ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՔՆԱԳԼՈՒԽ ՀԱՐՑ ՉԻ ԼՈՒԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 28-ին ԵԽԽՎ նիստում Ռուսաստանի պատվիրակությունը դարձյալ զրկվել է ձայնի իրավունքից` մինչեւ 2015-ի ապրիլը: Այսուհետ Ռուսաստանը նաեւ չի կարող ներկայացված լինել կառույցի ղեկավար մարմիններում՝ Բյուրոյում, ինչպես նաեւ՝ Վեհաժողովի նախագահական ու մշտական հանձնաժողովներում: Որոշմանը կողմ են քվեարկել 148 պատվիրակ, դեմ՝ 64, ձեռնպահ՝ 6: Հայաստանի, Ադրբեջանի, Կիպրոսի եւ Սերբիայի պատվիրակներն ամբողջ կազմով դեմ են քվեարկել որոշմանը:

Նախօրեին ԵԽԽՎ-ն նաեւ ընդունել էր բանաձեւ, որով դատապարտվել էր Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին: Այս անգամ ՀՀ-ի ԵԽԽՎ պատվիրակությունը որոշմանը ձեռնպահ էր քվեարկել: Երեկ ողջ օրվա ընթացքում անընդհատ հակասական տեղեկություններ էին տարածվում հայկական պատվիրակության քվեարկությունների հետ կապված: Մասնավորապես՝ ի սկզբանե նշվեց, թե հայկական պատվիրակությունը «ձեռնպահ» է քվեարկել ՌԴ-ին ձայնի իրավունքից զրկելուն, սակայն օրվա երկրորդ կեսին այդ տեղեկությունները հերքվեցին: Նշենք, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներից քվեարկությանը մասնակցել են ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանը, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
Մինչ քվեարկությունը ԵԽԽՎ պատվիրակները Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ վարած քաղաքականության վերաբերյալ խիստ ելույթներ են ունեցել: Անգլիայի պատվիրակ Ռոբերտ Վոլտերն իր ելույթում կոչ է արել «կողմ» քվեարկել ՌԴ պատվիրակության դեմ պատժամիջոցները շարունակելու մասին բանաձեւին:
Ռոբերտ Վոլտերը մասնավորապես նշել է. «Ինչո՞ւ հիմա պետք է վերականգնենք ՌԴ պատվիրակության իրավունքները. Ռուսաստանը դեռ շարունակում է ոտնահարել ԵԽԽՎ հիմնարար սկզբունքները: Վերջին ամիսներին կատարվածը ցույց է տալիս, որ Ռուսաստանն իր քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն չի կատարել»:
ՌԴ-ի ձայնի իրավունքը չվերականգնելու որոշումից հետո Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստվում է մինչեւ տարեվերջ լքել ԵԽԽՎ-ն:
Երեկ ուկրաինական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ ԵԽԽՎ-ի աշխատասենյակներից հեռանալիս ռուսական պատվիրակությունն իր հետ տարել է այն ամենը, ինչ կարող էր:
Բնապահպանական պետական տեսչության մամլո քարտուղար Իգոր Տիխոլազը Joinfo.ua-ին փոխանցել է, որ «Նրանք (ՌԴ պատվիրակության անդամները, Ս. Գ.) սկանդալով են լքել իրենց աշխատանքային կաբինետները՝ աղմուկով շրխկացնելով դռները: Սակայն մինչ այդ՝ տակն ու վրա մաքրել են դրանք, հավաքել են գրասենյակային պիտույքները (գրիչներ, մատիտներ, A-4 թղթեր, կարիչներ, (ստեպլեր), պրոֆայլեր), ինչ-որ տեղ հանել են լամպերը եւ նույնիսկ զուգարաններից թղթերն ու օճառներն են տարել»:
Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանին:
-Պարո՛ն Կարապետյան, ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը «դեմ» է քվեարկել Ռուսաստանի պատվիրակությանը մինչեւ 2015-ի ապրիլը ձայնի իրավունքից զրկելու որոշմանը, իսկ, ահա, Ղրիմի բռնակցման հետ կապված բանաձեւին ՀՀ պատվիրակները «ձեռնպահ» են քվեարկել, որքանո՞վ եք հայկական կողմի նման դիրքորոշումը ճիշտ համարում:
-Այն, որ դեմ են քվեարկել, դա հասկանալի է, քանի որ Հայաստանն ամեն ձեւով Ռուսաստանի հետ նույն գծի վրա է, այսինքն՝ պարզ է, որ պետք է դեմ քվեարկեին: իսկ ինչ մնում է Ղրիմի հարցում ձեռնպահ մնալուն, ապա ասեմ, որ դատելով նրանից, որ Ռուսաստանի` ԵԽԽՎ-ից դուրս գալու հարց է դրվում, ես, անկեղծ ասած, կա՛մ քվեարկությանը չէի մասնակցի, կա՛մ ձեռնպահ կմնայի: Բայց մի բան հստակ է, եթե մարդիկ վախենում են սուգ հայտարարել իրենց երկրում կամ ինչ-որ հարց բարձրացնել ԵԽԽՎ-ում, ինչպե՞ս պետք է իրենց պահեն, հենց այդպես էլ պետք է պահեին՝ անհասկանալի: Սերժ Սարգսյանն է վախենում հարց բարձրացնելուց, ուր մնաց թե պատվիրակությունը ինքնագլուխ հարց լուծեր:
-Բայց կարծես թե Ռուսաստանն առանձնապես ծանր չի տանում ԵԽԽՎ-ի որոշումը եւ դա մեծ կորուստ չի համարում: Արդյո՞ք իրականում դա այդպես է, թե՞ պարզապես այդպես է ներկայացվում:
-ՌԴ-ի համար հիմա ամեն ինչ միեւնույնն է, որովհետեւ վիճակն այնքան է խորացել, որ արդեն Ուկրաինայի հետ փաստացի պատերազմ է: Այդ պարագայում, ինչպես ասում են, եթե հրանոթները կրակում են, պոետները լռում են: Հարցը հիմա սրա մեջ է: Իմիջիայլոց, շատ հարցեր են իրենց համար միեւնույնը:

 

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀՅԴ-ԱԿԱՆՆԵՐԸ ՄԻԱՆՈՒՄ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻՆ

Երեկ Արցախի ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» կոմիտեից հայտարարություն տարածվեց, որտեղ նշված էր, որ կոմիտեի անդամները լքել են ՀՅԴ-ի շարքերը ու միացել «Հիմնադիր խորհրդարանին»:

«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ են Արցախի ՀՅԴ-ականները դժգոհ դաշնակցության վարած քաղաքականությունից:
-Պարո՛ն Սարգսյան, Արցախի ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» կոմիտեի անդամները լքել են կուսակցության շարքերը, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են ՀՅԴ-ականները դժգոհ:
-Հեռացողների, հրապարակված մարդկանց մի մասը կյանքում ընդհանրապես դաշնակցականներ չեն եղել, հեռացողներից մեկը հեռացել է իր ընտանիքի անդամների հետ, մի մասն էլ վաղուց հեռացված են դաշնակցությունից, իսկ երրորդ մասն էլ դաշնակցության ժողովներին վաղուց չէր գալիս, իրենք մեր ցանկերի մեջ չէին ներառված: Մենք դեռեւս չենք ցանկանում փակագծերը բացել, թե ովքեր են իրենց թիկունքում կանգնած, ու ժամանակի ընթացքում ինչեր են արել, որի պատճառով իրենք հայտնվել են լուսանցքից դուրս: Բայց եթե պետք լինի, հետագայում կբացենք փակագծերը: Այսինքն՝ դա հերյուրանք է ու սուտ է լրիվ: Հետաքրքիրն այն է, որ իշխանափոխության են ուզում գնալ, բայց դաշնակցության դեմ են ուղղում սրերը, այդ դեպքում պարզ է դառնում, թե ովքեր են հետեւի կանգնած ուժերը ու ինչու են ընտրել դաշնակցությունը: Դա այնքան պարզ է, որ անգամ անիմաստ է խոսելը:
-Եթե իրենք վաղուց ՀՅԴ-ի հետ որեւէ կապ չունեն, այդ դեպքում ինչո՞ւ են նման հայտարարություններով հանդես գալիս:
-Կարծում եմ՝ կենտրոնական կոմիտեն չի էլ պատրաստվում խոսել, պարզել, թե ինչու են նման հայտարարություն տարածել, ուղղակի կլինի մեր համապատասխան արձագանքը: Հետեւյալն է խնդիրը՝ կա Բյուրո, որն անընդհատ փոխվում է, եւ այս Բյուրոն, որը ընտրվել է, դա համագումարի եւ ընդհանուր ժողովի որոշումն է: Ու Բյուրոն, որ ընտրվում է, ՀՅԴ-ի ծրագրով է շարժվում, անկախ նրանից՝ ով է, ինչ է: Այնտեղ կան համագումարում ընդունված որոշումներ, բանաձեւեր, որ Բյուրոն պարտավոր է կատարել: Ու, ի տարբերություն մնացած կուսակցությունների, մեր բոլոր ժողովներում լինում են տարբեր հարցերի հետ կապված լուրջ քննարկումներ, տարբեր կարծիքներ, բայց որոշման ընդունումից հետո բոլորը ենթարկվում են այդ որոշմանը: Ես կարծում եմ, որ նրանց թիկունքում կան ուժեր, որոնց նպատակը դաշնակցությանը մրոտելն է:
-Իսկ ովքե՞ր են այդ ուժերը:
-Տարբեր ուժեր են, ժամանակը կգա, կբացահայտվի: Անկեղծ ասեմ՝ իրենց՝ դաշնակցության մեջ մնալով՝ ՀՅԴ-ն ոչինչ չի շահում, դուրս գալով՝ շահում է: Ուղղակի իրենք չեն եղել, որ հիմա էլ դուրս են գալիս:
-Իսկ ինչո՞վ եք պայմանավորում այն հանգամանքը, որ ՀՅԴ-ի շարքերը լքածները միանում են Ժիրայր Սէֆիլյանի ղեկավարած կառույցին:
-Իմ կարծիքով երկու տարբերակ կա՝ մեկը նրա համար, որ պատերազմի ժամանակ մի մասը իր հետ է եղել, ընկերություն կա, ու այսօր էլ դաշնակցությունից դուրս է, մյուսն էլ այն է, որ վաղուց հեռացված տղաներ կան, որոնք պարզապես պետք է երեւան: Բայց դրանք շատ կարճ քաղաքական կյանք ունեն: Ես չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ լուրջ գաղափարական բան կա, դա զուտ անձնական է, քանի որ ժամանակին միասին են կռվել, միասին են եղել, Ժ. Սէֆիլյանը պատերազմի ժամանակ իր ներդրումն է ունեցել, որը որեւէ մեկը չի ժխտում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 
ԸՆԴԴԵՄ «ՎԱՐԴԱՇԵՆԻ»
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հերթական քրեական գործն է հարուցվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կատարած գործողության փաստի առթիվ: Մեր տեղեկություններով՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցը գնացել է մեկ այլ ՔԿՀ եւ դատապարտյալին հայտնել, որ իր դեմ բողոք կա, ու որպեսզի այն չեղյալ հայտարարեն, նա պետք է հետ վերցնի «Վարդաշեն» ՔԿՀ-ի ղեկավարների դեմ իրավապահներին հայտնած իր բողոքը: Արդյունքում՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի կատարած գործողության առթիվ քրեական գործ է հարուցվել: Հիշեցնենք, որ օրերս քրեական գործ էր հարուցվել «Վարդաշեն» ՔԿՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունների փաստի առթիվ: Նշված ՔԿՀ-ի պաշտոնյաները բաց տիպի ծրագրից օգտվող դատապարտյալին ոչ աշխատանքային օրը կալանավայրից թույլ էին տվել դուրս գալ, որն էլ նոր հանցագործության առիթ էր դարձել: Հիշեցնենք, որ «Վարդաշեն» ՔԿՀ պետի պաշտոնակատար Մանուկ Պողոսյանը ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի ազգականն է:

 

ԿՔՆՆԵՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշել է վերսկսել քրեական գործի քննությունը, որը հարուցվել էր «Ա1+» ընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առիթով: Հիշեցնենք, որ դեռես 2014թ. ՀՔԾ կարճել էր լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Սակայն նոյեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության որոշմամբ՝ վերացվել էր ՀՔԾ-ի որոշումը:

 

ԱՅՍՕՐ ԿՀԱՆԴԻՊԻ
Երեկ Սյունիքի մարզի Կապան քաղաքում բողոքի ակցիա են իրականացրել կապանցի առեւտրականները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջիններս Սյունիքի մարզպետարանի մոտ են հավաքվել ու պահանջել, որպեսզի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իրենց ընդունի: Տեղեկացանք նաեւ, որ կապանցի առեւտրականները եւս դժգոհ են «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց: Երեկ «ժողովուրդ»-ը զրուցեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ՝ պարզելու համար, թե ինքն ի՞նչ է պատրաստվում անել այդ ուղղությամբ: Մարզպետն ասաց, որ առեւտրականների հետ ինքը հանդիպում է ունենալու այսօր. «Ես հիմա Կապանում եմ, կընդունեմ իրենց ու կհասկանամ, թե իրենց հարցը ինչ է, ու իրենք ինչ են պահանջում, հետո նոր ես դրան կանդրադառնամ, նախ պետք է հասկանամ, թե էդ մարդկանց ուզածն ի՞նչ է: Եթե Կառավարության որոշումն է, ես ի՞նչ պետք է փոխեմ, կհանդիպեմ, հասկանամ՝ ի՞նչ են ուզում, եթե բոլորի համար օրենքը նույնն է, իրենք ի՞նչ են ուզում փոխել, այ, դա ես չեմ հասկանում»:




Լրահոս