8.5 մլրդ դրամ՝ արագաչափերից և տեխնիկական սարքավորումներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով 2014 թվականի գործունեությունը, հայտնեց, որ նախորդ տարի տեղի է ունեցել ավելի քան 3300 ճանապարհատրանսպորտային պատահար:

«Պատահարների հետեւանքով մահացել է 297 մարդ, մարմնական վնասվածք է ստացել 4479 քաղաքացի: Ունենք դեպքերի և մարմնական վնասվածքների աճ, սակայն զոհերի նվազում»,- ասաց Արտակ Հարությունյանը:

Զոհերի նվազումը, ՃՈ պետի խոսքով, պայմանավորված է մի շարք պատճառներով` տեսանկարահանող սարքերի առկայությամբ, վարորդների նկատմամբ զսպողականությանն ուղղված քաղաքականությամբ, վարորդ-հետիոտն փոխզիջման մշակույթի ձևավորմամբ:

Անդրադառնալով նախորդ տարվի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով վարորդներից արված գանձումներին` ՃՈ պետը հայտնեց, որ խախտումների հիման վրա բյուջե է մուտքագրվել մոտ 3 մլրդ դրամ, իսկ տեխնիկական սարքավորումներով` 8.5 մլրդ դրամ:

«Նախորդ տարի արձանագրվել է սահմանված արագությունը գերազանցելու 28.812 դեպք, որը վեց անգամ ավելին է 2013-ի համեմատ: Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում գտնվող 3466 վարորդ: Վազանցի կատարման 6566 դեպք է գրանցվել, որը երկու անգամ ավելին է»,- ասաց ՃՈ պետը:

Արտակ Հարությունյանը հայտնեց, որ նվազել են նվազ նշանակություն ունեցող խախտումների թիվը, այդ թվում` վարելու ընթացքում հեռախոսակապից օգտվողների և ծխողների քանակը:




Լրահոս