Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը armlur .am-ին հայտնեց, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները ձեռնաշղթայված վիճակով Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն բերեցին “Հարսնաքարի” գործով կալանավորված բոլոր անդամներին՝ 6 հոգու:
Ըստ ֆոտոլրագրողի, հնարավոր է՝ այսօր նրանց տեղափոխեն “Հարսնաքար” ռեստորանային համալիր՝ քննչական փորձարարություն կատարելու համար: Այսինքն, կալանավորվածները քննիչներին պետք է պատմեն և մատնացույց անեն, թե դեպքի օրը և ժամին “Հարսնաքարում” ով, որտեղ և ինչ գործողություններ է կատարել:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ի երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում, Հարսնաքարե ռեստորանում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակից, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը մահացավ: Միջադեպի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել նաև նույն հոսպիտալի աշխատակից Արտակ Բայադյանը և ռազմական բժիշկ Գարիկ Սողոմոնյանը:
Հունիսի 21-ին Ոստիկանությունը միջադեպի կապակցությամբ ձերբակալել էր 7 հոգու՝ համալիրի անվտանգության աշխատակիցներ Արթուր Բաբլոյանին, Գարիկ Մարգարյանին, Արման Խաչատրյանին, Արման Բաղդասարյանին, մատուցող Դավիթ Ադամյանին, Նորայր Հայրապետյանին և ռեստորանային համալիրի մենեջեր Դավիթ Հայրյանին: Վերջինս 4 օր անց՝ հունիսի 25-ին ազատ արձակվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի հիմքով: Նա ճանաչման էր ներկայացվել տուժողին, և վերջինս նրան չէր ճանաչել:
Մինչ այդ՝ հունիսի 22-ին ձերբակալվածներից 4-ի, իսկ ավելի ուշ ևս 2-ի նկատմամբ կիրառվել էր երկամսյա կալանքը՝ որպես խափանման միջոց:
Այսպիսով, այս գործով կալանավորվածները 6-ն են, որոնք բոլորը մեղադրվում են տուժողների առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: