին գտնվել նաեւ Չիլիում, Պերուում եւ Արգենտինայում: Անասնաբույժները ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել կենդանիների ոչնչանալու պատճառը: Հետազոտությունների արդյունքներով` սատկելուց առաջ նրանք լիովին առողջ են եղել:

ՓՂՈՍԿՐ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ
Թաիլանդի սահմանապահ ծառայությունը մայրաքաղաքի՝ Բանգկոկի օդանավակայանում մոտ կես տոննա փղոսկր է առգրավել: Անօրինական կերպով Թաիլանդ մատակարարվող փղոսկրն օգտագործվում է ոսկերչական կամ էլ բուդդայական պաշտամունքի առարկաների պատրաստման համար: Այն վաճառվում է նաեւ Չինաստանում, որտեղ օգտագործվում է ավանդական բժշկության մեջ: Հիշեցնենք, որ վայրի կենդանիների եւ բույսերի միջազգային առեւտրի վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն՝ 1989-ից արգելվում է փղոսկրի վաճառքը:

ԲԱԽՎԵԼ Է ԲԵՌՆԱՏԱՐԻՆ
Թուրքիայի Աքսարայ քաղաքի մոտակայքում ավտոբուսը բախվել է բեռնատար ավտոմեքենայի, ինչի հետեւանքով վիրավորվել է 43 մարդ: Աքսարայ-Անկարա ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսը հետեւից հարվածել է բեռնատարին: 43 վիրավորների մեծ մասի վիճակը լավ է, եւ նրանք առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից, սակայն մի քանիսի առողջական վիճակը ծանր է: Վթարի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս