Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը (նստավայրը Աբովյան քաղաք) սիրված դերասան Վարդան Պետրոսյանին երեկ դատապարտեց 5 տարվա ազատազրկման: Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասով՝ (ՃԵԿ կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավել մարդու մահ, նախատեսում է 4-ից 10 տարվա ազատազրկում): 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Երեւան-Եղվարդ ճանապարհին դերասանի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «ՎԱԶ 2121»-ին: Վերջինիս ուղեւորներից երկուսը` Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները, տեղում մահացել էին: Իսկ Վարդան Պետրոսյանը եւ «ՎԱԶ 2121»-ի մյուս չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Եթե դատավորը շուրջ մեկուկես տարի կալանքի տակ գտնվող սիրված դերասանին պայմանական դատապարտեր եւ ազատ արձակեր, ապա միեւնույն է՝ նա շարունակելու էր իր «ցմահ պատիժը» կրել, որովհետեւ տեղի ունեցած ողբերգությունը նրան հետապնդելու է մնացած ողջ կյանքում: Սակայն Վարդան Պետրոսյանի նկատմամբ Հայաստանի դատարանն իր գործառույթը կատարեց, ցույց տվեց, որ անողոք է: Բայց չնայած դրան՝ ապրիլին դերասանն ազատ կարձակվի:
Զուգադիպությամբ եւ ճակատագրի հեգնանքով երեկ ՀՀ դատաիրավական համակարգում մեկ այլ նշանակալի իրադարձություն եւս տեղի ունեցավ: «Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը, նույն ինքը՝ Զապը, երեկ ազատ արձակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից: Վերջինս սպանության եւ «ռեկետի» մեղադրանքով Չեխիայի դատարանի կողմից դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման, բայց մինչ այդ հասցրել էր փախչել եւ թաքնվել Հայաստանում: Նա կալանավորվել էր անցած տարվա հոկտեմբերին: Ու թեեւ ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել էր դատարան՝ Զապի կալանքը երկարացնելու միջնորդությամբ, այնուամենայնիվ, պարտվեց, եւ Զապն ազատ արձակվեց:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը տեւական ժամանակ է, ինչ իր հարաբերությունները «սառեցրել» է իր կուսակցության հետ: Ըստ նույն տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ինչ-ինչ պատճառներով գժգոհ է Վ. Հովհաննիսյանից եւ հրահանգել է նրան «մեկուսացնել»: Բացառված չէ, որ Հովհաննիսյանը շուտով կհայտարարի նաեւ ՀՀ ԱԺ ԵԽԽՎ պատվիրակությունից դուրս գալու մասին: ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, մեկնաբանելով շրջանառվող լուրերը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Պարոն Հովհաննիսյանը ԲՀԿ-ի առանցքային գործիչներից է, մեր խմբակցության առանցքային պատգամավորներից, երկրի ճակատագրով եւ երկրում առկա պրոբլեմներով մտահոգ: Իր ողջ պոտենցյալը եւ բարձր ինտելեկտուալ կարողությունները հանուն երկրի ու հանրության խնդիրների լուծման ծառայեցնող: Իսկ նման մարդկանց գործունեությունը ե՛ւ մեզանում, ե՛ւ առհասարակ քաղաքական դաշտում, ե՛ւ ընդհանուր պետությունում անգնահատելի է»:
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին հայտնաբերել են ինստիտուտի մարզահրապարակի պտտաձողի վրա՝ կախված վիճակում: Սկզբում ՊՆ-ն հայտարարեց, թե նախնական վարկածի համաձայն՝ Հ. Բարսեղյանն ինքնասպան է եղել, սակայն ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավելի ուշ հարուցվեց քրեական գործ՝ սպանության հատկանիշներով: «Ժողովուրդ»-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի ձեռքերը սուր գործիքով կտրատված են եղել: Նույնիսկ ձեռքերի ափերի մեջն է կտրատված եղել: Թերեւս դա է պատճառը, որ երբ կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, գնացել է ռազմական ինստիտուտ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, հրաժարվել են նրան ցույց տալ որդու դին՝ պատճառաբանելով, թե քննություն է գնում: Պարզվում է՝ իրականում նրան սպանել են, ապա տարել ու կախել պտտաձողից: Թե ով, ինչու, դեռ պարզ չէ:
Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում մեր հանրապետություն ներկրվող թունաքիմիկատների եւ պարարտանյութերի 80 տոկոսը կթանկանա: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դրանք հատկապես այն թունաքիմիկատներն ու պարարտանյութերն են, որոնք գյուղացիների կողմից առավել հաճախ են օգտագործվում: Այսինքն՝ առաջիկայում, երբ Հայաստանում կմեկնարկեն գյուղատնտեսական աշխատանքները, եւ ֆերմերները կսկսեն նոր գներով պարարտանյութեր եւ թունաքիմիկատներ ձեռք բերել, նրանք կբախվեն Հայաստանում առկա նոր իրողության հետ: Ենթադրվում է, որ այդ թանկացումները կազդեն գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր գների վրա: Փաստորեն, այն պահից ինչ Հայաստանը հայտարարեց ԵՏՄ-ին անդամակցելու մասին, Հայաստանի տնտեսությունը դեռ կորուստներ է կրում: Թերեւս դրա համար էլ այլեւս ոչ մի պաշտոնյա չի համարձակվում ասել, որ ԵՏՄ-ի անդամակցության արդյունքում Հայաստանը ինչ-որ օգուտ կարող է ունենալ. իրավիճակը գնալով ողբերգական է դառնում:
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ
Երեկ Երեւանում արտառոց դեպք է տեղի ունեցել՝ Կիեւյան կամուրջից ցած է նետվել 15-ամյա մի աղջիկ, ով հրաշքով փրկվել է: Մոտակայքում գտնվող գործարար Արայիկ Հայրապետյանը NEWS.am-ին հայտնել է, որ աղջիկն ընկել է գետի մեջ, ըստ երեւույթին` ջրառատ հատվածում, ինչի արդյունքում, փաստորեն, կենդանի է մնացել: Գործարարի հաղորդմամբ` իրենք շատ արագ մոտեցել եւ ջրից դուրս են բերել աղջկան, ով արտաքինից որեւէ վնասվածք չի ունեցել եւ սոցիալապես ապահովված խավի հագուկապ է ունեցել: Աղջիկը, մինչ շտապօգնության ժամանումը, միայն հայտնել է, որ 15 տարեկան է:
Այսպիսի հրաշքով փրկվելուց հետո դժվար թե ինքնասպանության դիմած այս դեռահասը երբեւէ նման փորձ կատարի: Գիտնականներն ապացուցել են, որ ինքնասպանության դիմողների գերակշիռ մասը փոշմանում է հաջորդ իսկ վայրկյանին, սակայն արդեն ուշ է լինում: Եվ հենց այդ պատճառով էլ զարգացած գրեթե բոլոր երկրներում լրացուցիչ արգելքներ են ստեղծված բոլոր այն վայրերում, որտեղից հաճախ են ինքնասպանություն գործում: Նույն բարձրանիստ կամուրջների վրա գրեթե ամենուր անցկացված են երկուսից երեք մետրանոց ճաղավանդակներ կամ թափանցիկ պատնեշներ, որոնք զգալիորեն դժվարացնում են կամուրջներից նետվելու գործընթացը: Բացի այն, որ նման պատնեշները հաղթահարելը դժվար է, ինչի ընթացքում ինքնասպանների մի մասը մտքափոխվում է, դա նաեւ որոշակի ժամանակ է պահանջում, որի ընթացքում մեծանում է անցորդների կողմից նկատվելու եւ ինքնասպանության փորձը կանխվելու հավանականությունը:
Երեւանում ինքնասպանությունները տեղի են ունենում առավելապես երկու` Կիեւյան եւ Հաղթանակ կամուրջներից: Ընդ որում, հատկապես վերջին տարիներին արձանագրված ինքնասպանությունների գերակշիռ մասը կատարվում է հենց կամուրջից նետվելու միջոցով, հետեւաբար չափազանց կարեւոր է, որ կա՛մ այս երկու կամուրջները ճաղավանդակապատվեն, կա՛մ էլ տեղում իրականացվի շուրջօրյա հերթապահություն:
Ի վերջո, ազգովի մեկ փոքրիկի կամ մեկ զինվորի մահը սգացող ժողովուրդն իրավունք չունի անտարբեր լինելու այս կամ այն պատճառով ինքնասպանության դիմող մեր քաղաքացիների հանդեպ, որոնց մեջ, ինչպես տեսնում ենք, քիչ չեն պատանիները: Առավել եւս անտարբեր լինելու իրավունք չունեն մեր համապատասխան մարմինները, մասնավորապես ՏԿ եւ ԱԻ նախարարությունը, որի ղեկավար Արմեն Երիցյանը, ի դեպ, մոտ մեկուկես տարի առաջ հայտնվեց լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում` ինքնասպանության դիմած մի երիտասարդի փրկելու արդյունքում: Ժամանակն է, որ իրականացվի այս պարզ կանխարգելիչ գործողույթունը, առավել եւս, որ երկու կամուրջների ճաղավանդակապատումն առանձնապես մեծ միջոցների հետ կապված չէ, ընդամենը ցանկության հարց է: