Հայաստանում վերջին տասնհինգ տարիներին տեղի ունեցած իրադարձությունները եւ այդ ընթացքում Ադրբեջանի պահվածքն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական կողմը շատ լավ հասկացել է, որ հարձակման պատրաստ թշնամու կերպարը հրատապ պահելով՝ իրենք առնվազն խոչընդոտում են, որ Հայաստանում երբեւէ դրական փոփոխություններ տեղի ունենան:
Պատկերացրեք մի իրավիճակ, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, տնտեսությունում ազատ մրցակցություն է, դատարանները արդարադատություն են իրականացնում, իրավապահները օրենք են պաշտպանում եւ այսպես շարունակ: Հասկանալի է, չէ, որ նման պայմաններում Հայաստանն ինչ արագ տեմպերով կզարգանար, մարդիկ ոչ միայն չէին արտագաղթի, այլեւ հաստատ արտագաղթածների գերակշիռ մասը կվերադառնար, ինչպես նաեւ սփյուռքում ապրող հայերի մի մասը կնախընտրեր գալ Հայաստան: Այս ամենը կհանգեցներ ազատագրված տարածքների բնակեցմանը, իսկ մի քանի տարի անց Հայաստանի բնակչությունը փաստացի շատ քիչ կզիջեր Ադրբեջանի բնակչության թվաքանակին: Միջազգային հանրությունն այլեւս չէր կարողանա ժողովրդավար, իրավունքը հարգող եւ զարգացող Հայաստանի եւ ազատ խոսքի համար լրագրողին կալանավորող Ադրբեջանի միջեւ հավասարություն դնել: Կխուսափեին նման հավասարություն դնելուց, որովհետեւ նման մոտեցումը նրանց իսկ երկրների քաղաքացիների կողմից չէր հասկացվի, եւ, ասենք, եվրոպացի գործիչները լուրջ խնդիրներ կունենային իրենց երկրներում:
Իսկ վերջին մեկուկես տասնամյակի իրողությունն այն է, որ արտաքին աշխարհի տեսանկյունից Հայաստանը եւ Ադրբեջանը նույն մարդատյաց երկրներն են, երկուսից էլ քաղաքացիները փախչում են եւ եվրոպական երկրներում ապաստան խնդրում` իրենց երկրների իշխանություններին մեղադրելով հնարավոր բոլոր հանցանքները կատարելու մեջ: Այսինքն՝ Ադրբեջանի իշխանությունները գործնականում Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի երկգլխանի ռեժիմի հիմնական դաշնակիցն ու պահապանն են: Ի դեպ, Հայաստանի իշխանության պարագլուխները եւ Ադրբեջանի իշխանությունները շատ կարեւոր ընդհանրություն ունեն. վերջիններիս ղեկավարն առաջին երկուսի երիտասարդության տարիների գաղափարական առաջնորդի որդին է:
Վերը բերվածը հաշվի առնելով՝ փորձենք հասկանալ Սերժ Սարգսյանի հետեւյալ միտքը. «Ամեն անգամ, երբ Հայաստանի ներսում որեւէ խնդիր է առաջանում կամ ցավալի իրադարձություն է տեղի ունենում, Ադրբեջանին թվում է, թե եկել է իր աստեղային ժամը, եւ նա անմիջապես իրեն ցույց է տալիս առաջին գծում»: Այս միտքը հնչել է հունվարի 26-ին ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցած կոլեգիայի նիստում` Սերժ Սարգսյանի ելույթի ընթացքում: Արդյո՞ք Սերժ Սարգսյանի այդ միտքը հասցեագրված է ՀՀ քաղաքացիներին: Այսինքն՝ ստացվում է, որ եթե ՀՀ քաղաքացիները մի օր որոշեն ազատվել Հայաստանը թալանող եւ քայքայող երկգլխանի իշխանությունից, որի մի մասը գործում է ընդդիմադիր դաշտում` «ոչ իշխանական» անվանումով, ապա ստացվելու է, որ պետությունը շտկել ցանկացողները Ադրբեջանի «ջրաղացին ջուր են լցնում»: Հայաստանի իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ ինքնակամ իշխանությունը չեն հանձնի, մյուս կողմից էլ անուղղակի կերպով փորձում են իրենց հեռանալ պարտադրողներին մեղադրել թշնամուն օգուտ տալու մեջ:
Իսկ միգուցե Սերժ Սարգսյանի այդ խոսքերի իրական հասցեատերը Ադրբեջանի ղեկավարությունն է, եւ այդպիսով Սերժ Սարգսյանը ցանկացել է իր երիտասարդ տարիների գաղափարական առաջնորդի որդուն հասկացնել, որ ադրբեջանական զորքերին Հայաստանի սահմանների վրա հարձակվելու ապուշ հրամաններ տալով՝ հանկարծ Հայաստանում քաղաքական փոփոխություններ կլինեն: Ընդ որում՝ Ալիեւն էլ իր երկրի ներսում է սպառնում քաղաքացիներին՝ հայկական «հարձակումներով»: Թերեւս երկու գործոնն էլ առկա է:
Բայց ակնհայտ է, որ առաջիկայում սահմաններին համեմատաբար հանգիստ կլինի, քանի որ իրավիճակի հետագա սրումը միաժամանակ վտանգավոր է Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանության պարագլուխների համար:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՈՎ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն՝ Արման Նազարյանին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը օր օրի «դատարկվում» է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ա. Նազարյանը բավական մեծ պարտքեր է կուտակել, ինչի պատճառով շատ կազմակերպություններ հրաժարվում են խանութի ցանցերին ապրանք տրամադրել: Արման Նազարյանի հետ կապ հաստատելու «Ժողովուրդ»-ի բոլոր ջանքերն անցան ապարդյուն: Ի վերջո «Ժողովուրդ»-ին հաջողվեց Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանից մեկնաբանություններ ստանալ: Նազարյանն ասաց, որ ինքն ու որդին քաղաքում չեն, կվերադառնան մի քանի օրից: «Որեւէ խնդիր չկա, մի 3-4 օրից ինքը կվերադառնա, ձեր հարցերը կուղղեք իրեն, բայց ես նշեմ, որ որեւէ պրոբլեմ չկա, ես մի քիչ ուշ կլինեմ»,- ասաց Ն. Նազարյանը: Հարցին, թե ճիշտ է, որ Ձեր բիզնեսների հետ կապված խնդիրներ ունեք, նա պատասխանեց. «Ո՞վ այսօր բիզնես չունի, ո՞վ այսօր պրոբլեմ չունի բիզնեսում, կա՞ տենց մեկը»:
ՀՅԴ ԳՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Երեկ տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հերթական նիստը: Նիստում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հիշեցնենք, որ նախկինում՝ մինչ ՀՅԴ Բյուրոյի անդամ ընտրվելը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը Արմեն Ռուստամյանն էր: Աղվան Վարդանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունն ու նշեց, որ այդ պաշտոնը թափուր էր մնացել Արմեն Ռուստամյանի՝ Բյուրոյի անդամ ընտրվելուց հետո: Մեր այն հարցին, թե տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է, որ ՀՅԴ-ում լուրջ տարաձայնություններ կան, ու դա ավելի ակնհայտ է դարձել ՀՅԴ վերջին ընդհանուր ժողովից հետո, Աղվան Վարդանյանը հրաժարվեց պատասխանել:
ԴԱՏԱԽԱԶԻ ՀԱՅՐԸ ՀՅՈՒՊԱՏՈՍ
Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայրը՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախկին նախագահ Սուրիկ Կոստանյանը, նշանակվելու է Օդեսայում Հայաստանի հյուպատոս: Ինչպես հայտնի է՝ Կոստանյանը օրերս ազատվեց դատարանի նախագահի պաշտոնից: Պաշտոնապես նրա լիազորությունները դադարեցվել են սեփական դիմումի համաձայն, քանի որ ձեռք է բերել դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի հիվանդություն: Ուշագրավ է, որ մարդը հիվանդության պատճառով չի կարող դատավոր աշխատել, բայց նրան պատրաստվում են հյուպատոս նշանակել: Նման բան թերեւս միայն Հայաստանում կարող է լինել. դեսպանի, հյուպատոսի եւ խորհրդականի պաշտոնները մեզանում վերածվել են «խաթրից դուրս չգալու» հրամանագրերի:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՊԱՏՐԱՍՏ Է ԳՆԱԼ ԱՌԱՋԻՆ ԳԻԾ
Բանակի օրվա կապակցությամբ երեկ Եռաբլուր է այցելել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ ծառայել է բանակում: Այն հարցին, թե ինչ հետաքրքիր դրվագ կհիշի բանակային կյանքից, Ս. Ալեքսանյանը պատասխանել է. «Լիքը բան կհիշեմ»: Իսկ հարցին, թե անհրաժեշտության դեպքում պատրաստ է գնալ առաջին գիծ, նա հայտարարել է. «Ինչի՞ պետքա չգնամ»:
ՆՈՐԻՑ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ
ԱՄՆ 16 սենատորների խումբը, որտեղ կան թե՛ հանրապետականներ, թե՛ դեմոկրատներ, նախօրեին Կոնգրեսին ներկայացրել են մի օրինագիծ, որը հնարավորություն կտա Իրանի դեմ սահմանել նոր պատժամիջոցներ, եթե Իրանին ու «Վեցյակին» չհաջողվի իրանական միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիր ստորագրել մինչեւ ընթացիկ տարվա հունիսի 30-ը:
ԴԱՐՁՅԱԼ ԿՐԱԿՈՑՆԵՐ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ հունվարի 27-ին եւ լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60 մմ ականանետերից (114 արկ) եւ ՌՊԳ-7 (5), ՍՊԳ (1) ու ԱԳՍ (37) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7.000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահությունը:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԵՂԾԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 21-րդ նստաշրջանի ընթացքում թուրքական կողմը ներկայացնող փոխվարչապետ Բյուլենթ Արընչը պատասխանել է հայ-թուրքական հարաբերությունների, Հայաստանի շրջափակման եւ Հրանտ Դինքի սպանության գործի վերաբերյալ հայկական պատվիրակության ներկայացուցիչների հարցերին։Մասնավորապես, խոսելով Հայաստանի շրջափակման մասին՝ Արընչն ընդգծել է. «Հայաստանն իր ապրանքները երրորդ երկրներ արտահանելու համար կարող է օգտագործել Վրաստանի ու Իրանի, այնուհետեւ նաեւ՝ Թուրքիայի տարածքը։ Բացի դրանից՝ այսօր Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ուղիղ չվերթներ են գործում»։Այն հարցին, թե ինչու է Հրանտ Դինքի սպանության գործով անցկացվող քննությունը բազմաթիվ քննադատությունների տեղիք տալիս, Արընչը պատասխանել է, որ այս հարցում նույնպես դրական առաջընթաց է գրանցվել՝ հիշատակելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Դինքի մահվան 8-րդ տարելիցի վերաբերյալ հունվարի 20-ի հայտարարությունը, ըստ որի՝ «Թուրքիան կիսում է հայերի ցավը, սակայն կոչ է անում ապագայի համար համբերություն ցուցաբերել»։ «Մեզ համար Հայաստանի հետ հարաբերությունների հորիզոնը խաղաղությունն ու բարեկամությունն է», – այսպես է եզրափակել իր խոսքը Թուրքիայի փոխվարչապետը։
ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԷ
Պաշտոնական Ստեփանակերտի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ: Այս մասին «Ազատության»-ն ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությանը: