Ոսկեպարում և Բաղանիսում դասերը չեն կայացել կրակոցների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար, Բաղանիս գյուղերի սահմանագոտում գրանցված ադրբեջանական դիվերսիայի պատճառով հունվարի 29-ին Բաղանիսի միջնակարգ դպրոցում դասեր չեն կայացել: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հայտնեց, որ այդ գիշեր ադրբեջանական զինուժը կրակել է նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի վրա:

Բարեբախտաբար Բաղանիսի վրա արձակված գնդակները գյուղին էական վնաս չեն հասցրել: Նույն պատճառով դասեր չեն կայացել նաեւ սահմանամերձ Ոսկեպարի միջնակարգ դպրոցում: Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանից տեղեկացանք, որ հունվարի 29-ին գյուղի դպրոցականների մի մասն է դպրոց գնացել, սակայն պարապմունքներ չեն կայացել:

Մի խումբ ծնողներ գյուղապետարան գնալով՝ բողոքել են դպրոցի տնօրինությունից այն բանի համար, որ վերջինս կանխավ չի տեղեկացրել դասեր չանցկացնելու մասին: Նրանց խոսքով՝ դպրոցի ղեկավարությունը պարտավոր էր առավոտյան Ոսկեպարում այդ մասին հայտարարել, որպեսզի երեխաներն իրենց կյանքը վտանգելով՝ ադրբեջանական գնդակոծության համար թիրախ դառնալով՝ չհասնեին գյուղի ծայրին գտնվող դպրոց եւ տուն վերադառնային:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս