Այսօր ԱԺ նիստում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադարձավ Բերձորում «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների և ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպին և նշեց, որ միջադեպն, իհարկե, դատապարտելի է:
«Ե՛վ հայաստանյան, և՛ ղարաբաղյան իրավապահ մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն ու իրադարձությունը ներկայացնեն հանրությանը»,- նշեց պատգամավորը:
Պատգամավորը նաև հայտարարեց, որ անընդունելի է ապրիլի 24-ը բացասական ենթատեքստով ներկայացնելը: «Ինչպե՞ս կարելի է ապրիլի 24-ը, որ ենթադրաբար ողջ հայության միասնության խորհուրդն ունի, թեկուզ և Ցեղասպանության զոհերի հիշատակման բացասական կոնտեքստում, դարձնել ժողովրդի պառակտման առարկա: Ռեժիմի դեմ պայքարել ցանկացողները կարող են դա անել և պետք է անեն ՀՀ տարածքում: ԼՂՀ-ն ի՞նչ կապ ունի 100-րդ տարելիցն առանց ռեժիմի դիմավորելու հետ:
Չի կարելի գնալ Ղարաբաղ ու ղարաբաղցիներին հայրենասիրություն սովորեցնել: Որ հայությունն անպարտ է, ղարաբաղցիներն են մեզ սովորեցրել, որ հայությունն անպարտ է, նաև` մեր մասնակցությամբ: Սա անընդունելի երևույթ է, դա նշանակում է չճանաչել սրբության ամենավերջին սահմանները»,- հավելեց պատգամավորը: