ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ president.am-ի

Երեկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մայրաքաղաքի Կոմիտասի անվան զբոսայգում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը: Մինչ թանգարանի բացումը, Սերժ Սարգսյանը պետական հանձնաժողովի անդամների եւ հյուրերի հետ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ դրել Վարդապետի շիրիմին:

 

 

 
ՀԱՐՑ. Սկեսուրս բանկում ավանդ ունի: Նա իր բանկային ավանդները՝ 3 բանկային գրքույկ՝ 5.000 ռուբլով, փոխանցել էր ամուսնուս: Սակայն ամուսինս եւս մահացել է: Կխնդրեի պարզաբանել՝ արդյո՞ք ես կարող եմ՝ որպես միայնակ թոշակառու, ստանալ ավանդը ամուսնուս փոխարեն:

Սուսաննա Գեւորգյան (68 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. «ՀՀ 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասի, ՀՀ Կառավարության 23.04.2014թ.-ի N460-Ն որոշումով հաստատված կարգի համաձայն` ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված, մինչեւ 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաեւ՝ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող, ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:
Եթե Ձեր տվյալները բավարարում են նշված սոցիալական կարգավիճակներից որեւէ մեկին, ապա կարող եք դիմել Ձեր փաստացի բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` ավանդների փոխհատուցման ծրագրում հաշվառվելու նպատակով:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման կարգի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Ձեր փաստացի բնակության սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ տարբեր տեղեկությունների` 2015թ. նախկին ԽՍՀՄ խնայբանկում ավանդներ ունեցող շուրջ 7.000-8.000 քաղաքացիներ կստանան փոխհատուցում: Սա չափազանց փոքր թիվ է, քանի որ ինչպես բազմիցս նշվել է, թերեւս չի գտնվի մի քաղաքացի, որի ընտանիքի անդամներից մեկը այս կամ այն բանկում գումար կորցրած չլինի: Ստացվում է այնպես, որ մի կողմից այդ գումարը խորհրդանշական չափով վերադարձնում են, մյուս կողմից իշխանությունը, ըստ երեւույթին, սպասում է սերնդափոխության, երբ նշված տարիներից այլեւս կենդանի մարդ մնացած չի լինի:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանեք՝ ինչպե՞ս կարող է տնօրինվել հողամասի կառուցապատման իրավունքը:

Հրայր Հակոբյան (37 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ հողային օրենսգրքի 481 հոդվածի պահանջների համաձայն՝ կառուցապատման իրավունքով հողամասն օգտագործելու իրավունք ունեցող անձը կարող է այդ իրավունքը տնօրինել՝ փոխանցել այլ անձի, ազատորեն օտարել, գրավ դնել այն, ինչպես նաեւ կատարել այլ գործարքներ կառուցապատման իրավունքի նկատմամբ, կարող է փոխանցվել այլ անձի՝ համապարփակ իրավահաջորդության կարգով: Սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասում կառուցապատման իրավունքով կառուցված կամ ստեղծված շենքերը եւ շինությունները հողամասի սեփականատիրոջ սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Կառուցապատման իրավունքը տրամադրվում է պայմանագրով սահմանված ժամկետով եւ չի կարող գերազանցել 99 տարին, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2014 թ. հունվար-հոկտեմբերին քաղաքապետարանում օրինականացվել է 197 ինքնակամ կառուցված շինություն եւ հողամաս, որի արդյունքում բյուջե է մուտքագրվել 25 մլն դրամ: Մասնավոր ընկերությունները, ստանալով որոշակի պաշտոնյաների հովանավորություն, մայրաքաղաքում կանաչ տարածքների հաշվին իրականացնում են կառուցապատումներ, որոնք ահռելի մասշտաբների են հասնում: Եւ չնայած քաղաքապետարանը հաստատում է շինթույլտվությունների ձեռքբերման օրինականությունը, սակայն միեւնույն է՝ անզեն աչքով էլ կարելի է նկատել, որ ապօրինի շինությունների թիվը մեր քաղաքում գնալով ոչ թե նվազում, այլ աճում է:




Լրահոս