Դեռևս մեկ տարի առաջ ավարտվել են նորակոչիկ Մհեր Խլղաթյանին ծեծի ենթարկելու, պարտադիր ժամկետային զինծառայողներ Էդիկ Շահնազարյանի և Արշակ Զարդարյանի՝ հիվանդության պատճառով մահվան փաստի առթիվ նշանակված ծառայողական քննությունները: Պարզվել էր, որ զորամասերի հրամանատարները նկատողություն են ստացել, իսկ Մհեր Խլղաթյանի և Էդիկ Շահնազարյանի գործերով բժիշկներն ազատվել են աշխատանքից:
Armlur.am-ը պարզեց, որ միայն Մհեր Խլղաթյանին ծեծի ենթարկելու մասով հարուցված քրեական գործն է ուղարկվել դատարան, թեպետ ավելի վաղ պաշտոնապես հայտարարվել էր, որ Էդիկ Շահնազարյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում եղել են կալանավորվածներ: Ովքեր են եղել կալանավորվածները, պարզել չհաջողվեց: Քննչական կոմիտեից Armlur.am-ին հայտնեցին, որ նշված գործով մեղադրյալ չկա, կատարվում է նախաքննություն: Նշանակվել է համալիր փորձաքննություն, որի պատասխանը դեռևս չկա:
Փաստորեն` 1 տարվա ընթացքում դեռևս «հնարավոր չի եղել» պարզել` ի վերջո, ինչից և երբ է իրականում մահացել զինվորը: Նշենք, որ սկզբում ասվում էր, թե Է. Շահնազարյանը մահացել է Էջմիածնի հիվանդանոցում, սակայն Էջմիածնի հիվանդանոցից լրատվամիջոցներին փոխանցել էին, որ զինվորը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած:
Հիշեցնենք, որ Էդիկ Շահնազարյանը մահացել է նախորդ տարվա հունվարի 20-ին Էջմիածնի հիվանդանոցում: Նույն տարվա փետրվարի 12-ին Կենտրոնական կլինիկական հոսպիտալում մահացել էր ժամկետային զինծառայող Արշակ Զարդարյանը:
Անդրադառնալով Մհեր Խլղաթյանին ծեծի ենթարկելու գործին` նշենք, որ գործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վարդենիսի նստավայր և ուղարկվել դատավոր Վարդան Հարությունյանի վարույթ:
Ծեծի փաստի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է երեք անձ՝ նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Օհանյանը, դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Հրաչ Մնացականյանը և զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը:
Նշենք, որ Մհեր Խլղաթյանը հունվարի 13-ի գիշերը՝ ժամը 02:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Վարդենիսի զինվորական հոսպիտալից, երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ), եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ, և 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը):
Ռազմական բժիշկ, ԼՂՀ N զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը նույն զորամասից Երևան տեղափոխված նորակոչիկ 18-ամյա Մհեր Խլղաթյանի գործով երեք մեղադրյալներից մեկն է: Ռազմական բժիշկը մեղադրվում է Մհեր Խլղաթյանին ծեծելու և խոշտանգելու, ինչպես նաև՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ: Ըստ շրջանառվող լուրերի` Ա. Թադևոսյանը, անտեսելով երկկողմանի թոքաբորբով տառապող զինվորին, թերացել է իր անմիջական պարտականություններում, ինչի հետևանքով 18-ամյա Մհեր Խլղաթյանը գրեթե մահամերձ վիճակում տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը: