«Երգը մաքրում է հոգին», սրանք կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի խոսքերն են, որոնք խորությամբ ընկալելու համար պարզապես հարկավոր է ունկնդրել նրա երաժշտությունը: Այդ ժամանակ անխուսափելի է ոչ միայն ինքնամաքրումը, այլեւ ձուլումը Տիգրան Մանսուրյան համամարդուն, մեկին, ով իր ստեղծած երաժշտության պես որքան պարզ է, նույնքան հանճարեղ: Եվ եթե մաեստրոյի թողած մշակութային ժառանգության մասին բազմիցս խոսվել է, ապա Տիգրան Մանսուրյան մարդու մասին՝ ոչ այնքան. շատերս նրա մասին պատկերացում ենք կազմում բացառապես մաեստրոյի արվեստի միջոցով: Սակայն կան մարդիկ, ովքեր բախտ են ունեցել կոմպոզիտորի հետ շփվել բոլորովին այլ հարթության մեջ՝ մտերմիկ, ընկերական միջավայրում:
Նրանցից մեկն էլ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Զոհրաբյանն է, ինչպես ինքն է ասում՝ մաեստրոյի հոգեւոր եղբայրը. «Տիգրանն իմ անբաժան ընկերն է, որի կարիքն ունեմ անընդհատ: Միշտ սովորում եմ իրենից, անկախ նրանից՝ կողքիս է, թե ոչ: Նա եղել է իմ ուսուցիչը, ինձ վարակել է արվեստով, դրդել, որ երաժշտություն գրեմ, 17 տարեկան էի, լսեցի նրան: Հիմա արդեն վաղեմի ընկերներ ենք»,-«Ժողովուրդ»-ին պատմեց Ա. Զոհրաբյանը:
Կոմպոզիտորի խոսքով՝ Տիգրան Մանսուրյանն ուրիշ, արտասովոր մարդ է… Նրան կարող են մտահոգել այնպիսի երեւույթներ, որոնց կողքով սովորական մարդիկ կարող են հենց այնպես անցնել. «Բոլորը գիտեն, որ նա ուժեղ մարդ է, իսկ ես գիտեմ նաեւ նրա թուլությունների մասին: Բայց դրանք այնքան մարդկային են, այնքան ճոխ. միայն հարուստ մարդը կարող է նման թուլություններ ունենալ: Անգամ փողոցում քայլելիս նա կարող է նկատել ցանկացած կեղծ, անազնիվ երեւույթ ու հուզվել»:
Մաեստրոյի ընկերը խոստովանում է, որ երբեմն «նախանձում է» նրան. «Երբ փողոցով միասին քայլում ենք, բոլորն ուզում են հետը նկարվել: Մի անգամ ասացի՝ այսպես որ շարունակվի, դու սուրբ կդառնաս, բոլորն իրենց տներում կունենան քո նկարը, ինքն էլ կատակով ասաց՝ չէ, սուրբ չեմ դառնա, ուղղակի էլ մարդ չի մնա, որ չուզենա ինձ հետ նկարվել»,- ծիծաղով հիշեց Ա.Զոհրաբյանը:
Տիգրան Մանսուրյանի հետ մտերմության հաճույքը վայելում է նաեւ նրա քրոջ դուստրը՝ երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը: «Երբ փոքր էի, ինձ ասում էր՝ «ճուտիկս»: Միշտ մտերիմ ենք եղել, նա մասնակցել է իմ աշխարհայացքի ձեւավորմանը, իր հետ հաճախ զրուցել եմ, խորհուրդ եմ հարցրել: Խոսել ենք արվեստից, ոչ միայն դասական, այլեւ ամենատարբեր ոճերի երաժշտությունից, նաեւ՝ փոփից»:
Շուշան Պետրոսյանի խոսքով՝ կոմպոզիտորն առանձնահատուկ վերաբերմունք ունի գրականության նկատմամբ եւ իրեն ճաշակ է թելադրել նաեւ այդ հարցում. «Երբ փոքր էինք, ինձ ու քրոջս հանդիպելիս առաջինը հարցնում էր, թե այդ պահին ինչ գիրք ենք կարդում, եւ առ այսօր այդպես է: Մի անգամ հարցրեց, թե ում գիրքն է ձեռքիս տակ, ասացի՝ Սարոյանինը, ասաց՝ Ֆոլկներ կարդա, ջանի՛կս, Ֆոլկներ: Նա մի պահ շատ տարված էր Ֆոլկներով, անգամ իր աշխատասենյակում փակցրել էր գրողի նկարը»,-պատմեց երգչուհին:
Նա հիշեց, թե ինչպես ինքը մի անգամ հայտնի մի հեղինակի գիրք էր բերել Մոսկվայից եւ չէր էլ հասցրել ընթերցել, երբ Տիգրան Մանսուրյանը խնդրել էր գիրքը տալ իրեն. «Այդ գրքի վրա կնոջ մերկ մարմին էր պատկերված: Երբ նա վերադարձրեց այն, տեսա, որ շապիկին սպիտակ թուղթ էր փակցրել: Հարցրի՝ քեռի ջան, ինչո՞ւ ես նման բան արել, ասաց՝ որովհետեւ այն, ինչ գրքի մեջ էր եւ այն, ինչ շապիկին էր, բոլորովին կապ չունեին միմյանց հետ…»:
Շուշան Պետրոսյանի խոսքով՝ իր քեռին հայ մշակույթի ժառանգակիրն է, ով շատ կարեւոր առաքելություն ունի…
Հենց այդ առաքելությունն էլ ստիպում է մաեստրոյին կառչել հայրենի հողից ու թեեւ նա հիմա ԱՄՆ-ում է՝ դստեր մոտ, շատ է կարոտում իր Հայաստանը: Այդ մասին վկայում է նաեւ Աշոտ Զոհրաբյանը. «Հետը զրուցում եմ, զգում եմ, որ ինքն իրեն չի պատկերացնում այս հողից կտրված վիճակում, ասում է՝ հազիվ եմ դիմանում, խենթանալու չափ ուզում եմ վերադառնալ Հայաստան…»:
Եվ դա միանգամայն հասկանալի է. չէ՞ որ Տիգրան Մանսուրյանն ինքն է ասում՝ եթե հայրենիքի մեջ ես, նշանակում է՝ աղոթքի մեջ ես…
Հ.Գ. Հունվարի 27-ին Տիգրան Մանսուրյանը նշեց իր ծննդյան 76-ամյակը: «Ժողովուրդ»-ը շնորհավորում է մաեստրոյին` մաղթելով քաջ առողջություն եւ անսպառ ավյուն:
«ԻՐԵՆՑ ՔԹԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ՈՉԻՆՉ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ»
Բեմադրիչ Սուրեն Շահվերդյանն այն կարծիքին է, որ հայ թատրոնին պակասում են նոր շունչն ու արդիական մոտեցումը: Նրա գնահատմամբ` դրա պատճառներից մեկն այն է, որ թատրոնը քիչ է հովանավորվում, բացի այդ` Հայաստանում մշակույթի ոլորտը ղեկավարում են մարդիկ, ովքեր հեռու են դրանից:
-Սուրե՛ն, այս տարի ի՞նչ նոր բեմադրություն եք պատրաստում հանդիսատեսի համար:
-Հիմա աշխատում եմ մի նոր ներկայացման վրա, արդյունքը կերեւա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ասեմ, որ վերջերս Սունդուկյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսորի հետ պայմանավորվածություն ունեցա, ըստ որի թատրոնի վերանորոգումից հետո այնտեղ ինչ-որ բեմադրություն կանեմ, տեսնենք՝ ինչպես կստացվի:
-Փաստորեն, Սունդուկյանի անվան թատրոնի անձնակազմի հետ Ձեր հարաբերությունները կարգավորել եք…
-Դե, դա կերեւա այն ժամանակ, երբ պաստառների վրա կհայտնվի Սունդուկյանում իմ նոր ներկայացման մասին հայտարարությունը:
-Ձեր բեմադրած «Սեւ, դառը շոկոլադ» ներկայացումը, կարծես, հետաքրքրեց հանդիսատեսին. կնոջ թեման Ձեր մյուս ներկայացումներում եւս շարունակական կլինի՞:
-Այո՛, մյուս ներկայացումը, որի մասին մտածում եմ, Իբսենի գործերից է, դրա շրջանակում եւս տեսնում ենք վառ ու ուժեղ կնոջ կերպար: Մտածում եմ նաեւ «Օթելլո» բեմադրելու մասին:
-Քանի որ բազիցս նշել եք, որ մեր թատրոններին պակասում է թարմ շունչը, հնարավո՞ր է, որ, ասենք, հենց թեկուզ «Օթելլո»-ն բոլորովին նոր մեկնաբանությամբ ներկայացնեք հանդիսատեսին:
-Այո՛, միանշանակ, այն բոլորովին նոր տեսակետից է ներկայացվելու: Այդ միտքն արդեն 10-12 տարի է՝ գլխումս պտտվում է: Եթե դասական գործն այսօրվա շնչով չբեմադրես, անիմաստ կլինի:
-Պնդում եք, որ հայ թատրոնն այս առումով կաղում է, իսկ ի՞նչ եք կարծում՝ որո՞նք են դրա պատճառները, եւ ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը:
-Նախ՝ խնդիրն այն է, որ թատրոնը Հայաստանում քիչ հովանավորվող ոլորտ է, բացի այդ՝ մշակույթի ասպարեզը մեր երկրում ղեկավարում են մարդիկ, ովքեր շատ հեռու են դրանից: Շատ արվեստագետներ էլ այն համոզման են, որ իրենք այս ոլորտում հասել են կատարելության եւ այլեւս սովորելու ոչինչ չունեն. իրենց քթից այն կողմ ոչինչ չեն ուզում տեսնել: Ուստի պետք է թարմացվի թատրոնների ոչ թե տարիքով, այլ հոգեպես «ծերացած» ղեկավարների ցանկը, նոր մոտեցումներ են պետք ոչ միայն թատրոնին, այլեւ հայ մշակույթին:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
«ԹԵՎԱՆԻԿ»-Ը՝ ԱՄՆ-ՈՒՄ
Արցախյան ազատամարտի մասին հայ-լիտվական համատեղ արտադրությամբ ստեղծված եւ «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր. խաղարկային» մրցույթում հաղթող ճանաչված «Թեւանիկ» ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ մի շարք քաղաքներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը տեղեկացրել է, որ կինոնկարը ներկայացվել է Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Բոսթոն, Նյու Յորք, Վաշինգթոն քաղաքներում: «Ամեն տեղ դահլիճը լեփ-լեցուն էր, «Թեւանիկ»-ը մեծ սիրո էր արժանանում»,-նշել է ֆիլմի ռեժիսորը:
Նրա տեղեկացմամբ` նախատեսված է ցուցադրություններ կազմակերպել նաեւ ԱՄՆ Սակրամենտո, Օքլենդ, Քոփերթինո, Չիկագո, Դեթրոյտ եւ կրկին Բոսթոն քաղաքներում, Հունաստանում, Փարիզում, Արգենտինայում, Քուվեյթում:
Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը բողոք է պատերազմի դեմ ականատեսի աչքերով, ով խաղաղություն է քարոզում:
ՄԱՅՐ Է ԴԱՐՁԵԼ
«Քույրը» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասանուհի Աննա Մովսեսյանը մայրացել է: Հունվարի 27-ին Մադրիդում ծնվել է նրա եւ ռոք-երաժիշտ Վրեժ Խաչատրյանի առաջնեկը: Նորաթուխ ծնողներն իրենց դստերն անվանակոչել են Սոֆյա:
«Անկեղծ ասած՝ հուզված եմ: Մինչեւ հիմա չեմ հավատում, որ նա իմն է: Չեմ համբերում, թե երբ պետք է կազդուրվեմ, որ անընդհատ գրկեմ»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Աննան, ով ամուսնու հետ բնակություն է հաստատել Իսպանիայի մայրաքաղաքում:
Նորածին Սոֆյան, դերասանուհու խոսքով, չի նեղացրել ո՛չ մայրիկին, ո՛չ էլ հայրիկին. «Երկուսիս էլ նման է»,-ասել է Աննան:
ԿԹԱՂԵՆ ԱԹԵՆՔՈՒՄ
Աշխարհահռչակ հույն երգիչ Դեմիս Ռուսոսի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 30-ին, Աթենքի Առաջին գերեզմանատանը, որտեղ թաղված են երկրի մի շարք ճանաչված մարդիկ:
Հիշեցնենք, որ Ռուսոսը հունվարի լույս 25-ի գիշերը մահացել էր Աթենքի կլինիկաներից մեկում: Նա 68 տարեկան էր: Վերջին շրջանում ապրում էր ինչպես Հունաստանում, այնպես էլ Ֆրանսիայում՝ Նոյի քաղաքում:
Իր երաժշտական կարիերայի ընթացքում Ռուսոսը վաճառել է ալբոմների մոտ 60 միլիոն օրինակ: