Թունաքիմիկատները 40 տոկոսով կթանկանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը, Հայաստանում բոլոր տեսակի պարարտանյութերի եւ թունաքիմիկատների ներկրումն ու վաճառքը ազատված էին թե՛ մաքսատուրքերից, թե՛ ավելացված արժեքի հարկից: Դա արված էր գյուղատնտեսությանն աջակցելու նպատակով, որպեսզի գյուղացին կարողանար էժան գնով ձեռք բերել իրեն անհրաժեշտ թունաքիմիկատներն ու պարարտանյութերը: Սակայն հիմա` մաքսային նոր օրենսդրության կիրառման արդյունքում, գյուղացիները մեծապես տուժելու են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում թունաքիմիկատների վաճառքով զբաղվող տնտեսվարողները նշեցին, որ սա «աղետ» է լինելու գյուղատնտեսության համար:

Ենթադրվում էր, որ ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում ոչինչ չի փոխվելու, եւ նշված ապրանքները ներառված են լինելու այն 750 ապրանքների ցանկում, որոնց համար գործելու են արտոնություններ: Սակայն պարզվեց, որ թունաքիմիկատների մի փոքր մասն է միայն ներառվել արտոնյալ ապրանքների ցանկում, իսկ մյուս մասը պետք է հարկվի մաքսատուրքով, հիմանականում 5 կամ 6 տոկոս, ինչն էլ անխուսափելիորեն կհանգեցնի զգալի գնաճի:

«Թունաքիմիկատներ ներմուծողները պատրաստ էին աշխատել նաեւ այդ տարբերակով, եւ լուրջ գնաճ կարծես թե չէր սպասվում: Սակայն հանկարծ պարզվում է, որ մեր օրենսդրությամբ ավելացված արժեքից, ազատման արտոնությունից կարող են օգտվել միայն զրոյական մաքսատուրք ունեցող ապրանքները: Այսինքն՝ եթե ինչ որ մի ապրանք ունի 5 տոկոս մաքսատուրք, այդ ապրանքը ներկրողը պետք է վճարի նաեւ 20 տոկոս ավելացված արժեքի հարկ: Ընդ որում, ԱԱՀ է գործում նաեւ մաքսատուրքի 5 տոկոսի վրա, որը դառնում է 6 տոկոս: Այսինքն՝ թունաքիմիկատների գերակշիռ մեծամասնությունը պետք է հարկվի 26 տոկոսով: Իմ կարծիքով՝ դա բերելու է 30-40 տոկոս գնաճի, ինչն ուղղակի աղետ է գյուղատնտեսության համար»,- «Ժողովուրդ»-ին իրավիճակը ներկայացրեց Ալիկ Ավետիսյանը, ով երկար ժամանակ զբաղվում է թունաքիմիկատների վաճառքով:

Նրա խոսքով՝ սա վերաբերում է նաեւ սերմացուների եւ պարարտանյութերի մի մասին, որոնք օգտագործվում են ջերմոցային տնտեսություններում: Բացի այս, այդ 750 անուն ապրանքների ցանկում ներառված են այն թունաքիմիկատները, որոնք գյուղացին միշտ է օգտագործում: Օրինակ՝ կալցիումի նիտրատ, կալիումի նիտրատ, մոլախոտների դեմ օգտագործվող, սնկասպան եւ միջատասպան թունաքիմիկատների մեծ մասը:
Թունաքիմիկատների վաճառքով զբաղվող տնտեսվարողները մտահոգված են նաեւ այն բանից, որ Ռուսաստանի Դաշնությունում արտադրվող թունաքիմիկատներն ավելի թանկ են: «Անգամ, եթե ներկրվի եւ չվճարվի նախատեսված 26 տոկոս հարկը, միեւնույն է՝ այնքան բարձր գներ են այնտեղ, որ նույնիսկ այդ պարագայում շատ թանկ է ստացվելու»,- լրացրեց Ա.Ավետիսյանը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում ագրոքիմիկատներ վաճառելու համար տնտեսվարողն անպայման պետք է ունենա գյուղատնտեսության նախարարության տրամադրած հատուկ լիցենզիա, որի համար նա պարտադիր վճարում է պետտուրք:
«Նատալի Ֆարմ» ընկերությունն ագրոքիմիկատ վաճառելու արտոնագիր ունի, եւ արդեն մի քանի տարի է, ինչ այդ շուկայում է:

Թունաքիմիկատների գների թանկացման հարցով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Նատալի Ֆարմ»-ի թունաքիմիկատների վաճառքի գծով պատասխանատու Սուրեն Ասատրյանի հետ. «Մեր ընկերությունն էլ է մտահոգված այս խնդրով: Թանկանալու են թունաքիմիկատների մեծ մասը, գրեթե 80 տոկոսը: Հիմա, երբ սկսվի գյուղմթերքի մշակման շրջանը, թանկացման մասով գյուղացիների արձագանքն ակնհայտ կլինի: Բացի այդ` նախորդ տարվա սեպտեմբերին դոլարի փոխարժեքը կազմում էր մոտ 420 դրամ, իսկ հիմա այն հասնում է 480 դրամի»:

Սուրեն Ասատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում համոզված նշեց, որ այս ամենը կազդի վաճառքի ծավալների վրա: «Ենթադրենք գյուղացին իր սածիլը պետք է բուժի, որի համար նախատեսված է 10 բուժում, բայց գումարի պատճառով ի վիճակի չլինելով դա անել՝ նա ստիպված 5 բուժում կանի: Տուժե՞ց: Իհարկե, տուժեց»,- մտահոգվեց Ասատրյանը:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, որտեղից պատասխանեցին հետեւյալը. «ՀՀ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ պայմանագրի N4 հավելվածով արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխանող ապրանքատեսակների (թունաքիմիկատների) համար, որոնց ներմուծման ծավալները երրորդ երկրներից եղել են առավել մեծ, անցումային ժամանակահատվածում սահմանված է ԵՏՄ միասնական մաքսային դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքեր՝ մինչեւ 2018թ. ներառյալ 0-ական, 2019թ. 2 տոկոս, որից հետո պետք է գործեն ԵՏՄ միասնական սակագներ: Ընդ որում, ԵՏՄ միասնական սակագները թունաքիմիկատների համար սահմանված են 4 կամ 5 տոկոս»:

Թեեւ այս շրջանում թունաքիմիկատների խանութների մեծ մասը դեռ շարունակում է փակ մնալ, սակայն գարնան սկզբից դրանք ստիպված են լինելու գյուղացիներին կանգնեցնել տհաճ անակնկալի առաջ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս