Հայ հեղափոխական դաշնակցության շարքերում վերջին շրջանում սկսված պառակտումը շարունակում է նոր դրսեւորումներ ստանալ: Օրեր առաջ ՀՅԴ-ից դուրս գալու մասին հայտարարություն էին տարածել դաշնակցության Արցախի կառույցի տասը անդամներ: Նրանք իրենց քայլը պատճառաբանել են հետեւյալ կերպ. «Կիսելով ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամների հայտարարության մեջ բերած փաստարկները՝ մենք եւս մեկ անգամ խորը հիասթափություն ապրեցինք՝ տեղեկանալով ՀՅԴ վերջին ընդհանուր ժողովի կողմից ընտրված Բյուրոյի կազմից»: Հայտարարության տակ ստորագրել են ՀՅԴ Արցախի «Արթուր Մկրտչյան» եւ «Դիզակ» կոմիտեների հինգական անդամներ:
Ինչպես հայտնի է՝ հունվարի 24-ին թվով 24 դաշնակցականներ ՀՅԴ-ից դուրս գալու հայտարարություն էին տարածել: Վերջիններս ներկայացել էին որպես ՀՅԴ Լոռու մարզի Սպիտակի կոմիտեի եւ կոմիտեության անդամներ: Իսկ իրենց քայլը պատճառաբանել էին այն պնդմամբ, որ «Հայ հեղափոխական դաշնակցությունն ամբողջությամբ շեղվել է իր առաքելությունից եւ վերածվել ապազգային ու անգործունակ կառույցի»:
Իհարկե, դաշնակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ կուսակցությունից հեռանալու մասին հայտարարողները վաղուց են ՀՅԴ շարքերը լքել եւ ներկայումս իրենց հետ կապ չունեն: Բայց ինքնին խնդիրը դրանով չի դադարում գոյություն ունենալ:
ՀՅԴ-ի շարքերում առկա հակասությունների մասին դեռեւս վաղուց էր հայտնի, եւ մամուլը բազմիցս անդրադարձել է խնդրին: Սակայն, եթե նախկինում դաշնակցականներն իրենց կուսակցական ղեկավարությունից բողոքում էին ոչ հրապարակային եւ հիմնականում ներքին խոսակցությունների մակարդակով, ապա այժմ բոլոր դժգոհություններն այլեւս դարձել են հրապարակային:
ՀՅԴ-ն սովորաբար համարվում է փակ կառույց, եւ այս կուսակցությունում ընդունված չէ «կեղտոտ սպիտակեղենն» ի ցույց դնել: Բայց դժգոհողները նախկինում հույս են ունեցել, որ իրենց կհաջողվի ՀՅԴ-ի 32-րդ ընդհանուր ժողովում իրենց ձայնը լսելի դարձնել եւ հասնել այն բանին, որ կուսակցության ղեկավար մարմնի` Բյուրոյի կազմը փոխվի եւ նախկին ղեկավարությունը` Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ, փոխվի: Սակայն ՀՅԴ-ի ընդհանուր ժողովն ավարտվեց, եւ Հրանտ Մարգարյանն ու նրա կողմնակիցները կրկին Բյուրոյում մեծամասնություն կազմեցին: Արդյունքում՝ Հրանտ Մարգարյանը կրկին դարձավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, կամ այլ կերպ ասած՝ ՀՅԴ նախագահ: Շարքային դաշնակցականները Հրանտ Մարգարյանին մեղադրում են իշխանությունների հետ գաղտնի համագործակցելու մեջ:
Այն, որ ՀՅԴ-ն կարող է կոալիցիա կազմել իշխող ՀՀԿ-ի հետ, քաղաքական շրջանակներում վաղուց է քննարկվում: Սակայն նոր կոալիցիայի մասին այդպես էլ պաշտոնապես չի հայտարարվում: Դաշնակցականների շրջանում առկա հակասությունների հրապարակայնացվելուց հետո այլեւս հասկանալի է դառնում, թե նոր կոալիցիայի կազմելն ինչու է անընդհատ ձգձգվում: ՀՅԴ-ի շարքերում հետագա պառակտում թույլ չտալու համար ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, թերեւս, կշարունակեն ներքին կարգով համագործակցել` ոչ պաշտոնապես:
Ի դեպ, վերջին անգամ դաշնակցության շարքերում համանման հակասություններ եղել էին 2008-ի գարնանը: Այն ժամանակ դաշնակցականները բողոքում էին, քանի որ Մարտի 1-ի դեպքերից եւ տասը քաղաքացիների սպանությունից հետո իրենց կուսակցության ղեկավարությունը համաձայնել էր Սերժ Սարգսյանի հետ կոալիցիա կազմել: Այդ դժգոհությունների արդյունքում կազմալուծվեցին ՀՅԴ-ի՝ Արագածոտնի մարզի Կոշ եւ Ուջան կառույցները:
Ի դեպ, այդ կառույցները Արագածոտնի մարզում ամենախոշորներից էին: Ավելին՝ մինչ այդ ընդունված էր, որ Արագածոտնում ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը հենց դաշնակցությունն է: Սակայն Կոշի եւ Ուջանի կառույցների լուծարվելուց հետո ՀՅԴ-ն ալեւս դադարեց այդ մարզում ազդեցիկ դերակատարություն ունենալ: 2008-ի հակասությունների արդյունքը եղավ այն, որ 2012-ի ԱԺ ընտրություններում ՀՅԴ-ն մի կերպ կարողացավ հաղթահարել անցողիկ հինգ տոկոսի շեմը:
Վերջին իրադարձությունների ֆոնին ակնհայտ է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի վիճակն առավել քան բարդ է լինելու, եւ եթե իշխանությունները այս կուսակցությանը «տիրություն» չանեն, ապա ՀՅԴ-ն չի կարողանա անգամ հաղթահարել խորհրդարանում ներկայացված լինելու համար անհրաժեշտ հինգ տոկոս նվազագույն շեմը:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ