ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄՆ ԱՆԼՐՋԱՑՆՈՒՄ Է ԵԽԽՎ ՄԱՆԴԱՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 28-ին ԵԽԽՎ-ում ՌԴ-ի պատվիրակությանը ձայնից զրկելու քվեարկությանը Հայաստանի պատվիրակության դիրքորոշումը մինչ օրս անհասկանալի է մնում, քանի որ պարզ չէ, թե, ի վերջո, հայկական պատվիրակությունը ինչի՞ն է դեմ եւ ինչի՞ն է ձեռնպահ քվեարկել: Բանն այն, որ քվեարկության է դրվել մի բանաձեւ, որով դատապարտվել էր Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, ինչին հայկական պատվիրակությունը ձեռնպահ է քվեարկել, սակայն այդ փաստաթղթի մեջ ներառված է եղել նաեւ ՌԴ-ին ձայնից զրկելու որոշումը: Հայկական պատվիրակությունը պնդում է, որ իրենք դեմ են քվեարկել ՌԴ-ին ձայնից զրկելու որոշմանը, իսկ ձեռնպահ քվեարկությունը վերաբերում էր բացառապես Ղրիմի բռնակցմանը:

Եւ այսպես՝ «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ հայկական պատվիրակությանը ՀՀ-ից «հրահանգել» են «ձեռնպահ» քվեարկել այն փաթեթին, որը վերաբերում է ՌԴ-ին` այդ կերպ ազատվելով բոլոր «գլխացավանքներից»: Պատահական չէր նաեւ այն հանգամանքը, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության Ստրասբուրգ մեկնելուց մեկ օր առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը խորհրդակցություն էր հրավիրել, որին անձամբ ներկա էր նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Պարզվում է՝ վերջիններս հավաքվել էին խելք խելքի տալու եւ հասկանալու համար, թե ինչպես կարող են «խուսափողական» քվեարկությամբ միանգամից երկու նապաստակ որսալ: Արդյունքում՝ Հայաստանի պատվիրակությունը կարողացավ նման արդյունք գրանցել:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի հետ՝ պարզելու համար, թե արդյո՞ք հայկական կողմին հաջողվել է այդ հարցում հաջողություն գրանցել:
-Պարո՛ն Սաֆարյան, ԵԽԽՎ հայկական պատվիրակության քվեարկությունը՝ ՌԴ-ին ձայնից զրկելու հետ կապված, քաղաքական դաշտում անհասկանալի է մնում: Դուք պարզել ե՞ք, թե, ի վերջո, ինչպե՞ս է հայկական պատվիրակությունը վարվել:
-Ինձ թվում է՝ ճնշումներ ունենք հյուսիսից, ու ակնհայտորեն նրանք ստիպված են հրապարակավ սրբագրել, խմբագրել իրենց պահվածքը, թերեւս այլ կերպ սա չես բացատրի: Անկեղծ ասած՝ սա արդյունք է այն քաղաքականության, որը որեւէ սկզբունք չի ճանաչում: Խնդիրը Հայաստանի ՌԴ-ից կախվածության մեջ չէ, այստեղ խնդիրը նրա մեջ է, որ Հայաստանում էլ չգիտենք, թե ինչպիսի արժեքային կողմնորոշիչներ ունի մեր արտաքին քաղաքականությունը եւ դրա մաս կազմող խորհրդարանական դիվանագիտությունը: Եթե կողմնորոշում ունենայինք, ապա կկարողանայինք հասկանալ, թե չէ այս կերպ տգեղ իրավիճակ է, եւ կարծում եմ, որ իրենք չպետք է թույլ տային, որ այս իրավիճակը ստեղծվի: Ես ինքս եմ այցելել կայք ու տեսել այն քվեարկությունը, որն իրականացրել են, ու կարծես թե իրենք քվեարկել են ձեռնպահ, հետեւաբար այս անլուրջ պատմությունը, կարծում եմ, չպետք է լիներ:
-Նշեցիք, որ հայկական պատվիրակությունը ստիպված է խմբագրել իր արածները, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են նրանք այժմ արդարանում, կարծես թե այս անգամ հայկական պատվիրակությունը ճիշտ քվեարկություն է կատարել:
-Ընդհանրապես վեհաժողովներին մեր գորշ մասնակցությունը, ցավոք սրտի, թույլ չի տալիս ավելին ասելու, որովհետեւ այնպես չէ, որ իրենք ինչ-որ ելույթ են ունեցել, ու կարելի է դրանից եզրակացնել իրենց տեսակետը: Իրենք անգամ ելույթ չեն ունեցել՝ պարզաբանելու համար, թե ինչի՞ն են դեմ կամ ինչի՞ն են ձեռնահ, ես դա եմ ուզում հասկանալ: Հետեւաբար ինձ թվում է՝ փորձում են ՌԴ-ի առջեւ արդարանալ, գուցե բացատրություններ պահանջվեն: Մեղմ ասած՝ այս ամենն անլրջություն է, ես կոչ կանեի այդպես չանլրջացնել այդ մանդատը:
Ես կարծում եմ, որ նրանք ամենեւին պատահական չեն քվեարկել ձեռնպահ, այսինքն՝ Երեւանում կայացված է եղել այդ որոշումը, որը փոխանցվել է Ստրասբուրգ, կամ իրենք են իրենց հետ այդ որոշումը տարել Ստրասբուրգ: Բայց ակնհայտորեն ինչ-որ բան է տեղի ունեցել, ինչ-որ բացատրություններ են պահանջվել կամ կպահանջվեն եւ, հետեւաբար, փորձում են արդարանալ: Եվրոպայի խորհրդարանական վերաժողովը մի հարթակ է, որտեղ սովորեցնում են ժողովրդավարություն, եւ ոչ թե սովորում են միմյանցից, այլ սովորեցնում են ուրիշներին:
-Կարծես թե անհասկանալի քվեարկություն են իրականացրել նաեւ ԵԽԽՎ Թուրքիայի եւ Ադրբեջանի պատվիրակները: Եթե Թուրքիայի պատվիրակներից ոչ բոլորն են հանդես եկել ռուսամետ դիրքերից, ապա Ադրբեջանի պատվիրակությունը դեմ է քվեարկել, ավելին` պատվիրակության ղեկավարը հանդես է եկել բոցաշունչ ելույթով` դատապարտելով ՌԴ-ին ձայնից զրկելու որոշումը: Դա ինչո՞վ եք պայմավորում:
-Գերազանցապես դա եղել է Ռուսաստանի աջակցությամբ, դա միանգամայն սպասելի էր, քանի որ ռուս-թուրքական, ադրբեջանական մերձեցումը եւ հակաարեւմտյան դիրքորոշումը թերեւս նման ռեալ հետեւանքի համար բավարար էին:

 

 

 

 

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԱԺ ԱՄԲԻՈՆԻՑ ԿՐԿԻՆ ԿՓՈՐՁԻ

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը կրկին ընդգրկվել է Ազգային ժողովի օրակարգում: Երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը ձայների 4 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշեց այն ընդգրկել փետրվարի 2-ին մեկնարկելիք ԱԺ նիստի օրակարգում: Հանձնաժողովում նախագիծը կրկին ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը, որը նախորդ անգամ չկարողացավ այդ նախագիծն «անցկացնել»:

Հիշեցնենք, որ օրենքը կարգավորում է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները: Նշենք, որ նախորդ անգամ այս նախագծին նույնիսկ ՀՀԿ-ականները դեմ քվեարկեցին, ինչի պատճառով էլ այն «հետ» ուղարկվեց` լրամշակման:
ՀՀԿ-ականները հիմնականում վրդովված էին Ա. Մկրտչյանի պահվածքից, քանի որ վերջինս խորհրդարանի ամբիոնից համարձակվում էր կոպիտ արձագանքել նաեւ ՀՀԿ-ականների հարցերին: Եվ հենց դա էլ պատճառ դարձավ, որ Ա. Մկրտչյանը չկարողացավ նախագիծն «անցկացնել»:
Հանձնաժողովի երեկվա նիստում քննարկման սկզբում ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը նախագիծը որակեց որպես «տարած հետ բերած», որից հետո սկսվեց նախագծի բովանդակային քննարկումը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ Կառավարության հետ համաձայնություն են ձեռք բերել նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկելու քառօրյայի օրակարգ՝ պայմանով, որ կազմակերպելու են նախագծի շուրջ լսումներ, որոնց ընթացքում քննարկվելու են բոլոր խնդրահարույց հարցերը:
Իսկ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն էլ փորձեց հանձնաժողովի անդամներին ներկայացնել, թե նախագիծն ինչ նպատակ է հետապնդում. «Բացառապես անձնական տվյալների պաշտպանությունն այլ ոտնձգություններից»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը հայտարարեց, թե իր համար այդպես էլ պարզ չեղավ՝ արդյո՞ք տվյալների միասնական բազա լինելու է, թե՞ ոչ: Ի պատասխան` Ա. Մկրտչյանը պարզաբանեց. «Միասնական բազա չկա ու չի էլ կարող լինել, պետական մարմինները տվյալների փոխանակման մեխանիզմ պետք է ունենան, որպեսզի պետական մարմինների հետ շփման ժամանակ մարդը հնարավորինս քիչ տվյալներ ներկայացնի: Անձնական տվյալների լիազոր մարմինն անգամ չի կարող ծանոթանալ, եւ դա համընդհանուր բան է, մենք չենք սահմանել»:
Այնուհետեւ նախագիծը դրվեց քվեարկության. ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը «դեմ», իսկ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը «ձեռնպահ» քվեարկեցին: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Հովհաննես Սահակյանը, Հրանտ Գրիգորյանը, Լեւոն Մարտիրոսյանն ու Վահրամ Մկրտչյանը կողմ քվեարկեցին, ինչի արդյունքում նախագիծն ընդգրկվեց ԱԺ օրակարգ:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՄԵՐ ԾՆՈՒՆԴՆ Է
2011 թվականի փետրվարի 1-ին լույս տեսավ «Ժողովուրդ» օրաթերթի առաջին համարը: 4 տարի առաջ մենք հայտարարեցինք, որ լուսաբանելու ենք ողջ դաշտը այնպես, ինչպես կա: Մենք չունենք նախընտրելի եւ մերժելի կերպարներ, չենք առաջնորդվում «սիմպատիաներով» ու «անտիպատիաներով»: Լինելու ենք հետեւողական մեր կողմից բարձրացված բոլոր խնդիրներին: Նաեւ խոստացանք, որ մեր թերթը հավատարիմ կմնա իր որդեգրած կարգախոսին՝ «Թերթ բոլորի եւ ամեն ինչի մասին», քանի որ մեր միակ պատվիրատուն լինելու է ընթերցողը: Հետադարձ նայելով անցած տարիներին՝ կարող ենք վստահ ասել, որ չենք շեղվել մեր նախանշած ուղուց: Մեր ընթերցողների կողմից մեզ հասցեագրված դիմումներն ու նամակները գրեթե անպատասխան չեն մնացել: Ավելին՝ հարյուրավոր քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները լուծվել են: Սա նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ շարունակելու ենք նույն ոգով աշխատել՝ անկախ նրանից, թե դա ում դուր կգա, ում՝ ոչ:

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԲԱԿՈՒՄ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունվարի 27-ին փողոցային գողության դեպք է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի թիվ 14 շենքի մոտ: ժամը 19-ի սահմաններում նշված շենքի բնակիչներից մի աղջիկ բղավել եւ օգնություն է խնդրել: Մինչ հարեւանները հասկացել են, թե որ կողմից են օգնություն կանչում, եւ հասել են դեպքի վայր, աղջիկն արդեն ուշագնաց վիճակում է եղել: Իսկ գողին հաջողվել է քաշքշելով աղջկա պայուսակը` գողանալ բջջային հեռախոսը: Տեղի բնակիչներն օգնություն են ցույց տվել վախից ուշագնաց եղած աղջկան, ինչպես նաեւ՝ ահազանգել ոստիկանություն:

 

ԸՆԴԴԵՄ ՏԿ-Ի
Մասնավոր ընկերությունը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության: Ավելի ճիշտ՝ հայցը ներկայացվել է «Վարչատնտեսական» ՓԲԸ-ի դեմ, որը ՏԿ նախարարության ենթակայության կառույց է: «ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ. հունվարի 19-ին համակարգչային տեխնիկայի մանրածախ եւ մեծածախ առեւտրով զբաղվող «Կոմպասս» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Մանվելյանը հայցադիմում է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության` «Վարչատնտեսական» ՓԲԸ-ից շուրջ կես միլիոն դրամ բռնագանձելու պահանջով:




Լրահոս