Մեր պատվիրակությունը ԵԽԽՎ-ում ինքնուրույն հարց չի լուծում. Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 28-ին ԵԽԽՎ նիստում Ռուսաստանի պատվիրակությունը դարձյալ զրկվել է ձայնի իրավունքից` մինչեւ 2015-ի ապրիլը: Այսուհետ Ռուսաստանը նաեւ չի կարող ներկայացված լինել կառույցի ղեկավար մարմիններում՝ Բյուրոյում, ինչպես նաեւ՝ Վեհաժողովի նախագահական ու մշտական հանձնաժողովներում: Որոշմանը կողմ են քվեարկել 148 պատվիրակ, դեմ՝ 64, ձեռնպահ՝ 6: Հայաստանի, Ադրբեջանի, Կիպրոսի եւ Սերբիայի պատվիրակներն ամբողջ կազմով դեմ են քվեարկել որոշմանը:

Նախօրեին ԵԽԽՎ-ն նաեւ ընդունել էր բանաձեւ, որով դատապարտվել էր Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին: Այս անգամ ՀՀ-ի ԵԽԽՎ պատվիրակությունը որոշմանը ձեռնպահ էր քվեարկել: Երեկ ողջ օրվա ընթացքում անընդհատ հակասական տեղեկություններ էին տարածվում հայկական պատվիրակության քվեարկությունների հետ կապված: Մասնավորապես՝ ի սկզբանե նշվեց, թե հայկական պատվիրակությունը «ձեռնպահ» է քվեարկել ՌԴ-ին ձայնի իրավունքից զրկելուն, սակայն օրվա երկրորդ կեսին այդ տեղեկությունները հերքվեցին:

Նշենք, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներից քվեարկությանը մասնակցել են ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Մինչ քվեարկությունը ԵԽԽՎ պատվիրակները Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ վարած քաղաքականության վերաբերյալ խիստ ելույթներ են ունեցել: Անգլիայի պատվիրակ Ռոբերտ Վոլտերն իր ելույթում կոչ է արել «կողմ» քվեարկել ՌԴ պատվիրակության դեմ պատժամիջոցները շարունակելու մասին բանաձեւին:

Ռոբերտ Վոլտերը մասնավորապես նշել է.«Ինչո՞ւ հիմա պետք է վերականգնենք ՌԴ պատվիրակության իրավունքները. Ռուսաստանը դեռ շարունակում է ոտնահարել ԵԽԽՎ հիմնարար սկզբունքները: Վերջին ամիսներին կատարվածը ցույց է տալիս, որ Ռուսաստանն իր քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն չի կատարել»:

ՌԴ-ի ձայնի իրավունքը չվերականգնելու որոշումից հետո Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստվում է մինչեւ տարեվերջ լքել ԵԽԽՎ-ն:

Երեկ ուկրաինական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ ԵԽԽՎ-ի աշխատասենյակներից հեռանալիս ռուսական պատվիրակությունն իր հետ տարել է այն ամենը, ինչ կարող էր:

Բնապահպանական պետական տեսչության մամլո քարտուղար Իգոր Տիխոլազը Joinfo.ua-ին փոխանցել է, որ «Նրանք (ՌԴ պատվիրակության անդամները, Ս. Գ.) սկանդալով են լքել իրենց աշխատանքային կաբինետները՝ աղմուկով շրխկացնելով դռները: Սակայն մինչ այդ՝ տակն ու վրա մաքրել են դրանք, հավաքել են գրասենյակային պիտույքները (գրիչներ, մատիտներ, A-4 թղթեր, կարիչներ, (ստեպլեր), պրոֆայլեր), ինչ-որ տեղ հանել են լամպերը եւ նույնիսկ զուգարաններից թղթերն ու օճառներն են տարել»:

Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանին:

-Պարո՛ն Կարապետյան, ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը «դեմ» է քվեարկել Ռուսաստանի պատվիրակությանը մինչեւ 2015-ի ապրիլը ձայնի իրավունքից զրկելու որոշմանը, իսկ, ահա, Ղրիմի բռնակցման հետ կապված բանաձեւին ՀՀ պատվիրակները «ձեռնպահ» են քվեարկել, որքանո՞վ եք հայկական կողմի նման դիրքորոշումը ճիշտ համարում:

-Այն, որ դեմ են քվեարկել, դա հասկանալի է, քանի որ Հայաստանն ամեն ձեւով Ռուսաստանի հետ նույն գծի վրա է, այսինքն՝ պարզ է, որ պետք է դեմ քվեարկեին: Իսկ ինչ մնում է Ղրիմի հարցում ձեռնպահ մնալուն, ապա ասեմ, որ դատելով նրանից, որ Ռուսաստանի` ԵԽԽՎ-ից դուրս գալու հարց է դրվում, ես, անկեղծ ասած, կա՛մ քվեարկությանը չէի մասնակցի, կա՛մ ձեռնպահ կմնայի: Բայց մի բան հստակ է, եթե մարդիկ վախենում են սուգ հայտարարել իրենց երկրում կամ ինչ-որ հարց բարձրացնել ԵԽԽՎ-ում, ինչպե՞ս պետք է իրենց պահեն, հենց այդպես էլ պետք է պահեին՝ անհասկանալի: Սերժ Սարգսյանն է վախենում հարց բարձրացնելուց, ուր մնաց թե պատվիրակությունը ինքնագլուխ հարց լուծեր:

-Բայց կարծես թե Ռուսաստանն առանձնապես ծանր չի տանում ԵԽԽՎ-ի որոշումը եւ դա մեծ կորուստ չի համարում: Արդյո՞ք իրականում դա այդպես է, թե՞ պարզապես այդպես է ներկայացվում:

-ՌԴ-ի համար հիմա ամեն ինչ միեւնույնն է, որովհետեւ վիճակն այնքան է խորացել, որ արդեն Ուկրաինայի հետ փաստացի պատերազմ է: Այդ պարագայում, ինչպես ասում են, եթե հրանոթները կրակում են, պոետները լռում են: Հարցը հիմա սրա մեջ է: Ի միջայլոց, շատ հարցեր են իրենց համար միեւնույնը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս