ՍՊԱՆՎԱԾ ԿՈՒՐՍԱՆՏԻ ՀՈՐ ԽՆԴՐԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին հայտնաբերել են ինստիտուտի մարզահրապարակի պտտաձողի վրա կախված վիճակում: Հարազատները դեռ չեն տեսել Հայկազի դին:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ըստ նախնական վարկածի, ինքնասպան եղած տղայի հոր մտերիմ ընկերը` Էդգարը, հայտնեց, որ երբ հայրը գնացել է ինստիտուտ, տղայի դին ցույց չեն տվել նրան. «Ասել են, որ հետաքննություն է կատարվում: Հայրը ինստիտուտից հետո եկավ աշխատանքի վայր, իրեն կորցրած մեզ խնդրում, աղաչում էր, որ մի բան անենք՝ իրեն թույլ տան երեխային տեսնել»:
Տեղեկացնենք, որ 20-ամյա Հայկազ Բարսեղյանը 10 տարի է, ինչ ընտանիքի հետ ապրում էր Արարատի մարզի Նիզամի համայնքում: Երեք տարի առաջ ավարտել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը եւ սովորում էր Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում: Ուներ երկու եղբայր: Մայրը տնային տնտեսուհի է, իսկ հայրը՝ Արկադի Բարսեղյանը, աշխատում է Մալաթիա տոնավաճառում որպես կոշկակար: Ինչպես պարզեցինք ինքնասպան եղած տղայի հոր մտերիմ ընկերոջից` Էդգարից, դեպքի մասին առաջինը տեղյակ են պահել Նիզամի համայնքի ղեկավար Հարութին Կարապետյանին:
Գյուղապետը տեղեկանալով կատարվածի մասին՝ գնացել է Բարսեղյանների տուն. «Արկադը տանը չի եղել, գյուղապետը համարձակություն չի ունեցել Արկադի կնոջն ասել ճշմարտությունը: Ընդամենը հաղորդել է, որ իրենց տղան ուսումնարանում ինչ-որ խնդիր ունի, ծնող են կանչել: Հետո գյուղապետը զանգահարեց ինձ ու պատմեց եղելությունը: Այդ ժամանակ Արկադը կողքս էր, բայց ռիսկ չարեցի ասել, թե երեխու հետ ինչ է եղել: Ասինք՝ Արկա՛դ, քեզ կանչել են ինստիտուտ ու ճանապարհեցինք: Շոկի մեջ ենք: Ախր տղան այնքան գոհ էր, երբեք չի դժգոհել ոչ մի բանից: Հետո նա ռազմական կյանքին սովոր երեխա էր, ինչու նման բան պետք է լիներ, մեր մտքով երբեք չի անցել, որ այդ երեխան ունակ էր նման բան անելու»:
Էդգարի խոսքով` դեկտեմբերի 31-ին Հայկազին ինստիտուտի ղեկավարությունը տոնական խրախուսանք էր տվել՝ տուն ուղարկելով. «Մինչեւ հունվարի 7 մնաց տանը, իրեն անհրաժեշտ բաներ գնեց: Արձակուրդը պրծավ, գնաց, այդ օրվանից մինչ օրս Հայկազը ծնողների հետ չի խոսել, ասել է՝ եթե պետք լինի, ես ձեզ կզանգահարեմ»:
Մեր զրուցակցից պարզեցինք, որ երբ Արկադը ինստիտուտ է գնացել եւ կատարվածի մասին իմացել է, հետ է վերադարձել աշխատանքի վայր` Մալաթիա տոնավաճառ. «Շոկի մեջ էր, ասեց, որ իրեն ոչ մի կոնկրետ բան չեն ասել: Ասել են միայն՝ հետաքննություն է գնում: Անգամ չեն թողել իր երեխային տեսնի: Հայրը գնացել էր տուն, զանգահարել ու ասում էր, թե մի բան արեք, գնամ երեխուս տեսնեմ, ի՞նչ անենք մենք, որ թույլ տան երեխուն տեսնի: Չգիտեմ»:
Կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի հետ, սակայն վերջինս չցանկացավ խոսել. «Այս պահին բավարարվե՛ք եղածով: Որեւէ բան չեմ կարող ասել»: Չի բացառվում, որ այս դեպքից հետո գեներալ-լետենանտը հերթական անգամ իր հրաժարականի դիմումը ներկայացնի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Հիշեցնենք, որ 2013թ. Մարտին Կարապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել նախարարին այն բանից հետո, երբ հունիսի 1-ին ռազմական ինստիտուտում 3-րդ կուրսի կուրսանտ Արմեն Մելքումյանը վիճաբանությունից ու փոխադարձ հայհոյանքներից հետո կրակել էր նույն կուրսի կուրսանտ Սիփան Մովսիսյանի ուղղությամբ: Սիփանը հրազենային վիրավորումից հիվանդանոցում մահացել էր:
Սակայն Սեյրան Օհանյանը պետի հրաժարականի դիմումը չընդունեց՝ պատճառաբանելով, որ Մարտին Կարապետյանը պատերազմով անցած եւ զինվորական կրթություն ստացած, ակադեմիաներում վերապատրաստված մասնագետ է, ով ռազմական ինստիտուտի պետ է նշանակվել հենց ինստիտուտում աշխատանքներն ավելի բարձր մակարդակով իրականացնելու համար:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԴԵՐԱՍԱՆԸ ՏԱՆԸ ԿԼԻՆԻ
Վարդան Պետրոսյանն այն մարդը չէր, ում դատական քննության ողջ ընթացքում պետք է այսքան ստորացնեին, նվաստացնեին: Բայց տեսեք՝ նա ինչ ազնվորեն ու գլուխը բարձր կերպով դուրս եկավ այս ամեն ինչի միջից: Երեկ դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավճռի հրապարակումից հետո այսպես արտահայտվեց նրա քույրը՝ Աշխեն Պետրոսյանը: Դերասանի քույրը լիահույս է, որ Վարդան Պետրոսյանը շուտով ազատության մեջ կլինի, քանի որ նրա հանդիսատեսն իրեն է սպասում:
«1 տարի 3 ամիս ես լռել եմ, բայց սիրտս այլեւս չի դիմանում այն ստերին, որ տուժող կողմն է հայտարարում: Մենք նրանց հետ հանդպիպել ենք, ամեն ինչ նորմալ անցել է: Սակայն յուրաքանչյուր հանդիպումից հետո նորից նույն ագրեսիան են դրսեւորել»,-շարունակեց դերասանի քույրը:
Նիստերի դահլիճը, ինչպես այս գործով մյուս բոլոր նիստերին, երեկ եւս բազմամարդ էր: Ներկա էին թե՛ մշակույթի գործիչներ, թե՛ շարքային քաղաքացիներ: Բոլորն էլ եկել էին իրենց սիրելի դերասանի կողքին լինելու: Դերասանին իրենց սրտացավությունն էին եկել հայտնելու նաեւ ՊՆ ռազմական ոստիկանության նախկին պետ Արամ Տեր-Սահակյանը, դերասան Սարգիս Միքայելյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս նիստերի դահլիճ մտնելուն պես մոտեցավ Վարդան Պետրոսյանին եւ, չնայած դատական կարգադրիչների կողմից արգելքին, Րաֆֆի Հովհաննիսյանը հանեց իր եռագույնով վզարկուն (շարֆ), համբուրեց այն եւ տվեց Վարդան Պետրոսյանին:
Եւ հրապարակվեց վճիռը՝ հանուն Հայաստանի Հանրապետության: Թեեւ մեղադրող դատախազը նախապես դատարանից պահանջել էր Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառել 6.5 տարվա ազատազրկում, սակայն Վարդան Պետրոսյանը մեղավոր ճանաչվեց 2013թ. հոկտեմբերի 20-ին Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի համար եւ դատապարտվեց 5 տարվա ազատազրկման: Դերասանը մեղադրվում է ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Հիշեցնենք` վթարի հետեւանքով զոհվել էին հորեղբորորդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները:
Միաժամանակ դատարանի վճռով Վարդան Պետրոսյանը զրկվեց 2 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից, մինչդեռ դատախազը 3 տարի էր պահանջել:
Դատարանն առանց քննության թողեց նաեւ տուժողների ներկայացուցիչների` Վարդան Պետրոսյանից կրած վնասների ու կատարած ծախսերի դիմաց փոխհատուցման ներկայացրած քաղաքացիական հայցերը: Փոխարենը 1 մլն 2 հարյուր հազար դրամի չափով բավարարեց գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի աշխատակից Հայկազ Կարապետյանի քաղհայցը, քանի որ տուժող Արթուր Հակոբյանի վարած Նիվա ավտոմեքենան պատկանում էր այդ հիմնարկին:
Վարդան Պետրոսյանի պատժի կրումը կհաշվարկվի նրան կալանավորելու օրվանից` 2013թ. նոյեմբերի 6-ից: Ըստ փաստաբանի՝ ապրիլին դերասանը տանը կլինի:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՏԱՐԵԼ
Քաղաքացի Աշոտ Ա.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ քաղաքացիական գործով արգելանք է դրվել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի, ավտոտեխսպասարկման եւ անվադողերի սպասարկման կետերի վրա: ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցը որոշում է կայացրել արգելանքի տակ գտնվող գույքն էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին, եւ կատարողական վարույթի ընթացքում հօգուտ քաղաքացիական գործով հայցվոր Վահագն Կ.-ի գործելու նկատառումներից ելնելով` հարկադիր կատարողը չի կատարել իր պարտականությունները, այն է՝ օրենքով սահմանված կարգով էլեկտրոնային աճուրդ անցկացնելու որոշման մասին չի ծանուցել իրեն, որի հետեւանքով զրկվել է աճուրդին մասնակցելու հնարավորությունից եւ նշված գույքն իրական արժեքից ակնհայտ ցածր գնով էլեկտրոնային աճուրդով վաճառվելու արդյունքում կրել է նյութական վնաս (140 հազ. ԱՄՆ դոլար արժողությամբ գույքը վաճառվել է 5 մլն. դրամով): Քաղաքացի Աշոտ Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարկադիր կատարողի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

ՆՈՐԻՑ ԴԻՎԵՐՍԻԱՆԵՐ
Երեկ հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետեւանքով Տավուշի մարզում երկու զինծառայող է վիրավորվել: Գրիշա Օթարյանը հրազենային վնասվածքներ է ստացել ձախ ազդրին, քերծվածքներ՝ կրծքավանդակին, իսկ Սուրիկ Մովսիսյանը աջ նախաբազկի հրազենային վերք է ստացել: Բարեբախտաբար, վնասվածքները լուրջ չեն եղել, եւ զինվորների կյանքին վտանգ չի սպառնում: Ավելի վաղ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հունվարի 29-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար-Կիրանց հատվածում: Ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակահերթեր է արձակել Daewoo մակնիշի քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Մեքենայում գտնվող 3 անձինք հակառակորդի կրակահերթերից չեն տուժել: Հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում հետախուզական-դիվերսիոն խմբի անդամները հետ են շպրտվել:

 

ՈՒՇԱԹԱՓՎԵԼ Է
Armlur.am-ի տեղեկություններով՝ մի քանի օր շարունակ Գյումրիում կատարված սարսափելի սպանդի մեջ կասկածվող Վ. Պերմյակովին տարել են դեպքի վայր՝ Ավետիսյանների տուն: Նրան դեպքի վայր են տեղափոխել գիշերով: Գիշերը տեղափոխելու նպատակը, իհարկե, ոչ միայն անվտանգության նկատառումներն են, այլեւ այն, որ դեպքը տեղի է ունեցել ուշ ժամի, ուստի հարկավոր է պարզել Պերմյակովի՝ բնակարան մուտք գործելու եւ հետագա քայլերն անելու հանգամանքները: Վերջին անգամ, սակայն, մեղադրյալին տարել են ցերեկը, ինչի ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ նա ուշաթափվել է:

 

ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌԵԼ
Ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը եւ սկսել կրակել մշտադիտարկումներ անցկացնող ԵԱՀԿ ներկայացուցիչների ներկայությամբ: Դիտարկումը տապալվել է հունվարի 29-ին՝ Բերքաբեր գյուղի շրջանում: Դիտարկման բուն ընթացքի ժամանակ խախտումներ չեն արձանագրվել, սակայն ավարտից անմիջապես հետո ադրբեջանական կողմը կրակ է բացել:




Լրահոս