ԻՆՉՈ՞Ւ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱՏԿԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սահմանադրական փոփոխությունների իրականցմանը միտված «Հայեցակարգի» հրապարակումը ցույց տվեց իշխանության համապարփակ տեսակետը պետակառավարման ապագա համակարգի վերաբերյալ: Թեպետ սույն փաստաթղթում քիչ չեն գոյություն ունեցող իրականությանը տրվող ճշգրիտ գնահատականները, այսուհանդերձ, կարեւորագույն կետերում գերակշռում է լոկ ցանկալին: Փոփոխությունների հրատապությունը հիմնավորող դրույթներից այս անգամ առանձնացրել ենք միայն մեկը, որով արձանագրված է՝ սահմանադրական փոփոխությունները պիտի միտված լինեն ժողովրդի իշխանության անբեկանելիությանը:

Հատկանշական է, որ «Հայեցակարգում» շեշտվում է ժողովրդի` իշխանությունը ձեւավորելու սահմանադրական պահանջի անխախտելիությունը: Այս ձեւակերպումը թույլ է տալիս տողատակում հասկանալ, որ առնվազն տիրող իրականության պայմաններում ժողովուրդը չի կարողանում իրացնել իր՝ իշխանության պատկանելիության գործառույթը:
«Ներածություն» բաժնում փաստաթղթի հեղինակները նկատում են, որ Հայաստանում այժմ անհրաժեշտություն է ծագել ապահովելու Սահմանադրության 2-րդ` անփոփոխելի հոդվածի պահանջների հետեւողական իրացումը եւ բացառել Սահմանադրությամբ չնախատեսված պետական մարմինների միջոցով պետաիշխանական գործառույթների իրականացումը: Հարկ է նախ եւ առաջ վերհիշել ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի բովանդակությունը. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է»: Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխություններ իրականացնելուն կոչված հանձնաժողովը կարծես տալիս է լիովին օրինաչափ եւ իրավաչափ գնահատական ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի առնչությամբ: Գաղտնիք չէ, որ Հայաստանում, անկախության առաջին իսկ տարիներից սկսած, երկրորդ հոդվածի արտացոլումն իրական կյանքում համարվել է վիճահարույց: 1995թ. ընտրություններից ի վեր՝ ընդդիմությունը հանդես է գալիս իշխանության բռնազավթման մեղադրանքով: Տարբեր մակարդակի բռնություններն ու կեղծիքները մշտապես ստվերել են անկախ պետության մեջ իշխանության ձեւավորման գործընթացը, ինչն անուղղակիորեն արձանագրված է «Հայեցակարգում»:
Ուշագրավ է, սակայն, այն, որ հեղինակները տեսնում են վերոնշյալ հոդվածի անխախտելիության երաշխավորման անհրաժեշտությունը, ինչը պետք է բացառի կողմնակի ու օտար մարմինների կողմից պետական իշխանության լծակների տիրապետումը: Փաստացիորեն, հնարավորություն է առաջանում պնդելու, որ հիշյալ հոդվածն այսօր անխախտելի չէ, իսկ պետական իշխանությունը հայտնվում է կամ «կարող» է հայտնվել Սահմանադրությամբ չնախատեսված մարմինների ձեռքում: Այս ամենով հանդերձ՝ պետք է նկատել, որ Հայաստանում նախկինում տեղի ունեցած բոլոր ընտրությունները համարվել են վավեր, դրանց հիման վրա ձեւավորվել են իշխանություններ՝ կոնկրետ անձանց գլխավորությամբ եւ մասնակցությամբ: Արդ, կարելի է արդյո՞ք ենթադրել, որ այդ ընտրությունները կամ դրանցից մի քանիսը չեն եղել արդար, ինչի արդյունքում խախտվել է ժողովրդի՝ իշխանություն ձեւավորելու սահմանադրական իմպերատիվ իրավունքը: Եթե տեղի են ունեցել ազատ ու արդար ընտրություններ, ինչի մասին մշտապես պնդել են իշխանությունները, ապա մի՞թե գործող Սահմանադրությունը թերի է գործել: Ի վերջո, այս ընթացքում ընտրությունների արդյունքում նախագահ եւ պատգամավոր են դարձել մեծ թվով մարդիկ, որոնց իշխանությունը ճանաչվել է պետական բարձրագույն մյուս մարմինների կողմից, այդ թվում եւ՝ Սահմանադրական դատարանի: Ի դեպ, նախորդ նախագահական ընտրությունների (բացառությամբ՝ 1998թ. եւ 2013թ.) հետեւանքներից մեկն էլ եղել է այն, որ ԿԸՀ արդյունքներով պարտված թեկնածուն դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով դրանց իսկությունը: Սակայն ՍԴ-ն պարտաճանաչորեն հաստատել է ընտրությունների արդյունքները՝ մերժելով ընդդիմադիրների հայցերը: Ստացվում է, որ անգամ Սահմանադրական դատարանն է իր վճիռներով «փաստել» ՀՀ գործող Սահմանադրության 2-րդ հոդվածի անխախտելիության հանգամանքը:
Այս ամենից հետո տարօրինակ է, երբ առանց գնահատելու նախորդ իրադարձությունների ընթացքը՝ «Հայեցակարգի» հեղինակները ժողովրդահաճո արտահայտություններ են օգտագործում: Նման գործելակերպը հիշեցնում է շինարարների, ովքեր, մշտապես զարմանալով փլուզման վրա, կրկին ու կրկին կառուցում են շենքը՝ առանց հիմքը գցելու: Ակնհայտ է, որ մինչեւ իրերն իրենց անունով չկոչվեն, մինչեւ հստակորեն չարձանագրվի կեղծված ընտրությունների փաստը, մինչեւ դրանց համար թեկուզ ներկայիս «թերի» օրենքներով չպատժվեն զեղծարարներն ու հանցագործները, միեւնույն է, ինչպիսի Սահմանադրություն էլ ընդունվի, դրանից իրավիճակը չի փոխվի:
Վերջապես, աներկբա է, որ Սահմանադրության 2-րդ հոդվածի՝ ժողովրդի ազատ կամարտահայտության ճանապարհով իշխանության ձեւավորման խախտումը բնավ թույլ չի տալիս սոսկ արձանագրումով բավարարվել: Իշխանության բռնությամբ եւ ժողովրդի կամքին հակառակ տիրապետումը՝ նույնիսկ պրիմիտիվ եզրաբանությամբ շեշտված, հանցագործություն է, որը պատժվում է օրենքի ուժով: Արդ, եթե «Հայեցակարգում» ակնկալվում է, որ իշխանությունը որեւիցե պահի չի ձեւավորվել ժողովրդի կամքով, ապա դրա պատասխանատուները պարզապես հանցագործներ են: Հակառակ պարագայում՝ ստացվում է դատարկախոսություն եւ թալան՝ նպաստելով մի քանիսի հարստացմանն ու իշխանության հավերժացմանը:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽԻՏ ԳՐԱՖԻԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՉՀԱՆԴԻՊԵՑ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻՆ

Արդեն մի քանի օր է, ինչ փոքր եւ միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում Կառավարության շենքի առջեւ: Երեկ հարյուրավոր առեւտրականներ կրկին հավաքվել են այնտեղ:

Տեղեկացնենք, որ առեւտրականները տեւական ժամանակ է, ինչ պայքարում են «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխության դեմ, որը ուժի մեջ պետք է մտնի փետրվարի 1-ից: Հիշեցնենք, որ նախորդ տարվա առեւտրականների եւ փոքր ու միջին գործարարների բողոքի ակցիաներից հետո ՀՀ Կառավարությունը «Շրջանառության հարկի մասին» օրենքով նախատեսված գույքագրման պահանջը 2014 թվականի հոկտեմբերի 1-ից հետաձգեց մինչեւ այս տարվա փետրվարի 1-ը: Օրենքով սահմանվում է, որ մինչեւ 58.3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող գործարարները 3.5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն վճարեն միայն 1 տոկոս, սակայն նրանք միաժամանակ պետք է ներկայացնեն ապրանքի փաստաթղթերը, այլապես կտուգանվեն:
Կառավարության առջեւ հավաքված առեւտրականները կրկին պահանջեցին, որպեսզի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իջնի ներքեւ եւ հանդիպի իրենց հետ: Սակայն վերջինս չիջավ, նրա փոխարեն առեւտրականներին հանդիպեց Կառավարության նամակների եւ բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, ում պատասխանը զայրացրեց նրանց: Նա նաեւ տեղեկացրեց, որ վարչապետի աշխատանքային գրաֆիկը խիտ է, ինչի պատճառով չի կարող հանդիպել առեւտրականների հետ:
Այս ամենից զայրացած առեւտրականները Հանրապետության հրապարակով պտույտ կատարելուց հետո վրդովված քայլեցին դեպի նախագահական: Սակայն նախագահականից նույնպես ոչ ոք չհանդիպեց եւ չլսեց առեւտրականների դժգոհությունը: Ինչի պատճառով ձեռներեցները հայտարարեցին, որ իրենք մեկ ամսով կդադարեցնեն իրենց անհատ ձեռներեցի գործունեությունը: Ի դեպ, նախագահականի մոտ են եկել նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներին միացել են ոչ միայն Երեւանի, այլեւ ՀՀ որոշ մարզերի տոնավաճառների առեւտրականներ: Ի դեպ, երեկ բողոքի ակցիայի ընթացքում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Գյումրիից Երեւան ժամանող ավտոբուսը պետավտոտեսուչները ճանապարհից հետ են ուղարկել, եւ նրանք խոստացել են բողոքի ակցիա անցկացնել Գյումրիում: Նշենք, որ բողոքի ակցիա երեկ իրականացվել է նաեւ Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Ձեռներեցներն իրենց բողոքի ակցիան կշարունակեն այսօր՝ Կառավարության շենքի առջեւ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԿԱԹՎԱԾ ՉԻ ՍՏԱՑԵԼ
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Արսեն Խոջոյանը 2014թ. մարտի 7-ին հայտնվել էր Ադրբեջանի տարածքում եւ միայն մեկ ամիս անց` ապրիլի 10-ին, վերադարձվել Հայաստան: Զանգվածային լրատվության տարբեր միջոցներում տեղեկություններ են տարածվել, որ նա կաթված է ստացել եւ դեղորայքի պակաս է զգում: Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան ասաց, որ կաթված ստանալու մասին լուրը ճիշտ չէ, եւ խնդրեց հերքել այն: Նա ասաց, որ Արսենն իրենց տանը պառկած է, քանի որ նյարդային որոշ խնդիրների պատճառով դժվարանում է տեղաշարժվել: Արսեն Խոջոյանը նաեւ մաշկի հիվանդություն ունի, դեղորայք է ընդունում: Սվետլանա Խոջոյանը հայտնեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը Արսենի համար դեղորայք է ուղարկում: Մոր վկայությամբ՝ առաջիկայում Արսենը բուժզննման նպատակով կմեկնի Երեւան: Ս. Խոջոյանին հարցրինք իրենց ընտանիքի ունեցած պարտքերի մասին: Նա ասաց, որ իրենց օգնել են այդ հարցում, պարտքերի մի մասը փակվել է, սակայն դեռ շատ պարտքեր կան: Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանն ասաց, որ Խոջոյանների ընտանիքը բազմանդամ է՝ 9 հոգուց բաղկացած, հոգսաշատ, ուստի Խոջոյանները չեն կարողանում պարտքերից ազատվել: Նշենք, որ Սվետլանա Խոջոյանը Վերին Կարմիրաղբյուրի մշակույթի տանը հավաքարար է աշխատում:

 

ԴԱՍԵՐԸ ՉԵՆ ԿԱՅԱՑԵԼ
Նոյեմբերյանի տարածաշրջանի Ոսկեպար, Բաղանիս գյուղերի սահմանագոտում գրանցված ադրբեջանական դիվերսիայի պատճառով հունվարի 29-ին Բաղանիսի միջնակարգ դպրոցում դասեր չեն կայացել: Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը հայտնեց, որ այդ գիշեր ադրբեջանական զինուժը կրակել է նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի վրա: Բարեբախտաբար Բաղանիսի վրա արձակված գնդակները գյուղին էական վնաս չեն հասցրել: Նույն պատճառով դասեր չեն կայացել նաեւ սահմանամերձ Ոսկեպարի միջնակարգ դպրոցում: Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանից տեղեկացանք, որ հունվարի 29-ին գյուղի դպրոցականների մի մասն է դպրոց գնացել, սակայն պարապմունքներ չեն կայացել: Մի խումբ ծնողներ գյուղապետարան գնալով՝ բողոքել են դպրոցի տնօրինությունից այն բանի համար, որ վերջինս կանխավ չի տեղեկացրել դասեր չանցկացնելու մասին: Նրանց խոսքով՝ դպրոցի ղեկավարությունը պարտավոր էր առավոտյան Ոսկեպարում այդ մասին հայտարարել, որպեսզի երեխաներն իրենց կյանքը վտանգելով, ադրբեջանական գնդակոծության համար թիրախ դառնալով՝ չհասնեին գյուղի ծայրին գտնվող դպրոց եւ տուն վերադառնային:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս