Սփյուռքահայ երգահան ԴԵՐ ՀՈՎԱՆ համագործակցում է շատ հայ երգիչների հետ, վերջերս էլ երգչուհի Էմմիի հետ նոր շունչ տվեցին “Այո” երգին, որը գրվել է “Եվրատեսիլ” մրցույթի համար: Ինչպես մեր թերթի հետ զրույցում նշեց Դեր Հովան, տվյալ երգը շատ անձնական գործ է, քանի որ…
-Իմ մոր մոտ առողջական խնդիրներ կային, լավ չէին նաեւ Էմմիի ծնողները, ու ես այդ ամենի ազդեցության տակ գրեցի բառերն ու երաժշտությունը: Հետո էլ երգը դարձավ շատ անձնական ու հարազատ իմ ու Էմմիի համար:
Հիմա արդեն երգն ունի ավելի մելոդիկ ու հանգիստ տարբերակ: Անցած ամառ, երբ Էմմին Գերմանիայում էր, ես էլ՝ Կանադայում, մեյլով խոսում էինք, ես էլ ասացի. “Է՛մ, արի նոր շունչ տանք այդ երգին ու վերջապես անենք էդ գործը”: Ինքը Գերմանիայում ձայնագրեց նոր վոկալ նոր երգի համար, ես ել սկսեցի երաժշտության վրա աշխատել: Հանդիպեցինք Հայաստանում, ու երգը ստացավ իր վերջնական տեսքը: Տեսահոլովակն էլ ես նվիրեցի Էմմիին, նկարեց Արամայիս Հայրապետյանը:
-Կանադայում ինչո՞վ եք զբաղվում, դե այստեղ գիտենք՝ երաժշտությամբ, սեփական բիզնեսով:
-Նույն բանով` երաժշտությամբ: Մինչ Հայաստան տեղափոխվելս ես երկար տարիներ Կանադայում երաժշտական գործունեություն էի ծավալում, հիմա էլ շարունակում եմ էնտեղի երգիչների հետ համագործակցել կամ էստեղից եմ աշխատում` ուղարկում:
-Քանի՞ տարի է, որ Հայաստանում եք բնակվում:
-10 տարի, 2002-ին եմ եկել: Փորձում եմ տարին մեկ անգամ գնալ Կանադա ու հետ գալ, բայց հիմնական բնակությունս հաստատել եմ Հայաստանում:
-ՀՀ քաղաքացի՞ եք:
-Ո՛չ, բայց արդեն դիմել եմ, հուսամ՝ մինչեւ աշուն կստանամ:
-Իսկ ներքաղաքական կյանքով հետաքրքրվո՞ւմ եք:
-Այո՛, որովհետեւ դա իմ վաղվա ապագան է, ու իմ շրջապատում էլ ունեմ ընկերներ, որ կցանկանայի՝ մնային, չգնային էստեղից, կուզեմ բոլորն էլ լավ ապրեն: Ազատ էլ արտահայտում եմ իմ կարծիքը, չեմ վախենում: Իհարկե, Կանադայում ավելի թեթեւ էր կենցաղս, բայց այստեղ էլ այնպիսի պլյուսներ կան, որ այնտեղ չես գտնի: Այնտեղ միապաղաղ է կյանքը, իսկ այստեղ անընդհատ ինչ-որ բաներ են լինում:
-Շատերը հեռանում են Հայաստանից, Դուք հետ եք եկել: Ի՞նչն է Ձեզ բերել:
-Դե սփյուռքահայերի մոտ կարոտն ուրիշ է: Մեր պապերն ու տատերը չեն կարողացել կատարել իրենց երազանքն ու վերադառնալ հայրենիք, ես էլ մտածեցի գամ, տեսնեմ՝ կստացվի էստեղ ապրել, թե ոչ: Եթե չստացվեր էլ, կորցնելու ոչինչ չունեի, հետ կգնայի Կանադա, բայց հարմարվեցի ու մնացի: Ինձ համար իմ հիմնական տունը Հայաստանն է:
–Մեր վերջին զրույցի ժամանակ նոր էիք գնել Ձեր բնակարանը, ասացիք, որ վերանորոգման մեջ եք, ավարտեցի՞ք:
-Այո՛, օրերս ենք ավարտել, էս շաբաթ վերջապես կտեղափոխվեմ նոր տուն:
-Երբ դրսից գալիս են Հայաստան, նախ տուն են գնում, բայց Դուք նախ բիզնես` ռեստորան հիմնեցիք:
-Դե երբ ես նոր էի տեղափոխվել, իմ մորաքույրն ու իր ամուսինը 20 տարի առաջ արդեն այստեղ էին տեղափոխվել, առաջին տարին իրենց մոտ մնացի, հետո ապրելու միջոց ստեղծեցի ու նոր բնակարան գնեցի:
-Ըստ Ձեզ՝ երաժիշտը Հայաստանում կարո՞ղ է առանց կողմնակի բիզնես, եկամուտ ունենալու, միայն իր արվեստով գումար աշխատել:
-Այո՛, կախված է նրանից, թե ինչ են անում: Ա՛յ երգիչների մոտ մի քիչ դժվար է, եթե իրենք չերգեն ռաբիս, որ կարողանան նաեւ հարսանիքներին փող աշխատել: Իսկ գործիքավորողների ու երգերի հեղինակների համար, չեմ կարծում, որ գումար վաստակելը բարդ է: Այս ասպարեզում մենք ավելի շատ փող ենք աշխատում: Դե ռաբիս երգիչներին չենք հաշվում, իրենք մեզնից հաստատ ավելի շատ են վաստակում:
-Բայց ոչ մի գործիքավորող չի կարող երաշխավորել, որ ինքը հիթային գործ կստեղծի:
-Դե բոլորս էլ մի քիչ տարբեր ձեւերով ենք աշխատում: Գիտեմ գործիքավորող, որ կարող է տարվա մեջ 3-4 երգ գործիքավորել, իսկ ես այդպես չեմ անում, երբեք այդ տեսակ ցանկություն չի եղել, որ ռոբոտի նման նույն ոճի մեջ գործեր անեմ: Իսկ նա, ով հիթեր է գործիքավորում, ավելի շատ գումար է վաստակում:
-Եթե չլիներ Ձեր ռեստորանի եկամուտը, կկարողանայի՞ք գործիքավորումների հաշվին ապրել:
-Ինձ թվում է՝ այո՛: Չնայած, կախված է նաեւ, թե այդ ամիս ուր եմ գնում, եթե արձակուրդի, մի քիչ դժվար կլիներ այդ պահը:
-Ամսական որքա՞ն գումար է Ձեզ անհրաժեշտ լավ ապրելու համար:
-Դե ես տան վարձ չունեմ, ինձ թվում է` մի 500 դոլարով կկարողանամ ամսվա մեջ ապրել, կոմունալ վճարներն էլ հետը: Ախր ես մենակ եմ ապրում, ընտանիք չունեմ, ծախսերս էլ շատ չեն:
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ