Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱԺ-Ի ԱՐԺԵԶՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական փոփոխությունների դրոշակակրի հանձնառություն ստանձնած ՀՅԴ-ն նոր տարում ազդարարեց քննարկումների մեկնարկը, որը ստվերվեց Գյումրիի ոճրագործության պատճառով: Լռությունը, սակայն, առաջիկայում կխաթարվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը խոստացել է մարտ ամսին հայտնել իր վերջնական մոտեցումը: Այսօր կփորձենք քննարկել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի՝ անչափ կարեւոր երկու դրույթները, որոնք վերաբերում են ՀՀ ԱԺ-ի գործունեությանը:

Ուշագրավ է, որ փաստաթղթի հեղինակները շեշտում են ԱԺ-ի՝ արդյունավետ օրենսդրական գործունեության իրականացման եւ վերահսկողական առաքելության հույժ անհրաժեշտությունը, ինչը խոստանում են իրականացնել հենց այս փոփոխություններով:
Հայեցակարգը շեշտում է, որ «պառլամենտարիզմի ներկա պահանջներին համապատասխան անհրաժեշտ մակարդակի պետք է բարձրացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերը արդյունավետ օրենսդրական գործունեության» համատեքստում: Մի կողմ թողնելով ԱԺ-ի կողմից ընդունված օրենքների՝ անմիջականորեն իրավական տարրի կիրառելիության հարցը՝ հարկ է կենտրոնանալ մի շարք հանգամանքների վրա: Նախ եւ առաջ տարիներով կարելի է հաշվել այն շրջանը, երբ ԱԺ-ն օրենսդրական իրական գործունեությամբ պարզապես չի զբաղվում: Փաստացիորեն, ԱԺ-ն դարձել է Կառավարության ներկայացրած օրինագծերը դակելու գործիք, որին նույնիսկ չի էլ հետաքրքում, թե ինչպիսի օրենքի է կողմ քվեարկում: Եթե ԱԺ-ի գործը դարձել է Կառավարության ներկայացրած օրինագծերին օրենքի կարգավիճակ տալը՝ զուգահեռաբար վիժեցնելով ընդդիմության՝ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, ապա ի՞նչ խոսք կարող է գնալ «արդյունավետ օրենսդրական գործունեության» ծավալման մասին:
Զորօրինակ՝ նախորդ տարի Կառավարությունը գործածության մեջ դրեց «Կուտակային կենսաթոշակային համակարգը»՝ դրանից առաջ արդեն իսկ ԱԺ-ում ապահովելով անհրաժեշտ քվեարկությունը: Հաջորդիվ՝ Սահմանադրական դատարանն անուղղակիորեն օրենքի հիմնական դրույթները ճանաչեց հակասահմանադրական, ինչից եզրակացնելի է, որ ԱԺ-ն ընդունել էր հակասահմանադրական օրենք, բայց ո՞վ պատասխան տվեց դրա համար: Կառավարությունը ստիպված փոփոխություններ կատարեց օրենքում «պարտադիր, բայց ոչ պարտադրված» անհեթեթ նշանաբանով, ինչը կրկին ընդունվեց ԱԺ-ի կողմից «խոհեմորեն», հեզաբար:
Ուշագրավ մեկ հանգամանք եւս՝ ե՞րբ է վերջին անգամ ԱԺ-ի ընդունած օրենքների նկատմամբ նախագահական վետո կիրառվել: Նման պարագայում կատարվելիք բոլոր հնարավոր ենթադրությունները դրական տպավորություն չեն ստեղծում. կամ ԱԺ-ի ընդունած օրենքներն են եղել փայլուն ու հրաշալի, որի դեպքում արդեն «ավելի արդյունավետ» բառակապակցությունը չի կարող անկեղծ համարվել, կամ օրենքներն են վատը եղել, ու նախագահի պաշտոնոմ գտնվողն էլ հավանել է դրանք՝ չհասկանալով կամ էլ լիովին գիտակցելով: Մի դեպքում «Հայեցակարգն» է արժեզրկվում, մյուս պարագայում՝ ամբողջ իշխանությունը: Ահա հենց այստեղ է, որ դրսեւորվում է «Հայեցակարգի» թուլությունը: Հեղինակները պետք է հստակ օրինակներով ու գնահատականներով ապացուցեին ԱԺ-ի արդյունավետ օրենսդրական գործունեության իրենց թեզը, մինչդեռ այսպես այն վերածվում է լոկ դատարկախոսության՝ փաստաթղթի էջերն անփութորեն լցնելու մարմաջով: Ի դեպ, լիովին համաձայն ենք, որ ԱԺ-ն օրենսդրական արդյունավետ գործունեություն չի ծավալում «անհիշելի» ժամանակներից, սակայն դրա պատճառը բոլորովին էլ սահմանադրական երաշխիքները չեն: Սահմանադրությունը փոփոխելուց առաջ պետք է նախ փոխել ԱԺ-ի կազմը, որի զգալի մասը ներկայացնում են կրթություն չունեցող մականունավորներն ու կրիմինալ տարրերը:
Հայեցակարգը նաեւ հռչակում է՝ «պառլամենտարիզմի ներկա պահանջներին համապատասխան անհրաժեշտ մակարդակի պետք է բարձրացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դերը վերահսկողական առաքելության գործում»: ԱԺ-ն իր վերահսկողական գործառույթը մեծապես կատարում է վերահսկիչ պալատի եւ հանձնաժողովների միջոցով: Հատկապես կարեւորվում է ժամանակավոր հանժնաժողովների նշանակությունը, որոնցից ԱԺ-ն քանիցս է օգտվել: Հիշարժան են Հոկտեմբերի 27-ի եւ Մարտի 1-ի գործերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովները, որոնք ակնհայտորեն չեն փայլել ոչ միայն օբյեկտիվությամբ, այլեւ պրոֆեսիոնալիզմով: Ուշագրավ է, որ 2014թ. ԱԺ-ը տապալեց Մարտի 1-ի հարցով նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Այդպիսով ԱԺ-ը, ըստ էության, չցանկացավ գործարկել իր սահմանադրական լիազորությունը վերահսկողական առաքելության իրականացման համար: Այս համատեքստում հազիվ թե սահմանադրական ինչ-ինչ փոփոխությունները կարողանան Սերժ Սարգսյանին հլու-հնազանդ երեսփոխաններին համոզել հակառակում:
Հատկանշական է նաեւ վերահսկիչ պալատի գործոնը, որը հատկապես վերջին տարիներին փորձում էր մի փոքր անկաշկանդ գործել: Սակայն նման գործելաոճը չէր կարող վրիպել իշխանության աչքից, ինչի դրսեւորումը եղավ Սերժ Սարգսյանի՝ Իշխան Զաքարյանին արված հրապարակային զգուշացումը սեփական կարծիքը տանն արտահայտելու մասին: Թեւավոր այդ «իմաստությունն» անգամ հուշում է, որ ԱԺ-ի վերահսկողական եւ օրենսդրական գործունեությունը կապ ունեն սահմանադրական երաշխիքների հետ այնքանով, որքանով դա թույլ կտա իշխանության «առաջնորդը»:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԵՍ ԱՐԴԵՆ ՓՈԽՎԵԼ ԵՄ, ՀԻՆ ՎԱՂԱՐՇԸ ՉԵՄ

Երեկ փոքր բիզնեսի ներկայացուցիչները կրկին բողոքի ակցիա անցկացրին ՀՀ Կառավարության շենքի առջեւ: Նրանք պահանջում էին ոչ միայն կասեցնել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունները, այլեւ պաշտոնանկ անել ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանին:

Սակայն մարդկանց դժգոհությունը կրկին լսող չկար: Նշենք, որ բողոքի ակցիային մասնակցել են ոչ միայն Երեւան քաղաքի, այլեւ ՀՀ որոշ մարզերի տոնավաճառների աշխատակիցներ: Երեկ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջեցին, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպի իրենց հետ, սակայն վերջինս այդպես էլ չիջավ: Վարչապետի վերաբերմունքից զայրացած ձեռներեցներն ակցիայի ընթացքում մեջքով կանգնեցին դեպի Կառավարությանը: Բացի այս՝ առեւտրականներին զայրացրել էր նաեւ նախօրեին ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի հայտարարությունը, թե չնայած ցուցարարների պահանջին՝ օրենքը ենթակա չէ փոփոխման, եւ Կառավարությունը մտադիր չէ զիջման գնալ:
Մինչ Կառավարության առջեւ ձեռներեցները բողոքի ակցիա էին անցկացնում, այդ ընթացքում «Ժողովուրդ»-ը Երեւանի ոսկու շուկայի առեւտրականներից դժգոհություններ ստացավ այն մասին, որ իրենց պատկանող ոսկին, որը սովորաբար պահպանվում է զրահապահեստում (բունկեր), չեն տալիս, որպեսզի վաճառեն՝ պատճառաբանելով, որ մասնակցել են բողոքի ակցիային: «Ժողովուրդ»-ը եղավ ոսկու շուկայում, որտեղ անվտանգության աշխատակիցներն ուղեկցեցին զրահապահեստ եւ հայտարարեցին, որ նման բան չի եղել: Մինչդեռ տեղում պարզեցինք, որ բողոքի ակցիային չէին մասնակցում միայն «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ի աշխատակիցները, ովքեր առիթից օգտվելով՝ մեծ եռանդով իրենց ոսկին էին վաճառում:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի հետ:
-Պարո՛ն Աբրահամյան, ինչո՞ւ բողոքի ակցիային մասնակցած աշխատակիցներին չեն տվել իրենց ունեցվածքը:
-Նման բան չի եղել: Շառ են անում:
-Այս անգամ է՞լ են Ձեզ հրահանգել խոչընդոտել մարդկանց՝ բողոքի ակցիային մասնակցելու համար:
-Ես իրենց աղաչել եմ, խնդրել եմ, որ չգնան, չեն լսում ինձ: Ինձ ոչ ոք չի հրահանգել: Ես ո՛չ աթոռ եմ կոտրել, ո՛չ էլ սեղան: Ես փոխվել եմ, հին Վաղարշը չեմ:
Հ.Գ. Հավելենք, որ բողոքի ակցիային մասնակից ձեռներեցները հայտարարեցին, թե շարունակելու են իրենց պայքարը: Եւ այն չեն դադարեցնի այնքան ժամանակ, քանի դեռ օրենքում կատարված փոփոխությունները չեն կասեցվել: Հակառակ դեպքում նրանք կդիմեն կտրուկ գործողությունների, այդ թվում նաեւ՝ հացադուլի ու նստացույցի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԱՄԱՉՈՒՄ Է
Armlur.am-ը շարունակում է ներկայացնել, թե ինչ են մտածում Գյումրիի 102-րդ ռազմաբազայի նախկին զինծառայողներն Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին: Սաշա Կոլոկոլցեւը Armlur.am-ի հետ զրույցում նշել է, որ երկու տարի առաջ է ավարտել ծառայությունը, իսկ Վ. Պերմյակովի արարքի համար միայն ամաչում է:
-Ծառայության ամբողջ ընթացքը հիանալի է անցել: Գյումրեցիները շատ լավ մարդիկ են, մեզ միշտ օգնում էին: Հիշում եմ, երբ մենք դիրքերում էինք, այնտեղից երեք զինվոր անհետացավ, գնացինք նրանց փնտրելու: Փնտրում էինք առավոտյան ժամը 7-ից մինչ երեկոյան 8-ը: Ինձ հետ եւս երկու զինվոր կար: Մտնում էինք գյումրեցիների տներն ու հարցնում, թե զինվոր չեն տեսել: Նրանք բոլորը մեզ ներս էին հրավիրում, հյուրասիրում ուտելիքով, գումար էին տալիս, ծխախոտ եւ չէին վախենում, որ մենք նրանց ինչ-որ վնաս կտանք:
-Պերմյակովը նշել է, թե այլեւս չի ցանկացել ծառայել, այդ պատճառով փախուստի է դիմել: Այդքան հե՞շտ է փախչել ռազմաբազայից:
-Փախչել կարելի է ցանկացած վայրից, իսկ ռազմաբազայի դեպքում դա հեշտ էր. բավական էր միայն թռչել ցանկապատների վրայով, եւ վերջ: Ծառայությունն անձամբ ինձ համար հեշտ է անցել, մյուսների փոխարեն չեմ կարող պատասխանել:
-Ի՞նչ եք մտածում ողբերգական դեպքի մասին: Ըստ Ձեզ՝ ո՞րն է Պերմյակովի արարքի պատճառը:
-Շատ անհասկանալի հարցեր կան: Օրինակ՝ ինչու է այդ «կենդանին» նման արարք թույլ տվել, ինչպես է մարտական զենքով կարողացել փախչել, սահման հասնել, իրականում ովքեր են նրան բռնել: Հերթապահ շատ եմ եղել, սակայն իմ մտքով անգամ չի անցել փախչել: Կարծում եմ՝ նա հոգեպես ոչ առողջ վիճակում է:
-Եթե նա առողջական խնդիրներ ունի, ապա ինչպե՞ս է ծառայության անցել:
-Բժիշկները շատ վատ են աշխատում: Ինձ հետ մի ծառայող տղա կար, ում ձեռքն ամբողջովին ցուրտը տարել էր, նա ո՛չ հրացան կարող էր բռնել, ո՛չ նորմալ ծառայել, բայց այդ վիճակում շարունակում էր ծառայել: Կարծում եմ՝ բժիշկները պետք է ավելի ուշադիր լինեն եւ նրա նմաններին ծառայության չթողնեն:

 

 

ՀԱԼԱԾՈՒՄ ԵՆ
Երեկ Հիմնադիր խորհրդարանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, թե «Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությանը հայտնի է դարձել, որ օրեր առաջ ՀՅԴ շարքերից դուրս եկած եւ Հիմնադիր խորհրդարանին միացած նախկին դաշնակցականներին հալածում են նրանց քաղաքական դիրքորոշման համար»: Ըստ հաղորդագրության՝ «Նախկին դաշնակցականներին են այցելում ՀՀԿ-ական գյուղապետներ, ոստիկանության թաղայիններ եւ ԱԱԾ ծառայողներ, ովքեր հոգեբանական եւ այլ բնույթի ճնշումների միջոցով փորձում են նրանց հետ պահել Հիմնադիր խորհրդարանին միանալու որոշումից: Առաջին հայացքից ռեժիմի կողմից ՀՅԴ-ի շարքերի համար հոգ տանելը կարող է տարակուսելի թվալ, սակայն ռեժիմի նմանօրինակ վարքն իրականում բացահայտում է նրա եւ կուսակցությունների խորքային կապն ու գործակցությունը, ինչպես նաեւ վկայում է այն մասին, որ գործող քաղաքական վերնախավը ղեկավարվում է անձնական ու կլանային շահերով, զբաղված է մարդկանց մոլորեցնելով եւ պայքարում է յուրային պետության ու ժողովրդի դեմ»:




Լրահոս