Երեւանի քաղաքապետարանի ղեկավարությունը, տեսնելով, որ չի կարողանում հանրությանը պարտադրել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձի բարձրացում, որոշել է ոլորտը կազմալուծելով, տրանսպորտի արհեստական դեֆիցիտ առաջացնելով՝ մարդկանց ստիպել, որ համակերպվեն հնարավոր թանկացման հետ:
Շաբաթվա սկզբին Երեւանի քաղաքապետարանը ավետեց թիվ 11, 15, 31, 51, 40, 30 ավտոբուսային երթուղիների գործունեությունը դադարեցնելու մասին: Պաշտոնապես այս քայլը ներկայացվում է իբրեւ հասարակական տրանսպորտի որոշակի ուղեգծերում նկատվող ուղեւորահոսքի նվազումով պայմանավորված՝ երթուղիների ուղեգծերի վերանայում եւ շտկում: Իրականում, սակայն, սա երեւանցիների դեմ ուղղված «ահաբեկչություն» է: Ի դեպ, պատահական չէ, որ հենց հիմա Երեւանի քաղաքապետարանը այս «օպերացիան» սկսեց: Հայտնի է, որ հունվարին ուղեւորահոսքը սովորականից պակաս է, ինչը պայմանավորված է տոներով, ուսանողների եւ աշակերտների դասի չգնալու հանգամանքով: Այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանում շտապել են հենց հունվարին երթուղիների գործունեությունը դադարեցնել, որ կարողանան ուղեւորահոսքի նվազման հանգամանքն ապացուցել: Երբ բոլոր դպրոցներն ու ԲՈՒՀ-երը փետրվարին կսկսեն բնականոն գործել, Երեւանի քաղաքապետարանը պարզապես կհետեւի իրադարձությունների զարգացմանը եւ ամեն անգամ բողոք լսելիս կհակադարձի, թե ասում էինք, չէ, անհրաժեշտ է ուղեվարձը բարձրացնել:
Նշենք, որ դադարեցվել են հիմնականում չինական «HIGER» մակնիշի ավտոբուսներով սպասարկվող երթուղիները: Այս փաստն ինքնին ուշագրավ է: Ինչպես հայտնի է՝ այդ ավտոբուսները ժամանակին Հայաստանին նվիրել էր Չինաստանի Կառավարությունը: Ավելի կոնկրետ՝ Չինաստանը 2007-ին պատրաստակամություն էր հայտնել Հայաստանին 55 միլիոն յուանի (մոտ 10 միլիոն դոլար) դրամաշնորհ հատկացնել` ավտոբուսների տեսքով: Հայկական կողմը, տվյալ դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանը, ցանկացել էր, որ ավտոբուսները լինեն՝ երկարությունը ոչ պակաս, քան 7 մետր 40 սանտիմետր, իսկ լայնությունը ոչ պակաս, քան 2 մետր 30 սանտիմետր: Արդյունքում 2011-ից Չինաստանը Հայաստանին ուղարկեց Երեւանի փողոցներում երթեւեկող «HIGER» մակնիշի վարդագույն ավտոբուսները: 2011 թվականից մինչեւ 2012 թվականը Հայաստանը ստացել է 249 հատ այդպիսի ավտոբուս, որոնք հանձնվել են Երեւանի քաղաքապետարանին: Ավտոբուսների մաքսազերծման գումարները եւս վճարվել են պետբյուջեի միջոցներից: Այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանից պահանջվում էր միայն կազմակերպել այդ ավտոբուսների շահագործումը եւ ապահովել դրանց անխափան գործունեությունը: Սական հետագայում պարզվեց, որ դրանք Երեւանի փողոցների համար շատ մեծ են: Իսկ ով էր քաղաքապետարանին ասել, որ անկուշտի պես հենց այդ մեծ ավտոբուսները պատվիրեն, ինչու փոքր մակնիշիները չեն պատվիրել, որոնք ավելի քիչ վառելիք են ծախսում, արագաշարժ են ու մանեւրող, պարզ չէ: Միայն փաստ է, որ Երեւանի քաղաքապետարանն անցած տարվա նոյեմբերին պետական բյուջեից պահանջեց եւ ստացավ 143 միլիոն դրամ` չինական ավտոբուսները «գազով դարձնելու» համար:
Թվում է, թե Երեւանի քաղաքապետարանում դժգոհելու առիթ պետք է չունենան: Սակայն միեւնույն է՝ մարդիկ բողոքում են, ասում են, որ եկամուտները բավարար չեն, եւ պարբերաբար առաջ են քաշում ուղեվարձը բարձրացնելու հարցը: Այս մտածողությունը հասկանալու համար նախ անհրաժեշտ է ընկալել, որ այդ մարդիկ իրենց չեն համարում ծառայող: Նրանք գիտեն, որ ամեն մի պաշտոն կոնկրետ գումար արժի, եւ այդտեղ նշանակված անձը կոնկրետ գումարներ պետք է «խփի» ու ապահովի իր նշանակողի անխափան եկամուտները: Մասնավորապես, ըստ վարորդների, չինական ավտոբուսները «տերերի» անձնական գրպանները լցնում են օրական 20 հազարական դրամ, այսինքն՝ 249 ավտոբուսները օրական պետք է ապահովեն ընդհանուր 10 հազար դոլար: Ըստ վարորդների՝ այդ գումարի մեջ չեն մտնում վառելիքի ծախսը եւ օրինական ձեւակերպվող պլանը:
Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Երեւանի տրանսպորտային «մաֆիան» անցել է գրոհի: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տվյալ դեպքում այդ մարդկանց շահերի հիմնական սպասարկուն է: Նա «պարտավոր» է ամեն ինչ անել, որ «տերերի» եկամուտները չպակասեն: Եթե անհրաժեշտ է ուղեվարձ թանկացնել, ապա դա էլ պետք է անի: Դրա համար էլ նա արդեն ճարահատյալ քայլերի է դիմում` կազմալուծում է մայրաքաղաքի ողջ ուղեւորափոխադրումը, որպեսզի իբրեւ ոլորտի բարելավում նորից առաջ քաշի ուղեվարձի բարձրացման հարցը: Քաղաքապետարանից «Ժողովուրդ»-ի աղբյուրներին տեղեկացրին, որ այս մտահղացման հեղինակը քաղաքապետարանի տրանսպորտի վաչության պետ Հենրիկ Նավասարդյանն է, որը խոշոր գծատեր է:
Կարծում ենք, որ վաղուց ժամանակն է, որ Երեւանի քաղաքապետարանի ողջ անձնակազմին` քաղաքապետ Տարոն Մարգարյանից սկսած, արգելվի ծառայողական ավտոմեքենաներով երթեւեկել եւ նրանք նույնպես սկսեն հասարակական տրանսպորտով շրջել: Կարծում ենք՝ այդ դեպքում նրանց վերաբերմունքը տրանսպորտի նկատմամբ հաստատ կփոխվի, քաղաքացիներն էլ առավել մարդկային պայմաններում կերթեւեկեն:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ԱՆՀՆԱՐԻՆ ԲԱՆ
Գրող-հրապարակախոս Զորի Բալայանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք նա պատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ գրել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինվորին ՀՀ արդարադատությանը հանձնելու մասին: Զորի Բալայանը հայտարարեց, որ այդ թեման նախ պետք է ուսումնասիրի: «Շատ հարցեր կան, որ դեռեւս պետք է ուսումնասիրեմ, հետո խոսեմ: Օրինակ՝ պետք է հասկանալ, թե Վալերի Պերմյակովը ինչպես է կարողացել զենքով դուրս գալ քաղաք, ես ծառայել եմ 4 տարի, եւ չի եղել այնպիսի մի բան, որ մեկը կարողանա քաղաք դուրս գալ` զենքը ձեռքին, դա մեզ մոտ եղել է անհնարին բան: Այ, դա է ինձ այժմ մտահոգում, բայց ցավալի է այն, ինչն արդեն տեղի է ունեցել»,-ասաց Զորի Բալայանը:
ԱՆՊԻՏԱՆ ՊԱՇՏՈՆ
Պարզվում է՝ ՀՀ դատական դեպարտամենտը կրկնակի մրցույթ է հայտարարել իր` ՀՀ միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետի թափուր պաշտոնի համար: Հիշեցնենք, որ նշված պաշտոնը թափուր է 2014 թվականի սեպտեմբերից, երբ այդ վարչության պետ Արսեն Բաբայանը նշանակվեց ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թափուր պաշտոնի համար պայքարել ցանկացողներ առանձնապես չկան, կարելի է կարծիք կազմել այդ պաշտոնի նշանակության եւ զրոյական հեղինակության վերաբերյալ:
ԱՌԱՆՑ ՏԵՔՍՏԻ ՆԱԽԱԳԾԵՐ
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ Կառավարության առաջիկա նիստի հաստատմանն է ներկայացրել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Չգիտես՝ ինչու համացանցում` Կառավարության նիստի նախագծերի շարքում, ներկայացված է միայն օրենսդրական փաթեթը անհետաձգելի ճանաչելու մասին Կառավարության որոշման նախագիծը, իսկ բուն փաստաթղթերը` օրենքներում առաջարկվող փոփոխությունների տեքստերը, բացակայում են: Ի դեպ, ՀՀ Կառավարության կողմից այդ նախագծերը անհետաձգելի ճանաչվելու եւ խորհրդարանին ներկայացվելու դեպքում պետք է քննարկվեն արտահերթ կարգով: ՀՀ ԱԺ գարնանային նստաշրջանը մեկնարկում է եկող երկուշաբթի` փետրվարի 2-ին:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՍԱՅԼԸ ՏԵՂԻՑ ԿՇԱՐԺՎԻ՞
«Հայ-իրանական երկաթգծի կառուցման վերաբերյալ վերջերս եռակողմ լավ որոշումներ են կայացվել, եւ հույս կա, որ նախագծի իրականացումն արագ առաջ կընթանա»,- երեկ հրավիրած ասուլիսում հայտարարել է երկօրյա այցով Երեւանում գտնվող Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Նա անդրադարձել է նաեւ հայ-իրանական մյուս նախագծերին: «Իրանական կողմն է Մեղրիի ՀԷԿ-ի կառուցողը, ներկայացրել ենք տեխնիկական որոշակի պարամետրեր, դրանց պատասխանը ստանալուց անմիջապես հետո արդեն բացվում են առաջընթացի հնարավորությունները»,-նշել է ԻԻՀ ԱԳ նախարարը:
ՌԱՉԻՆՍԿՈՒ ՀԱՋՈՐԴԸ
Երեկ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկին:
ՀԵՏԸՆԹԱՑ
Heritage հիմնադրամի գնահատմամբ՝ տնտեսական ազատությունների դասակարգման 2015 թվականի աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 52-րդ հորիզոնականը՝ անցած տարվա համեմատությամբ նահանջելով 1.8 կետով: Նահանջը, ըստ զեկույցի հեղինակների, պայմանավորված է սեփականության իրավունքի, ինչպես նաեւ՝ ֆինանսական ու աշխատաշուկայի ոլորտներում արձանագրված էական հետընթացով: Հիշեցնենք, որ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիեւը՝ 22 տարվա ազատազրկման:
ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ՈՉՆՉԱՑՆԵԼ
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կոչ է արել «Իսլամական պետության» դեմ միջազգային ռազմական լայնածավալ գործողություն սկսել: Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հանդիպմանը ելույթ ունենալիս Զեմանը ընդգծել է, որ գործողությունը պետք է անցկացվի ՄԱԿ-ի հովանու ներքո: «Անհրաժեշտ է ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամ պետությունների ստորաբաժանումների մասնակցությունը»,-ընդգծել է Զեմանը:Նա ԻՊ-ից բխող սպառնալիքը համեմատել է մարդկության համար վտանգ ներկայացնող Երրորդ ռեյխի հետ: «ԻՊ-ը ձգտում է գրավել Եվրոպայի տարածքի կեսը, իսկ նման ծրագրեր ուներ նաեւ Ադոլֆ Հիտլերը, եւ դրանք գրեթե իրականացել են»:
ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
ԱՄՆ-ի Սենատը Հայաստանում դեսպանի պաշտոնում հաստատել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը, իսկ Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանը Ռոբերտ Սեկուտան կլինի: Միլզը Բեյրութում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում, իսկ ավելի վաղ եղել էր Մալթայում ԱՄՆ-ի դեսպանատան գործերի հավատարմատար: Միլզն աշխատել է Փարիզում, Դուբլինում, Լոնդոնում, Բաղդադում, Իսլամաբադում, տիրապետում է ռուսերենին եւ ֆրանսերենին: Նա նաեւ աշխատել է հյուպատոսական բաժնում Հայաստանի եւ Ադրբեջանի գծով: Նոր դեսպանին Հայաստանում սպասում են արդեն առաջիկա շաբաթներին:
ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԷՐ
Կառավարության այս շաբաթվա նիստը կկայանա ոչ թե հինգշաբթի, այլ ուրբաթ՝ հունվարի 30-ին: NEWS.am-ի տեղեկացմամբ` նիստի օրը փոխվել է, քանի որ հունվարի 29-ին նախատեսված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստ:
ՃԱՆԱՉԵԼ ԱԳՐԵՍՈՐ
Ուկրաինայի Գերագույն ռադան որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնությունն ագրեսոր պետություն ճանաչելու մասին: Հայտարարությանն աջակցել է 271 պատգամավոր: Իր որոշման մեջ Գերագույն ռադան օտար երկրների խորհրդարաններին ու միջազգային կառույցներին կոչ է արել Ռուսաստանը ճանաչել որպես ագրեսոր երկիր, խստացնել ճնշումը նրա վրա եւ ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություններ: