Հայտնի գործարար, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից ապտակ ստացած Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունը անհայտ պատճառներով դադարեցրել է իր գործունեությունը: Մինչ այդ ընկերությունը հասցրել է բազմաթիվ պարտքեր կուտակել: «Կալաչը» պարտք է «Կարին», «Մանանա Գրեյն», «Թալգրիգ» ընկերություններին, ՀՀ ֆինանսների նախարարության Արաբկիրի տարածքային հարկային տեսչությանը, ինչպես նաեւ՝ «ՎՏԲ Հայաստան» բանկին, քանի որ վարկային պարտավորությունները չի կատարել: Ու թեեւ ընկերության պարտատերերի ցուցակն այսքանով չի սահմանափակվում, այդուհանդերձ, անհասկանալի է, թե որն է մինչ այս լայն թափով հացի եւ խմորեղենի արտադրություն սկսած ընկերության սնանկացման պատճառը:
Չի բացառվում, որ ընկերության սնանկացման սկզբնապատճառը անբարեխիղճ մրցակցությունը լինի: Մյուս կողմից էլ հայտնի է, թե Սուրեն Խաչատրյանի հետ ընդհարվելուց հետո գործարարի հանդեպ ինչպիսի ճնշումներ եղան: Դեռեւս 2011 թվականին գործարար Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունում հարկային ստուգումներ էին սկսվել: Տեսուչներն ընկերության հացի եւ խմորեղենի արտադրամասերում մանրակրկիտ փաստաթղթային ստուգումներ էին անցկացրել, ինչպես նաեւ ստուգել էին լույսի եւ ջրի սպառման հետ կապված տվյալները: Հիշեցնենք, որ Սուրեն Խաչատրյանի հետ ընդհարվելուց հետո Սերժ Սարգսյանի հասցեին Սիլվա Համբարձումյանի արած հայտարարությունները մեծ աղմուկ էին բարձրացրել: Իսկ այսօր արդեն Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերությունը սնանկացել է:
Տեղեկացնենք, որ նախ՝ 2013 թվականի մարտ ամսին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարան էր դիմել «Կարին» ՍՊԸ-ն` պահանջելով սնանկ ճանաչել «Կալաչ» ՍՊԸ-ին: Այսպիսով «Կարին» ընկերությունը, որը զբաղվում է ջեռուցման համակարգերի ներմուծմամբ եւ տեղադրմամբ, դատարան ներկայացված հայցադիմումում նշել է, որ դեռեւս 2010թ. հոկտեմբերի 4-ին կնքված պայմանագրի հիման վրա «Կարին» ընկերությունը «Կալաչ» ՍՊԸ-ին մատակարարել է մալուխներ` 61 մլն 670 հազար 484 դրամ ընդհանուր արժեքով, որի դիմաց պատասխանողը վճարել է միայն 51 մլն 670 հազար 484 դրամ, այսինքն՝ 10 մլն դրամ պակաս: Իսկ մոտ երկու շաբաթ անց մեկ այլ պայմանագրով «Կարին» ընկերությունը «Կալաչ»-ին մատակարարել է լուսատուներ` 9 մլն 983 հազար 900 դրամ արժեքով, որի դիմաց ընդհանրապես վճարում չի կատարվել:
«Կալաչ»-ի պարտքը «Կարին» ՍՊԸ-ին կազմում է 38 մլն 440 հազար 187 դրամ: Սակայն «Կալաչ» ընկերությունն առարկել է սնանկ ճանաչվելու դիմումի դեմ, եւ «Կարին»-ի պահանջը մերժվել է: Դրանից երեք ամիս անց՝ հունիսի մեկին, «Կալաչ»-ին կրկին սնանկ ճանաչելու պահանջով նույն դատարան է դիմել «ՎՏԲ Հայաստան» բանկը: Բանկի ներկայացմամբ` դեռեւս 2010 թվականի հուլիսին «ՎՏԲ Հայաստան» բանկի եւ «Սիլվի ԷՅՋի» ընկերության միջեւ վարկային պայմանագիր է կնքվել, որով բանկը վարկառուին տրամադրել է 2 մլն 895 հազար դոլարի վարկ՝ տարեկան 10 տոկոս դրույքով: Ի դեպ, այն պետք է մարվի մինչեւ 2015 թվականի հուլիսի 16-ը:
Սակայն այս դեպքում էլ դատարանը եկել է այն եզրահանգման, որ «ՎՏԲ Հայաստան» բանկի կողմից ներկայացված «Կալաչի» դրամական պարտավորությունները վիճելի են, ուստի ընկերությունն ունի դրանց առարկելու բավարար հիմքեր: Դատարանը գտել է, որ «Կալաչ» ընկերությանը սնանկ ճանաչելու հիմքերն ակնհայտ չեն, ուստի «ՎՏԲ Հայաստան» բանկի պահանջը եւս մերժել է:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բացի «ՎՏԲ Հայաստան» բանկից եւ «Կարին» ՍՊԸ-ից՝ «Կալաչ» ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել նաեւ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ն:
Բանն այն է, որ 2010թ. սեպտեմբերի 17-ից մինչեւ 2012թ. օգոստոսի 18-ը ընկած ժամանակահատվածում «Մանանա Գրեյն» ընկերությունը մեծածախ եղանակով ընդհանուր 100 մլն 376 հազար 385 դրամի ալյուր է վաճառել «Կալաչ»-ին: Վաճառված ապրանքների դիմաց «Կալաչ»-ը վճարել է 86 մլն 664 հազար 725 դրամ: Այսինքն՝ «Կալաչ»-ի` «Մանանա Գրեյն»-ին ունեցած պարտքը կազմում է 13 մլն 711 հազար 600 դրամ: Այս դեպքում արդեն դատարանը բավարարել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի դիմումն ընդդեմ «Կալաչ» ՍՊԸ-ի վերջինիս սնանկ ճանաչելու պահանջով: Արդյունքում՝ նախորդ տարի մարտի 4-ին «Կալաչ» ընկերությունը սնանկ է ճանաչվել:
«Ժողովուրդ»-ը այս խնդրի շուրջ չկարողացավ զրուցել Սիլվա Համբարձումյանի հետ, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, նա հիմա Հայաստանում չէ:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Կալաչ» ընկերության պարտատերերի թիվն ավելացել է: Այդ ցանկում են «Պետիկ Ղազարյան» Ա/Ձ-ն, Արմեն Ղազարյանը, «ԹԱԼԳՐԻԳ» ՍՊԸ-ն, «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ն, «Պրո Կրեդիտ Բանկը», «Ալֆա Ֆուդ Սերվիս» ՍՊԸ-ն, «Կարին» ՍՊԸ-ն, «Դի Էս Սիսթեմս» ՍՊԸ-ն, «ՎՏԲ Հայաստան» բանկը, ՀՀ ՖՆ Արաբկիրի հարկային տեսչությունը, Խաչիկ Նազարյանը եւ գուցե էլի մի քանի կազմակերպություններ:
«Կալաչ» ՍՊԸ-ի սնանկության գործով պարտատերերի կողմից դատարան ներկայացված առարկությունները քննարկելու նպատակով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված դատական նիստը տեղի կունենա փետրվարի 23-ին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՋՐԻ ԲԵՐԱԾ, ՋՐԻ ՏԱՐԱԾ
Դեռ նախորդ տարվա աշնանը Կառավարության որոշմամբ ոռոգման նպատակով Սեւանա լճից Հրազդան գետի հունով 270 միլիոն խմ-ի չափով ջուր բաց թողնվեց: Հրազդան գետը վարարեց եւ ողողեց Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասը, ինչի հետեւանքով բնակիչները կորցրին ողջ բերքը:
Դեռ այն ժամանակ քաղաքապետարանից սփոփեցին՝ ասելով, որ վնասի չափը կճշտեն եւ գյուղացուն փոխհատուցում կտրամադրեն:
Հուսահատ ջրառատցիները, այդպես էլ չստանալով իրենց խոստացված փոխհատուցումը, դիմել են «Ժողովուրդ»-ին: Պարզվում է՝ մինչ այսօր ոչ միայն որեւէ փոխահատուցում չի տրվել, այլ անգամ վնասի չափը չի ճշտվել.«Դիմել ենք ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեին, այնպես արհամարհական պատասխանեցին, որ իմաստ չուներ այդտեղ դիմելը, մի բան էլ մուննաթ էկան, թե տեսաք՝ էդ վիճակնա, բերքը շուտ հավաքեիք: Քաղաքապետարանից էլ երկու հոգի էկան, իբր վնասի չափը նայելու, ծիծաղեցին, գնացին, ասացին՝ էդ ինչ եք էդքան կորցրել, որ նման շուխուռ եք արել»,- ներկայացրին ջրառատցիները:
Նրանց խոսքով` 5 ամիս է` տեղական իշխանությունները խոստացել են հանձնաժողով կազմել, ավագանու նիստ հրավիրել, որոշում կայացնել: Իսկ թե ինչ է արվել, իրենք տեղյակ չեն: Միայն տարվա վերջին՝ դեկտեմբերի 2-ին, ավագանին նիստի ժամանակ որոշել է Ջրառատի շուրջ 15 տնտեսության հատկացնել 720 հազար դրամ՝ որպես փոխհատուցում: Սակայն ըստ տուժած բնակիչների՝ այս գումարն իրենց կրած վնասի 10 տոկոսը չի կազմում, բացի այդ` անգամ այս չնչին փոխհատուցումն է ուշանում:
Թե ինչու է ուշանում նշված գումարը, փորձեցինք պարզել քաղաքային իշխանություններից:
Քաղաքապետարանից հայտնեցին, որ ավագանու՝ հունվարի 15-ի նիստում հաստատվել է բյուջեով նախատեսված գումարի չափը, եւ այն անպայման կհատկացվի առաջիկայում:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչները Հայաստանի անկախացումից ի վեր սպասում են բնական գազի: Այժմ գազատարը կառուցված է, սակայն գազն այդպես էլ չկա: Հայաստանի Կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» (ԻՖԱԴ)-ի կողմից Հայաստանին տրված վարկային միջոցներով 2012թ.-ից գազաֆիկացման աշխատանքներ են մեկնարկել սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան, Ջուջեւան համայնքներում:
Այդ նպատակով տրամադրվել է 675 միլիոն դրամ, կառուցվել է 74.6 կմ ընդհանուր երկարությամբ գազախողովակաշար: Սահմանամերձ վերոհիշյալ գյուղերից խորհրդային տարիներին միայն Ոսկեպարն է գազաֆիկացված եղել: Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող ադրբեջանական Յուխարի Աքսիբարա (թարգմանաբար՝ Վերին Ոսկեպար) գյուղը սնուցող գազատարն անցնում էր Ոսկեպարի տարածքով: Դրա արդյունքում Ոսկեպարի բնակիչներն անցյալ դարի 80-ական թվականներին Ադրբեջանի տարածքից ձգվող գազատարից անվճար օգտվում էին:
Ներկայումս այդ համայնքներում գազաֆիկացման աշխատանքներն ավարտված են, բացառությամբ՝ Ջուջեւանի, որտեղ գազատար խողովակն անցկացված է, սակայն ներքին ցանցը դեռ կառուցված չէ: Սահմանամերձ Ոսկեվան համայնքի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը հայտնեց, որ անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին գազատար ցանցը հանձնվել է համայնքի հաշվեկշիռ, այժմ աշխատանքներ են տարվում այն անհատույց օգտագործման համար «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը հանձնելու ուղղությամբ: Գյուղապետի խոսքերով՝ այդ գործընթացը վերաբերում է ոչ միայն վերոհիշյալ 5 գյուղերին, այլ նաեւ Տավուշի մարզի Հովք համայնքին:
Գործընթացն ավարտելուց հետո համայնքի յուրաքանչյուր բնակիչ պետք է գրավոր դիմի գազի մատակարարման եւ շահագործման մարզային հիմնարկություն, որպեսզի հիմնական գազատարից իր առանձնատուն միացում կատարվի: Դրա համար պետք է կազմվի համապատասխան նախագիծ, որի համար բնակիչը որոշակի գումար պետք է վճարի: Գյուղապետը կարծում է, որ այս տարվա գարնանը սահմանամերձ Ոսկեվանի բնակիչներից ոմանք կօգտվեն բնական գազից, իսկ գյուղի բնակչության մեծ մասը երկնագույն վառելիքից կօգտվի աշնանը, երբ գյուղացիները բերքն իրացնելուց հետո գազատարից միացում կատարելու համար գումար կունենան:
Նշենք, որ անցած 25 տարում Տավուշի մարզի այս անտառամերձ համայնքները եղել են անտառի հույսին, ինչի արդյունքում ավելացել են ծառահատումները: Հուսանք, որ գազաֆիկացումից հետո պատկերը կփոխվի:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ