ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ ԱՅՍՕՐ ԴԱՐՁԱՎ 23 ՏԱՐԵԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

23 տարի առաջ այս օրը պաշտոնապես հիմնադրվեց Հայոց բանակը: Զինված ուժերը պետության անկախության եւ ինքնիշխանության հիմնական երաշխավորն են: Անցած գրեթե երկուսուկես տասնամյակի ընթացքում Հայաստանի զինված ուժերն իսկապես ունեցել են լրջագույն ձեռքբերումներ, ցավոք սրտի նաեւ` կորուստներ: Հայոց բանակը այն եզակի կառույցն է, որի վերաբերյալ լավ տեղեկությունը ուրախացնում է հայ հանրությանը, իսկ կորուստների համար ցավում են բոլորը: «Ժողովուրդ»-ը շնորհավորում է Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ պետության կարեւորագուն կառույցի՝ Զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեր զինվորներին մաղթում ենք խաղաղ ծառայություն, արիություն, ուժ ու կորով:

Հ.Գ. «Ժողովուրդ»-ը երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից փորձել է պարզել՝ կարո՞ղ է արդյոք նախարարը մտաբերել քաղաքացիական բարձր պաշտոն զբաղեցնող որեւէ անձի կամ պատգամավորի, որի որդին ժամկետային զինվորական ծառայություն է անցնում այս օրերին եւ պաշտպանում է մեր սահմանները: Նախարար Օհանյանը դժվարացավ որեւէ մեկին մտաբերել: Նշանակում է, որ պաշտոնյաների որդիները պարզապես բանակ չեն գնում, ընդ որում, տարբեր պատճառներով:

 

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանը տարեսկզբից նախաձեռնել է հասարակական տրանսպորտի «ուղեվարձի թանկացման օպերացիա»: Իրենց նպատակին հասնելու համար Երեւանի քաղաքապետարանը նախ նախաձեռնել է տրանսպորտի գործունեությունը կազմալուծելու գործընթացը, ինչի համար ուղեւորահոսքի նվազման պատճառաբանությամբ մի շարք երթուղիների գործունեությունը դադարեցվել է: Իսկ որպես երկրորդ քայլ, ըստ այդ տեղեկությունների, քաղաքապետարանը նախատեսում է մայրաքաղաքի տրանսպորտի կառավարումը հանձնել մասնավոր օպերատորի: Այսպիսով քաղաքապետարանը փորձելու է ստեղծել մի համակարգ, որտեղ հնարավոր կլինի ուղեվարձի բարձրացման առաջարկը քողարկել եւ ներկայացնել իբրեւ «միջազգային օպերատորի» կողմից արված անհրաժեշտ քայլ: Իհարկե, նոր տարբերակը որեւէ կերպ չի սպառնա հասարակական տրասպորտի հաշվին պաշտոնյաների գրպանները հոսող գումարներին, քանի որ ամեն ինչ արվելու է՝ նրանց հարստանալու գործընթացն աննկատ եւ անխափան շարունակելու համար:

 

 

 

 
Ինչպես հայտնի է՝ Սերժ Սարգսյանը աշխարհի մոտ հարյուր երկրների ղեկավարների հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու այս տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Իսկ Թուրքիան էլ որոշել է ապրիլի 24-ին նշել Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակը, որն իրականում սկսվել է 1915 մարտից եւ ավարտվել դեկտեմբերին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ իր հերթին է 22 պետությունների նախագահներին հրավիրել ապրիլի 24-ին մասնակցելու այդ նպատակով կազմակերպվելիք միջոցառմանը: «Ժողովուրդ»-ը Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն ուղարկած հարցմամբ փորձեց պարզել, թե արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդունել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը եւ կմասնակցի Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին: «Նախագահ Օբամայի ապրիլյան ճամփորդական ծրագրերի մասին Սպիտակ տունը որեւէ հայտարարություն չի արել»,- ահա, այսպիսի պատասխան է տվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը «Ժողովուրդ»-ի ուղղած հարցին:

 

 

 
ՀՀ Ազգային ժողովում այս օրերին կռիվ է «ընկել»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորները եւ աշխատակազմի ներկայացուցիչները խորհրդարանի ղեկավարությանը զեկուցագրեր են ներկայացնում եւ բենզին պահանջում: Բանն այն է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին անդամ, Գերմանիայում ՀՀ դեսպան, վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանի` հունվարի 2-ին տեղի ունեցած հոգեհանգստին մասնակցելու համար պատգամավորները հանրապետության տարբեր ծայրերից են վերադարձել Երեւան ու բենզին «ծախսել»: Արդյունքում նրանցից ոմանք այժմ այդ բենզինը պահանջում են խորհրդարանից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ բենզին պահանջողներից մեկը եղել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Գագիկ Մխեյանը: Սակայն Մխեյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կտրականապես հերքեց նման լուրերը: «Ես ո՛չ բենզին ստացել եմ, ո՛չ նման բան կա, դա հերյուրանք է»,- վստահեցրեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

 

 

 

 
ՏԱՐԱՆՋԱՏԵՑԻՆ

Երեկ Կրակովում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որի շեշտադրումները նկատելիորեն տարբերվում են մինչ այս արված նրանց բոլոր հայտարարություններից: Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) եւ Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) տարածած համատեղ հայտարարությունում, մասնավորապես, ասված է. «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանին բոլոր միջոցները ձեռնարկել՝ լարվածությունը մեղմացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է պահպանեն հրադադարի համաձայնագիրը։ Բռնությունները նվազեցնում են խաղաղության հասնելու ջանքերը»: Առնվազն վերջին տարիների կտրվածքով դժվար է հիշել որեւէ դեպք, երբ միջազգային որեւէ կազմակերպություն, առավել եւս` միջնորդական առաքելություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խումբը տարբերակված ձեւակերպումներով դիմեր Հայաստանին եւ Ադրբեջանին: Որպես կանոն՝ անգամ ադրբեջանական ամենալկտի սադրանքներից հետո մենք պարբերաբար լսում էինք «կողմերին» ուղղված կոչեր: Մինչդեռ այս դեպքում թեեւ միջնորդները նաեւ Հայաստանին են դիմում լարվածության մեղմացմանն ուղղված ջանքեր գործադրելու կոչով, այդուամենայնիվ, հստակ արձանագրում են, որ Ադրբեջանն է իր ստանձնած հանձնառությունները խախտող կողմը:
Սա, բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների գնահատականն է Ադրբեջանի կողմից վերջին օրերին սանձազերծված, ըստ էության, սողացող պատերազմին, եւ նաեւ` դրան ի պատասխան՝ հայկական կողմից ՀՀ ՊՆ նախարարի եւ նախագահի մակարդակով արված զգուշացումներին, որ այսպես շարունակվելու դեպքում հայկական կողմը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել եւ իրեն իրավունք է վերապահում կանխարգելիչ հարվածներ հասցնել: Եվ այս իմաստով հայկական կողմի կոշտ արձագանքը, թեեւ փոքր-ինչ ուշացած, սակայն միանգամայն տեղին էր:
Երեկվա հայտարարությունում ուշագրավ է նաեւ հետեւյալ ձեւակերպումը. «Մենք նախարարին (Մամեդյարովին. «Ժ») հիշեցրինք մեր մանդատի մասին եւ մտահոգություն հայտնեցինք բանակցությունների գործընթացի, Մինսկի խմբի համանախագահների դերի եւ ԵԱՀԿ-ի դիտորդների պարտականությունների վերաբերյալ հնչեցված քննադատությունների առնչությամբ»: Սա արդեն ադրբեջանական կողմին ուղղված հստակ զգուշացում է` չփորձել գործող ձեւաչափի փոփոխման ուղղությամբ բանակցություններ սկսել, քանի որ նրան դա որեւէ մեկը թույլ չի տալու:
Եթե համանախագահների երեկվա համատեղ հայտարարությունը նույնական է Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների անհատական մոտեցումների հետ, ապա առաջիկա օրերին պետք է սպասել սահմանային լարվածության թուլացման տեսանելի միտումների:




Լրահոս