
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր` հուլիսի 24-ին, գործակարգավարական հերթական խորհրդակցությունն է անցկացրել` փոխնախարարների, նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին Առողջապահության նախարարությունից: Նախարարության պաշտոնատար անձինք ըստ ոլորտների նախարարին են ներկայացրել ընթացիկ հարցերը, անելիքները:
Դերենիկ Դումանյանը մատնանշել է, որ շաբաթ,կիրակի օրերին հանրապետության բանուկ մայրուղիներում սեզոնային ծանրաբեռնված երթեւեկության պայմաններում հարկ է սահմանել շտապօգնության ծառայության հերթապահություն արտակարգ պատահարներին արագ արձագանքելու եւ անհրաժեշտության դեպքում շտապ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով: Ուստի, համապատասխան ստորաբաժանմանը հանձնարարել է կազմակերպել նշված աշխատանքները: Մասնավորապես` նախարարը կարգադրել է առաջնահերթ Երեւան-Սեւան մայրուղու մի քանի հենակետում ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին ապահովել շտապօգնության մեքենաների հերթապահություն: