ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ամփոփեց 2014-ի կատարած աշխատանքները: Խոսելով 2014թ. նոյեմբերի 12-ին խոցված ուղղաթիռի գործով սկսված ծառայողական քննության մասին՝ նախարարն ասաց. «Խոցված ուղղաթիռի հետ կապված անցկացվել է ծառայողական քննություն, համապատասխան մարդիկ տույժեր են ստացել, պաշտոններից են ազատվել: Այստեղ չափից ավելի մեղքը ոչ թե ուղղաթիռի անձնակազմինն է, որոնք ուսումնավարժական պլանային թռիչք են կատարել փոքր շեղումով, այլ հակառակորդինը, որը խոցել է այն»: Նախարարի հավաստիացմամբ՝ հայկական զինուժում այդ առումով եղել են պաշտոնանկություններ:
Լրագրողները պաշտպանության նախարարից հետաքրքրվեցին, թե հաշվի առնելով սահմանային իրավիճակը՝ արդյո՞ք չի հասունացել ժամանակը պաշտոնապես դիմելու ՀԱՊԿ-ին` ադրբեջանական ագրեսիայից պաշտպանվելու համար, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ ձեւավորվել է համապատասխան աշխատանքային ալգորիթմ, եւ դրա շրջանակներում նախ` ՀԱՊԿ-ին դիմելու հարցը պետք է քննարկվի Կառավարությունում, այնուհետեւ` անվտանգության խորհրդում, որը պետք է խորհուրդ տա պաշտպանության նախարարությանը` դիմե՞լ թե՞ չդիմել ՀԱՊԿ-ին: «Կարծում եմ` վերջին տարիներին ՀՀ ԶՈՒ կայացման ողջ ընթացքը ապացուցել է, որ հայկական բանակն անընդհատ հզորացող ու զարգացող զինուժ է, եւ չեմ կարծում, թե այս լարվածության փոքր ձեւերը կարող են մեզ ստիպել դիմել ՀԱՊԿ-ին: Այդ դեպքում ո՞րն է հայկական բանակի դերը, առաքելությունը, եթե այդ փոքր խնդիրների դեպքում չի կարողանալու չեզոքացնել վտանգը: Մենք մեր առջեւ դրված խնդիրները լիարժեք կարողանում ենք իրականացնել»:
Հարցին, թե ՌԴ պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինի հետ հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանը բարձրացրե՞լ է Գյումրիի սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովին Հայաստանին հանձնելու հարցը, նախարարն ասաց, որ այդ հանդիպման ընթացքում նման հարց չի եղել. «ՌԴ պաշտպանության նախարարի եւ փոխնախարարի հետ հանդիպումների ընթացքում իրենք եւս դատապարտել են այդ երեւույթը, եւ կարծում եմ, որ իրավական աշխատանքն այդ պատասխանը կտա, որը կբավարարի հասարակությանը»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասուլիսի վերջում «Ժողովուրդ»-ի հետ առանձին զրույցում անդրադարձավ նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների որդիների բանակ զորակոչվելու այսօրէական խնդրին:
-Պարո՛ն նախարար, հաճախ են խոսում բանակի բարոյահոգեբանական վիճակի փոփոխության անհրաժեշտության մասին: Այս իրավիճակում անհրաժեշտ չե՞ք համարում սկսել մի գործընթաց, որպեսզի մոտ 50 հազար բարձրաստիճան պաշտոնյաների զավակները մի կողմ դնեն այս կամ այն պատճառով ձեւակերպված տարկետումները եւ զորակոչվեն բանակ:
-Նախկինում տրված տարկետումները փոխելու համար պետք է իրավական գնահատականներ տրվեն: Այսօր գտնում եմ, որ նորից անդրադառնալ 20-25 տարիների գործունեությանը՝ իմ գործը չէ: Ես այսօր եմ ապահովում բանակի բարոյահոգեբանական ոգին, մարտական ոգին եւ գտնում եմ, որ քիչ արդյունքների չենք հասել:
-Պարո՛ն նախարար, կարո՞ղ եք տալ մի բարձրաստիճան պաշտոնյայի անուն, որի որդին այսօր սահման է պահում: Ձեր որդու մասին չէ խոսքը. նա եւ մի շարք բարձրաստիճան զինվորականների զավակներ ծառայում են բանակում: Կցանկանայի իմանալ մի պատգամավորի, նախարարի, փոխնախարարի, մարզպետի որդու անուն, որն այսօր ՀՀ սահմանին է եւ պաշտպանում է մեր հայրենիքը:
-Հիմա կոնկրետ անուններ չեմ ուզում տալ, բայց վերջին տարիներին մեր որդեգրած քաղաքականության շնորհիվ, ըստ զորամասերի, հավասարաչափ բաշխում է գնում վիճակահանության շնորհիվ:
-Անուններ չեք տալիս, բայց չեք կարծում, որ պետք է սկսել մի գործընթաց, որպեսզի պատգամավորների, նախարարների, փոխնախարարների որդիները նույնպես գնան անապահով ընտանիքի ներկայացուցիչների հետ սահման պահեն:
-Գիտեք՝ ես բանակից կարող եմ ասել, որ գլխավոր շտաբի պետի որդիները ծառայում են առաջին գծում, փոխնախարար Միրզաբեկյանի որդին ծառայում է, իմ որդիները ծառայում են:
-Դա բոլորին է հայտնի, խոսքը պատգամավորների, նախարարների որդիների՝ սահմանը պահելու մասին է:
-Ներկա պահին չեմ հիշում, չգիտեմ:
-Պարո՛ն Օհանյան, 2015թ. հունվարի 1-ից սկսած սահմանին իրավիճակը լարված է: Դուք հայտարարեցիք, որ 7 զոհ ենք ունեցել: Այս օրերին հայ գործարարներց ինչ աջակցություն է ստացել ՊՆ-ն՝ դրամի, տեխնիկայի կամ այլ առաջարկի տեսքով:
-Այսօր բանակն ինքն ի վիճակի է պետական ռեսուրսների հաշվին իրականացնել իր առջեւ դրված խնդիրները: Բայց շատ գործարարներ են եղել, որոնք աջակցել են զոհված ազատամարտիկների, զոհված զինվորների ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ՝ զինծառայողներին իրենց գործունեության համար:
-Իսկ այս տարի կոնկրետ ի՞նչը կառանձնացնեիք:
-Անցած տարի է եղել: Իսկ այս տարի եղել է միայն մեկը, նրանցից միայն մեկի անունը կարող եմ ասել, որ մշտապես աջակցում է բանակին՝ Ռալֆ Յիրիկյանն է:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց, թե որքանով է պրոֆեսիոնալ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գործելաոճը, երբ հունվարի 23-ին սահմանում տիրող իրավիճակի մասին գնահատողական հայտարարություններ է հրապարակում իր ֆեյսբուքյան էջում, իսկ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում ոչ մի տեղեկություն չկար սահմանում տիրող իրավիճակի մասին: Արդյո՞ք նախարարն է նրան նման հրահանգ տվել, եւ արդյո՞ք հաշվի առնվել է փաստը, որ կարող է ցանկացած ոք Արծրունի անունով էջ բացել ու կեղծ լուրեր տարածել: «Մեր հասարակությունն ու լրագրողները ցանկանում են, որպեսզի մենք ամեն ինչ հրապարակենք, եւ դուք իմանաք: Մենք ամբողջությամբ չենք կարող հրապարակել եղածը: Կարծում եմ՝ մամլո խոսնակը նորմալ է աշխատում, հանրությանը ճիշտ տեղեկություն է տալիս»,-ինքնագոհ պատասխանեց նախարարը:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՔԿՀ ԵՎ ԴԱՀԿ ՊԵՏԵՐԻ ԿԱՊԸ
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի բարեկամի՝ Վարդաշենի քրեակատարողական հիմնարկի պետ Մանուկ Պողոսյանի ղեկավարած ՔԿՀ-ն լուրջ խնդիրներ ունի: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ ՔԿՀ-ի ղեկավարը տեղյակ չէ, որ իր մոտից կալանավոր է փախել: Ավելի ճիշտ՝ իր ղեկավարած ՔԿՀ-ի բաց տիպի գոտում պատիժը կրող դատապարտյալը ոչ աշխատանքային օրը դուրս է եկել ՔԿՀ-ից եւ կողոպուտ իրականացրել:
Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Թումանյան փողոցում բաց տիպի գոտում պատիժը կրող դատապարտյալ Գրիգորը փորձել է հափշտակել քաղաքացի Եբրաքսիայի պայուսակը եւ բջջային հեռախոսը, սակայն տարածքում գտնվող ոստիկանները կարողացել են բռնել նրան: Ավելի ուշ պարզվել է, որ Գրիգորը ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) բաց տիպի գոտում պատիժը կրող դատապարտյալ է եւ իրավունք է ունեցել ՔԿՀ տարածքից դուրս գալ միայն աշխատանքային օրերին` ժամը 08:00-ից մինչեւ ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում, սակայն դատապարտյալը ոչ աշխատանքային օրն է դուրս եկել հիմնարկի տարածքից:
ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏԻՆ ԿՕԳՆԵՆ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, անդրադառնալով հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատի խնդրանքին, ասաց. «Գիտենք, որ աղջիկը օգնություն է խնդրում, ինքը հայտարարել է, որ դիմելու է մեզ, սպասում ենք, պատրաստ ենք ընդունել, հասկանալ, թե կոնկրետ ինչ օգնության մասին է խոսքը, եւ մեր հնարավորությունների սահմանում պատրաստ ենք օգնել»:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում սպանված Ավետիսյանների բակում եւս մեկ տուն կա, որը մեղադրյալ Վալերի Պերմյակովը շրջանցել էր եւ մտել կոնկրետ Ավետիսյանների տուն: Պարզել էինք, որ նշված հասցեի բակում ապրում է սպանված ավագ Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր դուստրը՝ Կարինե Ավետիսյանը, որը դեպքից հետո հրաժարվում է իր բնակարանից. «Ես այդ բակ չեմ վերադառնա, վախենում եմ, հոգեկանս կխանգարվի»: Ավելին՝ երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Կարինեն ասաց, որ անգամ օրը ցերեկով մենակ չի մտնում իր տունը: Նրան ուղեկցում են ոստիկանները կամ իր մտերիմները:
ՀԱ՞ՅՐՆ Է ՍՊԱՆԵԼ ՈՐԴՈՒՆ
Շենգավիթի Արտաշիսյան փողոցում երեկ ողբերգություն է տեղի ունեցել: Բնակիչներից մեկին, ով 3 օր շարունակ հարազատների կողմից փնտրվում էր որպես անհայտ կորած, հայտնաբերել են թաղամասի ավտոտնակներից մեկում՝ թաղված վիճակում:
45-ամյա Գերման Ոսկանյանին, բնակիչների շրջանում պտտվող լուրերի համաձայն, սպանել է հայրը՝ Կարո Ոսկանյանը: Armlur.am-ի հետ զրույցում սպանվածի հարեւանուհիներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը, հայտնեց, որ Ոսկանյանների ընտանիքում մշտապես տարաձայնություններ են եղել, մասնավորապես Գերմանի մոր եւ կնոջ միջեւ: Մեր զրուցակցի խոսքով՝ սպանվածի մայրն արդեն մոտ 20 տարի չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ որդին ամուսնացել է այն կնոջ հետ, ում ինքը չի ընտրել: Հենց այս էլ եղել է պատճառը, որ մայր ու որդի վիճել են, ավելի ուշ վիճաբանությանը խառնվել է հայրը, արդյունքում տեղի է ունեցել ողբերգությունը:
«Կողքի հարեւաններն ասում են՝ մի քանի օր առաջ այն աստիճանի են վիճել, կռվել, որ հարսն էլ աղջկան վերցրել, հոր տուն է գնացել: Հիմա թե ինչ կլինի դրանց վիճակը, մենակ Աստված գիտի: Ասում են, թե հայրը դանակով է սպանել տղուն, դանակն էլ հետը թաղել ավտոտնակի փոսում»,-նշեց հարեւանուհին՝ հայտնելով, որ սպանվածն ունի նաեւ որդի, ով ժամկետային զինծառայող է եւ դեռեւս դեպքի մասին տեղյակ չէ:
Հարեւանուհու խոսքով՝ իրենք չեն կարողանում հասկանալ այն հանգամանքը, որ որդուն սպանած հայրը ոստիկանություն է դիմել՝ հաղորդելով որդու անհետացման մասին: Նա ասաց նաեւ, որ իրեն լուրեր են հասել, թե Գերմանի անհետացման օրը նրան տեսել են շենքի առաջ՝ ավտոմեքենա նստելիս, իսկ թե որ ուղղությամբ է նա գնացել, ոչ ոք չգիտի:
«Չեմ ուզում վատաբանել, բայց ամեն ինչ սկսեց մոր հետ տարաձայնություններից: Երկու աղջիկ էլ ունեն, մինուճար տղա էր, փորձանք էր, էկավ էդ տուն: Խելոք, աշխատող, ընտանիքին նվիրված մարդ էր, ափսոս»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նշենք նաեւ, որ հարեւանների շրջանում խոսակցություններ կան, թե որդուն սպանելու կասկածանքով հայրը ոստիկանություն է տարվել:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՐԿԻԶԵԼ ԵՆ
«Իսլամական պետության» ահաբեկիչները Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում հրկիզել են ամենահին հայկական եկեղեցիներից մեկը: Այն տեղակայված է եղել քաղաքի Վահդա թաղամասում: Նշենք, որ 2014թ. հունիսին, երբ «Իսլամական պետության» ահաբեկիչները գրավեցին Մոսուլը, քաղաքի հայ համայնքը ապաստանել էր իրաքյան Քուրդիստանում:
ԿԲՈՂՈՔԱՐԿԵՆ
Անցած դեկտեմբերին ԼՂ ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտված երկու ադրբեջանցիները՝ Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը, պատրաստվում են բողոքարկել իրենց դատավճիռները Վերաքննիչ դատարան: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել են Ասկերովի փաստաբան Էրիկ Բեգլարյանը եւ Գուլիեւի փաստաբան Արկադի Իսրայելյանը: