Հայաստանի քաղաքացի, Գյումրիում ծնված եւ ապրած ազգությամբ եզդի Մայա Բաքոյանի մահը մամուլում մեծ արձագանք գտավ: Երկրորդ անգամ ամուսնանալով ազգությամբ թուրք Գյումուշթեքի հետ՝ Մայան ունեցավ երկու երեխա, ինչից հետո Թուրքիայում կնոջը սպանեց նրա թուրք տագրը:
Առաջին ամուսնությունից ծնված 24-ամյա որդին՝ Մաքսիմը, վերադառնալով Գերմանիայից՝ մոր վրեժը լուծեց` խորթ հորն սպանելով: Մաքսիմը ձերբակալված է, եւ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթանում է գործի քննությունը:
Մի կողմ թողնելով այս պատմության իրավական կողմը՝ անդրադառնանք 10-ամյա Սոնային եւ 8-ամյա Սալիին, որոնց խնամքի հարցը ծնողների մահից հետո երկար ժամանակ շարունակում էր վիճահարույց մնալ:
Նշենք, որ Գյումրիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ստեղծվեց խնամակալության հանձնաժողով, որն իր հովանու տակ վերցրեց որբացած երեխաներին: Իսկ մինչ այդ լուրեր տարածվեցին, թե անչափահասներին իր հետ Թբիլիսի է տարել կամ ավելի շուտ՝ առեւանգել մորաքույրը՝ Բասեն Շառոյանը՝ Գյումրիում առավել հայտնի տիկին Էմման:
Զրուցելով խնամակալության հանձնաժողովի նախագահի՝ Աշոտ Գրիգորյանի հետ՝ տեղեկացանք, որ ըստ օրենքի՝ հանձնաժողովի անդամներն առնվազն տարին երկու անգամ երեխաներին այցելելու իրավունք ունեն: Վերջին այցելությունը ամիսներ առաջ էր, որի ընթացքում պարզվեց, որ երեխաները գտնվում են ապահով ձեռքերում: Այժմ նրանք ապրում են Թբիլիսիի Հավլաբար թաղամասում՝ մորաքրոջ որդու՝ Թեմուլի տանը: Հանձնաժողովի նախագահը նշեց նաեւ, որ այցելությունները մշտական բնույթ են կրելու: Ա. Գրիգորյանը պարզաբանեց, որ խնամակալության հանձնաժողովի միջամտությամբ եւ դատարանի որոշմամբ, հաշվի առնելով երկու կողմերի ընտանեկան կեցությունը, երեխաների խնամակալությունը բաժին է հասել մայրական կողմին:
Մեզ հետ զրույցում Թեմուլն ասաց, որ երեխաներին չի պատրաստվում որեւէ մեկին տալ, անգամ՝ հայրական կողմին: «Ես երեք երեխա ունեմ, նրանց երկուսին էլ ավելացրել եմ, ու դարձել են հինգը»,-ասաց նա:
Ի դեպ, Մաքսիմի՝ փետրվարի 10-ին կայանալիք դատական նիստին մասնակցելու նպատակով Հայաստան է եկել մորաքույրը՝ Բասենը կամ նույն ինքը՝ տիկին Էմման: Վերջինիս հետ են Սոնան եւ Սալին, որոնց հետ մեզ հաջողվեց հանդիպել:
Տիկին Էմման հայտարարեց, որ ինքը երեխաներին չի առեւանգել, նրանց հետ է Գյումրի վերադարձել, որպեսզի փարատի շրջանառվող բոլոր կասկածները «Երեխաներին հայրական կողմին չենք հանձնի, մանավանդ, որ նրանք առանձնակի ցանկություն էլ չունեն երեխաներին վերցնելու, մենք նրանց կպահենք այնքան, մինչեւ Մաքսիմս ազատվի, եղբոր ու քրոջ խնամակալությունը ինքը հանձ առնի»,-ավելացրեց նա: Ապա խնդրեց գյումրեցիներին կանգնել Մաքսիմի կողքին, լինել նրա հետ թե՛ մինչեւ դատավճիռը, թե՛ դատավճռից հետո:
Սոնան ասաց, որ սիրում է Գյումրին, կուզեր այստեղ դպրոց հաճախել, վարժ տիրապետում է հայերենին, թուրքերենին, եզդիերենին եւ արդեն նաեւ` վրացերենին: Եղբայրը՝ Սալին, տեղափոխությունների պատճառով դեռ դպրոց չի հաճախում, սակայն մորաքույրը խոստացավ, որ հարցն այս տարի կլուծեն:
Արևիկ Հակոբյան
Գյումրի