Ժամանակն է սթափվենք. «Ժողովրդավարական Հայրենիք»-ը՝ Բերձորի դեպքի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Բերձորում տեղի ունեցած դեպքերին, երբ ոստիկանները և քաղաքացիական հագուստով անձինք հարձակվել էին դեպի Արցախ ավտոերթ իրականացնող «Հիմնադիր խորհրդարանի» անդամների վրա:

«2015թ. հունվարի 31-ին «Հիմնադիր խորհրդարանի» կազմակերպած ավտոերթը դեպի Արցախ կանխվեց «Ազատ» Արցախի մուտքի մոտ` ոհմակի կողմից, որոնց զգալի մասը կրում էին ոստիկանական համազգեստ:

Կատարվածը, եթե ներկայացվեր առանց մեկնաբանության, յուրաքանչյուրի մոտ տպավորություն կձևավորվեր, որ Ադրբեջանական դիվերսիոն գումարտակ է ներթափանցել Հայաստան:

Միայն ոխերիմ և մարդկային կերպարանք չունեցող թշնամին չէր թողնի նահանջի միջանցք և կշարունակեր հետապնդել:

Այնուամենայնիվ, մեր հասարակության համար ծանոթ ձեռագիր է, ինչի ականատեսն ենք եղել 2003թ. ապրիլի 12-ի գիշերը` Բաղրամյան պողոտայում, 2007թ. մայիսի 9-ին` Նալբանդյան փողոցում, և 2008թ. մարտի 1-ին:

Ոհմակը թույլ չտվեց Արցախ մուտք գործեն նրանց, որոնք, ժամանակին, առանց վարանելու, իրենց կյանքը նվիրաբերել էին Արցախ աշխարհին: Այսօր նրանց ընտանիքների ներկայությամբ նսեմացնում ու ծեծի են ենթարկում, ինչը, ժամանակին, թուրքի երազանքն է եղել:

Մենք դիմում ենք հասարակության կողմից մեծ հարգանք վայելող, նաև Արցախի ազատամարտի մասնակից Պարգև Սրբազանին` համացանցում վերոնշված կադրեր տեսնող, սահմանը պահող զինվորին արդյո՞ք հավատ կներշնչի օր ու գիշեր իշխանական ու ոչ իշխանական քարոզչությունը հայրենասիրության ու միասնության մասին, և այն դեպքում, երբ իրական թշնամին յուրաքանչյուր օր երազում ու փորձում է մտնել մեր տունը:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, խորը ցավ ապրելով կատարվածի համար, դիմում է ամբողջ հայությանը` Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, ժամանակն է սթափվենք, խեղդենք մեր միջի ստրուկը և հասկանանք, որ որևէ տարբերություն չկա օտար զավթիչի և սեփական օլիգարխիկ զավթիչների միջև:
Ժամանակն է անհրաժեշտ պահին ոտքի կանգնենք և մեր Հայրենիքը ազատագրենք ոչ միայն զավթիչներից, այլև նրանց թողած կեղտոտ ժառանգությունից:
Աստված օգնական Հայ ժողովրդին:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդ»:




Լրահոս