Հուլիսի 23-ին Լոռու մարզից հայտնել են, որ ժամը 17.10-ին սննդային թունավորման նշաններով (նախնական տվյալներով` սնկից) Վանաձորի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել Վանաձորի Լենինգրադյան փողոցի թիվ 5/2/2/9ա տնակի բնակիչներ` 1947 թ, ծնված Լուիզա Հակոբյանը և 1996 թ. ծնված Հարություն Վաղոյանը, “Նարեկ” մանկական հիվանդանոց է տեղափոխվել Վանաձորի Լենինգրադյան փողոցի թիվ 5/2/4/12 տնակի բնակիչ, 2002 թ. ծնված Արկադի Կարապետյանը: Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը ծանր է:
Նույն օրը, ժամը 22.30-ին սննդային թունավորման նշաններով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Թևոսյան 2 փողոցի թիվ 4 տնակի բնակիչներ` 1952 թ. ծնված Թոֆիկ Քանարյանը և 1958 թ. ծնված Ամալյա Քանարյանը: Բժիշկների գնահատմամբ՝ տուժածների առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:
Հուլիսի 24-ին, ժամը 01.30-ին սննդային թունավորման նշաններով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել քաղաքի Լանջային 2 տան բնակիչ` 1995 թ. ծնված Անդրանիկ Առաքելյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
Սնկերի թունավորումից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է չհավաքել, չգնել ու սննդում չօգտագործել չստուգված սնկեր, սունկը գնել միայն շուկայից եւ խանութից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում, երեխաներին եւ հղի կանանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ, թունավորման ախտանշաններ ի հայտ գալուն պես շտապ դիմել բժշկի:
Իսկ սնկերից թունավորման նախնական ախտանշաններն են սրտխառնոց, փսխումներ, գլխապտույտ, գլխացավ, ցավեր որովային շրջանում, փորլուծություն: