Համազգային թատրոնի դերասանուհի, «Կարգին հաղորդման», մի շարք կատակերգական ֆիլմերի ու սերիալների հերոսուհի Արմինե Պողոսյանը երազում է լուրջ դերի մասին: Ոչ ստանդարտ արտաքինով դերասանուհին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ երբեւէ չի բարդութավորվել իր տեսքից, եւ այն իրեն չի խանգարել բեմում: Նա նաեւ անդրադարձել է այն փաստին, որ ռեժիսորներն իրեն մշտապես առաջարկում են ջղային կանանց դերեր եւ խոստովանել, որ դժվարությամբ է մտնում ագրեսիվ կնոջ կերպարի մեջ, քանի որ ինքը բնավորությամբ հանգիստ մարդ է:
-Այս տարի հասցրե՞լ եք թատրոնից եւ կինոյից նոր հրավերներ ստանալ:
-Մեր թատրոնը մարտին մեկ ամսով գնում է հյուրախաղերի: Տեսնենք՝ եթե նոր բեմադրություններ լինեն, կարծում եմ՝ իմ մասնակցությունը կունենամ դրանցում: Տարին դեռ նոր է սկսվել, այնպես որ, հրավերներ դեռ կունենամ:
-Դուք դերասանուհի եք, որը չունի ստանդարտ արտաքին, այդ առումով, միանշանակ, տարբերվող եք: Այս հանգամանքը Ձեզ երբեւէ բարդութավորե՞լ է:
-Ո՛չ, իմ արտաքինն ինձ երբեք չի խանգարել, ինչ դեր որ խաղացել եմ, համապատասխանել է տեսքիս: Եթե դերը համապատասխանում է տվյալ դերասանի հմտություններին, կարծում եմ՝ այլ խանգարող հանգամանք լինել չի կարող:
-Ձեզ հաճախ բաժին են ընկնում ագրեսիվ կանանց կերպարներ. վերջինը «Սուպեր մամա» կինոկատակերգությունում կերտած ջղային կնոջ դերն էր: Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են ռեժիսորները հենց Ձեզ ընտրում նմանատիպ դերերի համար:
-Պրոֆեսիոնալ դերասանուհին ռեժիսորի առաջարկած ցանկացած դեր պետք է խաղա: Բայց դերասանին մշտապես պետք են փոփոխություններ, նոր դերեր: Քանի որ ինքս կյանքում հանգիստ մարդ եմ, դժվարությամբ եմ մտնում ագրեսիվ կնոջ կերպարի մեջ: Կոնկրետ «Սուպեր մամա»-ի նկարահանումների ժամանակ վախենում էի, որ այդ կնոջ դերը չեմ կարողանա խաղալ, սակայն ամեն բան ստացվեց:
-Չնայած Դուք դեռ չեք մայրացել, սակայն կարողանում եք արտահայտել մայրական բնազդները, փոխանցել դրանք էկրանից այն կողմ: Դրա վառ վկայություններն են «Աննա», «Որբերը» սերիալներում Ձեր կերտած դերերը: Ո՞րն է հաջողության գաղտնիքը:
-Բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ չեմ ցանկանա՝ մի երեխայի մատը փուշ մտնի. ես դա շատ ծանր եմ տանում: Մոր կերպարները շատ սիրով եմ մարմնավորել: Մայրական բնազդներ ունենալու առումով, թերեւս, Դուք ճիշտ եք: Տա Աստված՝ իրականում էլ ապրեմ մայրանալու բերկրանքը:
-Թե՛ բեմին, թե՛ էկրաններին մեծ մասամբ հանդես եք գալիս կատակերգական կերպարներով: Արդյո՞ք թաքուն ցանկություն չունեք ներկայանալու ավելի լուրջ դերերով:
-Այնպես չէ, որ մշտապես հանդես եմ գալիս կատակերգական կերպարներով, բայց, իհարկե, շատ կցանկանայի մի շատ լուրջ դեր խաղալ, օրինակ՝ մեծ է ցանկությունս, որ մեր թատրոնում բեմադրվեր Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը», եւ ես խաղայի Կատերինայի դերը, բայց դա դեռ երազանք է…
-Կա՞ կանացի մի հատկություն, որն արժանի է ծաղրի, եւ որը կուզենայիք ներկայացնել բեմից:
-«Թաղականին կինը» անունով պիես կա, որի շրջանակում հաճույքով կմարմնավորեի այդ կնոջը: Մի ժամանակ այն հնարավոր էր դիտել հեռուստաթատրոնի շրջանակում: Այս ներկայացման մեջ ընդգծվում է կնոջ քաղքենիությունը, բամբասկոտությունը, մեծամտությունը, մարդկանց վերեւից նայելու միտումը: Սրանք ցավալի երեւույթներ են, եւ այդպիսի հատկություններով կանայք, բնականաբար, մեր օրերում էլ ապրում են:
-Ձեր եւ Ձեր ամուսնու միջեւ առկա տարիքային տարբերության մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Եվ պետք է նկատել, որ Դուք ոչ ստանդարտ եք նաեւ անձնական կյանքում արած Ձեր քայլերով: Ի վերջո, այդ ոչ ստանդարտությունը Ձեզ երջանկություն բերե՞լ է:
-Այո՛, ու չնայած իմ ետեւից շատ են չարախոսում այդ առթիվ, բայց ասեմ, որ ես ամենաերջանիկ կինն եմ, կարծում եմ՝ ամուսնուս ընտրելով՝ կյանքիս ամենաճիշտ քայլն եմ արել: Կցանկանայի, որ մեր կանանց գոնե կեսը զգար այդ անձնական երջանկության համը:
ԿԱՐՈՂԱՑԱՎ ԱՄԲՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼ ՄԻ ԲՌՈՒՄ
«Եթե դադարեմ ֆիլմերում նկարահանվել, չեմ ապրի»,-ասում է թատրոնի եւ կինոյի դերասանուհի Անահիտ Ղուկասյանը, ով չնայած արդեն երկար տարիներ է, ինչ այս ասպարեզում է, սակայն չի հասցրել ո՛չ հոգնել, ո՛չ էլ, առավել եւս, ձանձրանալ իր աշխատանքից: «Աշնան արեւ», «Տերը», «Ապրիլ», «Վերջին կիրակին», «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ», «Ո՞ւր էիր, մա՛րդ Աստծո»… նրա մասնակցությամբ հանդիսատեսին հայտնի ֆիլմերը շատ են, ինքը, սակայն, առանձնացնում է կինոյում կերտած իր առաջին դերը՝ Աղունի կերպարը: Եվ պատահական չէ, որ դերասանուհու հուշերում տպավորվել է հենց «Աշնան արեւ»-ը:
Պատճառներից մեկն այն է, որ հենց այս ճակատագրական ֆիլմն էր, որ կապեց իրեն եւ ռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանին:
«Ֆիլմի անձնակազմից շատերը նկատել էին, որ Բագրատն իմ հանդեպ անտարբեր չէ, միայն ես էի, որ չէի զգացել: Ավելի ուշ դերասաններն ինձ գլխի գցեցին»,-«Ժողովուրդ»-ի հետ անկեղծացավ Անահիտ Ղուկասյանը: Նրա խոսքով՝ Բագրատ Հովհաննիսյանը ֆիլմի ավարտից հետո ուղղակի բռնել էր թեւից ու տարել իրենց տուն, այդպես ամուսնացել էին:
Դերասանուհու կյանքում որոշիչ էր նաեւ մեկ այլ դեր, արդեն՝ «Տերը» ֆիլմում: Այս անգամ նա կերտում էր դժբախտ մի կնոջ, ով չէր կարողացել երջանկացնել ամուսնուն, երեխա պարգեւել նրան: Դերը պատասխանատու էր: Խորեն Աբրահամյանի կողքին հանդես գալ այնպես, որ ինքը ստվերում չմնար, այդքան էլ հեշտ բան չէր. «Հիշում եմ՝ ֆիլմի նկարահանման ընթացքում ես անընդհատ լարված էի…Երբ ավարտեցինք այն, Խորենն ինձ գրկեց, համբուրեց, ասաց՝ ապրես, դու իսկական մարդ ես»,-պատմեց Անահիտ Ղուկասյանը:
Դերասանուհին իրեն երջանիկ մարդ է համարում, քանի որ իր ողջ կյանքի ընթացքում գործ է ունեցել պրոֆեսիոնալների, ավելի ճիշտ՝ ոլորտի հսկաների հետ: Մեծերի հետ խաղալով, սակայն, Անահիտ Ղուկասյանը երբեւէ ստվերում չի մնացել եւ կարողացել է հայ կինո բերել, օրինակ, նոր Աղունի, հաջողությամբ կերտել տարբեր հոգեբանության տեր կանանց: Եվ պատահական չէ, որ լիտվացի դերասանուհի Եվգենյա Պլեշկիտեն, դիտելով նրա մասնակցությամբ «Աշնան արեւ» ֆիլմը, զարմանքով ասել է դերասանուհուն. «Այդ ինչպե՞ս կարողացաք ամբողջ Հայաստանի քարերը հավաքել մի բռում եւ «շպրտել» մարդկանց երեսին…»:
Հ.Գ. Հունվարի 29-ին Անահիտ Ղուկասյանը նշեց իր 69-ամյակը: «Ժողովուրդ»-ը շնորհավորում է դերասանուհուն՝ մաղթելով առողջություն եւ տոկոնություն:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ
Հայ երաժշտության ամենամեծ երախտավորի` Կոմիտասի ժառանգությունն ու իրերն այսուհետ կցուցադրվեն նորաստեղծ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: 135 ցուցանմուշ ամփոփող թանգարան-ինստիտուտը պաշտոնապես իր դռներն է բացել հունվարի 29-ին: Մեծ կարեւորություն ունեցող կառույցը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ունի համերգասրահ, մշտական եւ ժամանակավոր ցուցադրությունների հնարավորություն: Անկախ Հայաստանի առաջին նորաստեղծ թանգարանի շրջանակում կգործեն գիտահետազոտական կենտրոնը, համերգային դահլիճը, երաժշտական ստուդիան, գրադարանը, հրատարակչությունը: Թանգարան-ինստիտուտը լինելու է լուրջ գիտահետազոտական կենտրոն: Այն իրականացնելու է ուսումնասիրություններ, հանրահռչակելու է Կոմիտասի երաժշտությունը:
ԿՎԱՐԻ ՌՈՒՍԱԿԱՆ «X-FACTOR»-Ը
Հայտնի շոումեն, պրոդյուսեր, «Comedy Club» ակումբի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը փետրվարից աշխատելու է «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվելիք «The X-Factor» բրիտանական հայտնի նախագծի ռուսական տարբերակի շրջանակում: Նա լինելու է ծրագրի հաղորդավարներից մեկը: «Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ՝ ծրագրի ընթացքում մեր հայրենակցի գործընկերը՝ երկրորդ հաղորդավարը լինելու է երգիչ Գրիգորի Լեպսը:
Մարզիչների դերում հանդես կգան Կոնստանտին Մելաձեն, Իգոր Մատվիենկոն, Վիկտոր Դրոբիշն ու Մաքսիմ Ֆադեեւը:
ՀԵՌԱՑԵԼ Է 21 TV-ԻՑ
Դերասանուհի, հաղորդավարուհի Դիանա Մալենկոն դուրս է եկել 21 TV-ից, որտեղ աշխատել է 5 տարի: Նման որոշման պատճառների եւ նոր աշխատավայրի մասին նա պատմել է ESem.am-ին: Մալենկոյի խոսքով՝ ինքն աշխատանքից դուրս է եկել ավելի գրավիչ առաջարկի պատճառով: «Ոչ մի կոնֆլիկտ չի եղել: Ուղղակի լավ առաջարկ ստացա «Արմնյուզ»-ից, որը բոլորովին նոր ձեւաչափ է: Ծրագրի շրջանակներում ներգրավվել են նոր հաղորդավարներ, որոնցից մեկն էլ ես եմ»,-մեկնաբանել է Մալենկոն՝ հավելելով, որ նոր առաջարկն իր համար գրավիչ էր թե՛ ֆինանսական, թե՛ հեռուստաընկերության փոփոխության, թե՛ կարիերայում նոր փուլ հաղթահարելու առումով: