Նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ծառայության նոր պետ Արտակ Հարությունյանին:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՃՈ պետն ամփոփեց 2014 թվականը: Լրագրողները հարց հնչեցրին` ինչ ձեռքբերումներ կառանձնացնի իր պաշտոնավարումից ի վեր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշանակման օրը խոստացել էր, որ համակարգում խոշոր բարեփոխումներ են սպասվում: Արտակ Հարությունյանը հարցին ի պատասխան նշեց, որ եթե անդրադառնան համակարգում եղած կոռուպցիային, ապա այն բացարձակապես վերացնելու խոստում իրենք տալ չեն կարող: Իսկ նվազագույնի հասցնելու նպատակով պարզապես պետք է հնարավորինս քչացնել ճանապարհային տեսուչ-վարորդ հանդիպումներն ու շփումները:
«Բոլորս էլ գիտենք, որ կոռուպցիա կա այնտեղ, որտեղ հանդիպում են երկու մարդ: Հենց այդ պատճառով էլ մենք պետք է փորձենք նվազագույնի հասցնել տեսուչի և վարորդի շփումները»,- նշեց բանախոսը:
Լրագրողները հիշեցրին, որ օրերս փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ամփոփիչ ասուլիսի ժամանակ առանձնացրած ձեռքբերումների շարքում նշել էր այն հանգամանքը, որ ոստիկանությունը հրաժարվել է ծեծից և խոշտանգումներից, հնարավո՞ր է արդյոք ՃՈ պետը ևս մի օր հայտարարի, թե ձեռքբերում է այն, որ տեսուչներն այլևս գումար չեն պահանջում վարորդներից, Արտակ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ ամբողջությամբ դա վերացնել հնարավոր չէ: