Օրերս Արցախի ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» կոմիտեից հայտարարություն տարածվեց, որում նշված էր, որ կոմիտեի անդամները լքել են ՀՅԴ-ի շարքերը ու միացել «Հիմնադիր խորհրդարանին»:
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ են Արցախի ՀՅԴ-ականները դժգոհ դաշնակցության վարած քաղաքականությունից:
-Պարո՛ն Սարգսյան, Արցախի ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» կոմիտեի անդամները լքել են կուսակցության շարքերը, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են ՀՅԴ-ականները դժգոհ:
-Հեռացողների, հրապարակված մարդկանց մի մասը կյանքում ընդհանրապես դաշնակցականներ չեն եղել, հեռացողներից մեկը հեռացել է իր ընտանիքի անդամների հետ, մի մասն էլ վաղուց հեռացված են դաշնակցությունից, իսկ երրորդ մասն էլ դաշնակցության ժողովներին վաղուց չէր գալիս, իրենք մեր ցանկերի մեջ չէին ներառված:
Մենք դեռեւս չենք ցանկանում փակագծերը բացել, թե ովքեր են իրենց թիկունքում կանգնած, ու ժամանակի ընթացքում ինչեր են արել, որի պատճառով իրենք հայտնվել են լուսանցքից դուրս: Բայց եթե պետք լինի, հետագայում կբացենք փակագծերը: Այսինքն՝ դա հերյուրանք է ու սուտ է լրիվ:
Հետաքրքիրն այն է, որ իշխանափոխության են ուզում գնալ, բայց դաշնակցության դեմ են ուղղում սրերը, այդ դեպքում պարզ է դառնում, թե ովքեր են հետեւի կանգնած ուժերը ու ինչու են ընտրել դաշնակցությունը: Դա այնքան պարզ է, որ անգամ անիմաստ է խոսելը:
-Եթե իրենք վաղուց ՀՅԴ-ի հետ որեւէ կապ չունեն այդ դեպքում ինչո՞ւ են նման հայտարարություններով հանդես գալիս:
-Կարծում եմ՝ կենտրոնական կոմիտեն չի էլ պատրաստվում խոսել, պարզել, թե ինչու են նման հայտարարություն տարածել, ուղղակի կլինի մեր համապատասխան արձագանքը: Հետեւյալն է խնդիրը՝ կա Բյուրո, որն անընդհատ փոխվում է, եւ այս Բյուրոն, որը ընտրվել է, դա համագումարի եւ ընդհանուր ժողովի որոշումն է: Ու Բյուրոն, որ ընտրվում է, ՀՅԴ-ի ծրագրով է շարժվում, անկախ նրանից՝ ով է, ինչ է:
Այնտեղ կան համագումարում ընդունված որոշումներ, բանաձեւեր, որ Բյուրոն պարտավոր է կատարել: Ու, ի տարբերություն մնացած կուսակցությունների, մեր բոլոր ժողովներում լինում են տարբեր հարցերի հետ կապված լուրջ քննարկումներ, տարբեր կարծիքներ, բայց որոշման ընդունումից հետո բոլորը ենթարկվում են այդ որոշմանը: Ես կարծում եմ, որ նրանց թիկունքում կան ուժեր, որոնց նպատակը դաշնակցությանը մրոտելն է:
–Իսկ ովքե՞ր են այդ ուժերը:
-Տարբեր ուժեր են, ժամանակը կգա, կբացահայտվի: Անկեղծ ասեմ՝ իրենց՝ դաշնակցության մեջ մնալով՝ ՀՅԴ-ն ոչինչ չի շահում, դուրս գալով՝ շահում է: Ուղղակի իրենք չեն եղել, որ հիմա էլ դուրս են գալիս:
-Իսկ ինչո՞վ եք պայմանավորում այն հանգամանքը, որ ՀՅԴ-ի շարքերը լքածները միանում են Ժիրայր Սէֆիլյանի ղեկավարած կառույցին:
-Իմ կարծիքով երկու տարբերակ կա՝ մեկը նրա համար, որ պատերազմի ժամանակ մի մասը իր հետ է եղել, ընկերություն կա, ու այսօր էլ դաշնակցությունից դուրս է, մյուսն էլ այն է, որ վաղուց հեռացված տղաներ կան, որոնք պարզապես պետք է երեւան:
Բայց դրանք շատ կարճ քաղաքական կյանք ունեն: Ես չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ լուրջ գաղափարական բան կա, դա զուտ անձնական է, քանի որ ժամանակին միասին են կռվել, միասին են եղել, Ժ. Սէֆիլյանը պատերազմի ժամանակ իր ներդրումն է ունեցել, որը որեւէ մեկը չի ժխտում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ