ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՆ ՕԴԻՑ ԿԱԽՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետաքրքրիր հակասություն է ստեղծվել ՀՀ բնապահպանության եւ էկոնոմիկայի նախարարությունների միջեւ: Բանն այն է, որ բնապահպանության նախարարությունն առաջարկում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ, որոնցով նախատեսվում է 1,5-30 դրամ՝ 1 տոննա թափոնի դիմաց դրույքաչափը: Սակայն այս առաջարկին դեմ է ոչ միայն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, այլեւ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա ընդհանրապես դեմ է հանդես գալիս հանքարդյունահանման հետեւանքով առաջացած թափոնների հարկման նախաձեռնությանը:

«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքը փաստացի սահմանում է, որ հանքարդյունահանման հետեւանքով առաջացած թափոնները չեն հարկվում:
ՀՀ բնապահպանության նախարարությունը նախաձեռնել է օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու գործընթաց` փորձելով վճարներ սահմանել հանքարդյունահանման ոլորտում ներկայումս ընդհանրապես չհարկվող թափոնների համար: Բնապահպանության նախարարությունն առաջարկում է սահմանել 1,5-30 դրամ՝ 1 տոննա թափոնի դիմաց դրույքաչափը, որն ըստ համահայկական բնապահպանական ճակատի՝ չափազանց ցածր է:
Սակայն անգամ այսպիսի ցածր դրույքաչափի սահմանմանը դեմ են արտահայտվել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների եւ էկոնոմիկայի նախարարությունները:
ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, մի շարք հիմնավորումներ ու օրենքների այլ դրույթների հետ հակասություններ մեջբերելուց հետո, առաջարկել է ընդհանրապես հանել այդ փոփոխությունը: Իսկ, ահա, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն իր բացասական դիրքորոշումն այս կերպ է հիմնավորել. «Առաջարկվող փոփոխությունը կհանգեցնի զգալի ֆինանսական ծախսերի հանքարդյունահանման ոլորտում գործող ընկերությունների համար: Հաշվի առնելով, որ արդյունահանվող արտադրանքը հանդիսանում է բորսայական ապրանք, որի գինը ձեւավորվում է միջազգային շուկայում, եւ որոնց բնորոշ է խիստ տատանողական վարքագիծ, առաջարկվող փոփոխությունը բացասական ազդեցություն կունենա ներդրումային միջավայրի վրա, կխոչընդոտի գործող ընկերությունների բնականոն գործունեությունը եւ նոր ներդրողների մուտքը ոլորտ: Ուստի առաջարկում ենք վերանայել լեռնաարդյունահանման ոլորտում նախատեսվող դրույքաչափերի կիրառումը»:
Բնապահպան Հակոբ Սանասարյանը երկու նախարարությունների միջեւ ընթացող այս «հակամարտությունը» համարում է «խեղկատակություն»: «Շատ էլ լավ է արել, որ Ճշմարիտյանը դեմ է արտահայտվել, որովհետեւ դա խեղկատակություն էր, դրանք ծիծաղելի թվեր էին: Ծայր աստիճան վիրավորական են այդ թվերը: Նրանց ընդհանրապես չեն մտահոգում մեր երկրի հիմքերը, իսկ դրանք քայքայվում են: Կա՛մ հարկում են, կա՛մ չեն հարկում: Իսկ առաջարկվող դրույքաչափերը կոպեկներ են: Սոսկալի է: Դա մեծ վիրավորանք է մեր բոլորի համար»,-զայրացած նշեց բնապահպանը:
Հանքարդյունահանման հետեւանքով առաջացած թափոնների հարկման խնդրի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացնող ընկերությունների «Վալլեքս» խմբի փոխնախագահ Գագիկ Արզումանյանի հետ, ով ասաց. «Ես մանրամասներին չեմ տիրապետում: Երբ կլինի կոնկրետ փաստաթուղթ, կոնկրետ առաջարկ, ուրախությամբ կծանոթանանք եւ կհայտնենք մեր տեսակետը»:
«Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ բնապահպանության նախարարությունից հետաքրքրվել, թե «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկն այս պահին ո՞ր փուլում է: Նախարարությունից, սակայն, խոստացան հարցին պատասխանել մոտ օրերս:
Իսկ մինչ այդ բազմաթիվ բնապահպաններ մտահոգված են, քանի որ հանքարդյունաբերական աղտոտումը նպաստում է վերարտադրության հետ կապված հիվանդությունների եւ շնչառական խնդիրների մեծացմանը, հանգեցնում է անոմալ ծնունդների եւ քաղցկեղի: Նրանք համոզված են, որ հանքարդյունաբերությունը բացասաբար է անդրադառնում համայնքներում արտադրվող սննդամթերքի շուկայական վարկանիշի վրա՝ մեծացնելով բնակիչների տնտեսական խոցելիությունն ու նվազեցնելով կենսապահովման այլընտրանքների հնարավորությունը:
Անկախ փորձագետների գնահատմամբ՝ ջրազրկման, թունավոր թափոնների ազդեցության, արդյունահանման ծավալների մեծացման արդյունքում հեկտարներով անտառներ են ոչնչանում, ինչն էլ այդ տարածքում հանգեցնում է էկոհամակարգի ոչնչացման: Ավելին՝ հանքարդյունահանման արդյունքում գոյանում են միլիոնավոր տոննաների հասնող թունավոր հեղուկ եւ կարծր թափոններ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՍՏՈՒԳԵԼՈՒ ԵՆ
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսել է իրականացնել ստուգումներ 813 բարձր, 291 միջին եւ 58 ցածր ռիսկայնությամբ տնտեսավարող սուբյեկտների մոտ:
Ստուգումների պլանը կազմվել է նախորդ տարվա ստուգումների արդյունքների, դիմում-բողոքների եւ առկա այլ տեղեկատվության հիման վրա: Այսպիսով՝ ընթացիկ տարում ստուգվելու են հանրային սննդի կազմակերպում իրականացնող ավելի քան 490 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից 250-ը նախադպրոցական ուսումնական հաստատություն, մանկատուն, հատուկ դպրոց, երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, ինչպես նաեւ հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդի իրացում կազմակերպող տնտեսավարողներ են:
Ուշադրության կենտրոնում են գտնվում սննդամթերքի իրացում/առեւտուր իրականացնող շուրջ 295 կազմակերպություններ, այդ թվում՝ մսի եւ ձկան իրացում իրականացնող 58 տնտեսավարող, հացի արտադրություն իրականացնող 110 տնտեսավարող, կաթնամթերք արտադրող 75 եւ մսամթերք արտադրող 20 տնտեսավարողներ:
Նաեւ՝ ներմուծում եւ իրացում իրականացնող 17 ու պահածոյի, պաղպաղակի, ոգելից եւ ոչ ոգելից խմիչքների, շոկոլադի, տորթի, մակարոնեղենի, գարեջրի, հյութերի, սուրճի, թեյի ու սննդամթերքի հետ կապված այլ գործառույթներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներ: Բացի տարեկան պլանային ստուգումներից՝ կիրականացվեն նաեւ դիտարկումներ եւ ոչ պլանային ստուգումներ` ելնելով քաղաքացիների դիմում բողոքներից եւ պետական ու այլ կազմակերպություններից ստացված տեղեկատվությունից:




Լրահոս