ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն” կուսակցության քաղաքական խորհուրդն ԱԺ ընտրություններից առաջ կուսակցության լուծարման  եւ Հայաստանի հանրապետական կուսակցության հետ միավորվելու մասին հայտարարություն տարածեց: Սակայն ՀԺԱՄ քաղխորհրդի նախագահ Վահրամ Մկրտչյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, թե իրենց կուսակցությունը դեռեւս չի լուծարվել, իրենք ընդամենը միացել են ՀՀԿ-ին:

-Պարո՛ն Մկրտչյան, ինչո՞ւ որոշեցիք լուծարել ՀԺԱՄ կուսակցությունը, ինչ-որ խնդիրնե՞ր կային:
-Պետք է ասեմ, որ չի լուծարվել, ՀԺԱՄ-ը՝ որպես իրավաբանական անձ, գոյություն ունի՝ պետռեգիստրում վկայականով եւ այլնով: ՀԺԱՄ-ն ընդամենն ընդունել է խորհրդի որոշում, որով  որոշեցինք ՀՀԿ-ի հետ միավորվել:

-ՀՀԿ-ի հետ միավորվելը Ձեր կուսակցությանն ի՞նչ տվեց:
-Գիտեք, Ձեր հարցը այնպես է, կարծես դա վերաբերում է նյութականին. ի՞նչ տվեց, ի՞նչ շոշափեցինք մենք: Այսպես ասեմ, որ ՀԺԱՄ-ն այն կուսակցությունը չէ, որ կարող են նրա կողքով ուղղակի անցնել: Մենք դեկտեմբերին մեծ համագումար արեցինք, որից պարզ դարձավ, որ ՀԺԱՄ-ը Հայաստանում գոյություն ունեցող 10 կուսակցությունների մեջ է: Քաջ գիտակցում ենք, որ քաղաքական դաշտը գնում է խոշորացման: Մեր կանխորոշումը, որ փոքր կառույցները դատապարտված են լուսանցքում հայտնվելու, իրականացավ: Հիմա մենք գնացինք խոշորացմանը, եթե ՀԺԱՄ-ը միանում էր ՀՀԿ-ին, ապա դրանից ե՛ւ ՀՀԿ-ն էր շահում, ե՛ւ ՀԺԱՄ-ը: Կլինի, դեռ ընթացքի մեջ է այդ օգուտը, դեռ պետք է լինի համագումար, լուծարման մասին պետք է որոշում կայացվի, հնարավոր է՝ չկայացվի նման որոշում:

-Բայց երկար ժամանակ ՀԺԱՄ-ը “ֆիզիկապես” գոյություն չուներ, կարծես թե փորձեց, ՀՀԿ-ին միավորվելով, “երեւալ”եւ խորհրդարանում մանդատ ունենալու հարց լուծել:
-Թույլ տվեք Ձեզ հետ չհամաձայնել, թե ՀԺԱՄ-ը չկար, վերջին 5 տարիների ընթացքում մենք շատ լուրջ պատրաստական աշխատանքներ ենք տարել, որպեսզի 2012 թվականի ընտրություններին մասնակցեինք: Չէ՛, մանդատի հարց դրված չէր, եթե նման հարց դրված լիներ, հավատացնում եմ Ձեզ, որ ես բանակցությունները կվարեի այնպես, որ կհասնեի դրան:

-Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, Ձեզ խոստացել էր, որ ՀՀԿ-ի հետ միավորվելու դեպքում մանդատ կստանաք, ինչո՞ւ Բեգլարյանն իր խոստումը չկատարեց եւ խաբեց Ձեզ:
-Բարսեղ Բեգլարյանի հետ նման քննարկում չենք արել, ամենեւին նման բան չի եղել, ես կարծում եմ, որ Բարսեղ Բեգլարյանն այն հեղինակավոր անձն է, որ եթե ուղղակի ուզենար, որ մեկը, էսպես ասած, մանդատ ստանար, երեւի կկարողանար օգնել: Որքան էլ որ մարդիկ չեն հավատում, բայց ասեմ, որ առեւտրային հարաբերություններ չեն եղել:

-Իսկ ինչո՞ւ Ձեզ չհաջողվեց խորհրդարանում Ձեր տեղը գրավել, ինչո՞վ էիք պակաս Արտաշես Գեղամյանից, Խոսրով Հարությունյանից…
-Չեմ ուզում ասել՝ ավել կամ պակաս, որովհետեւ իրենք իրենց արժանի տեղն ունեին քաղաքական դաշտում, ուղղակի դա այդքան շատ չկարեւորվեց, հակառակ դեպքում մենք չէինք համաձայնի 115 համարը լինել ՀՀԿ-ի ցուցակում: Այդ համարն արդեն ռիսկային համար էր, բայց մենք մեր բոլոր կարողություններով գնացել ենք դրան, մենք ՀՀԿ-ին 15 հազար ձայն ենք ապահովել:

-Իսկ այդ ձայների փոխարեն ի՞նչ եք ակնկալում ՀՀԿ-ից, չնայած նրան, որ ՀՀԿ-ն Ձեզ մանդատ չշնորհեց:
-Ակնկալում ենք լուրջ տնտեսական բարեփոխումներ, ակնկալում ենք դաշտում լուրջ փոփոխություններ: Քաղաքական շահը հետեւյալն է. ազդել, աջակցել քաղաքական գործընթացին, բայց այդ բարեփոխումները Հայաստանում ուշանում են: Եթե մի քանի ամիս էլ չերեւան՝ մինչեւ նախագահական ընտրությունները, արդեն շատ ուշացած կլինեն:

-Այդ դեպքում պատրաստվո՞ւմ եք ինչ-որ քայլ ձեռնարկել, մեղադրել ՀՀԿ-ին Ձեր վստահությունը չարաշահելու համար:
-Ասում են՝ ուշ է, բայց ուշացած չէ, դեռ այդ սպասումներն ու այդ հույսը կա, հավատքը կա, որ ՀՀԿ-ն կգնա այդ բարեփոխումներին: Ի վերջո, ,Հավատանք, որ փոխենքե կարգախոսը մտավ շատերի մեջ, ես կարծում եմ, որ այդ տրամաբանությամբ պետք է ապագան կառուցել: Կլինեն այդ բարեփոխումները նախագահական ընտրություններից առաջ, թե հետո՝ չգիտեմ:

-Դուք հավատո՞ւմ եք, որ ՀՀԿ-ն կիրագործի կառավարության ներկայացրած 5 տարվա ծրագիրը, քանի որ միայն ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ն այդ 
պարտավորությունն իրենց վրա վերցրին:
-ՀՀԿ-ն մենակ էլ կարող է իրականացնել, իր ուժերով, իր պոտենցիալով կարող է դա անել, բայց ընկերների հետ ավելի վստահ կարող էր դա անել: Այլ բան է, թե մենք որքան արագ ենք ուզում այդ բարեփոխումները տեսնել, բաներ կան, որ հնարավոր չէ շատ արագ անել:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս