ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ավարտվեց ԱԺ վեց խմբակցությունների և վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ խորհրդակցությունը: Քննարկման ավարտից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նախ հիշեցրեց, որ այսօր նիստի ժամանակ նման հանդիպում էին պահանջել` քննարկելու համար «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում կատարվող փոփոխությունները:
«Կարող եմ ասել, որ ընդհանուր լեզու ենք գտել: Խնդիրն այն է, որ այն մոտեցումները, որոնք հնչեցվեցին իշխանության ներկայացուցիչների կողմից և այն մոտեցումները, որ ունեն մեր բոլոր հինգ քաղաքական ուժերը համընկնում են առանձին դեպքերում», – նշեց նա:
Ռուբիկ Հակոբյանը հայտնեց, որ չնայած այսօր արտահերթ նիստ հրավիրելու համապատասխան ստորագրություններ ունեն, սակայն այն հետաձգվում է: Նա նշեց, որ ընդհանուր մոտեցումներ կան, որոնք համընկնում են, սակայն չցանկացավ շատ մանրամասներ ներկայացնել:
Հակոբյանն ասաց, որ հանդիպումներ են լինելու գործարարների հետ և՛ իշխանության, և՛ ոչ իշխանականների կողմից: Հարցին, թե չեն վախենում, որ կառավարությունը «փափուկ բարձ է» դնում իրենց գլխի տակ, նա ասաց, որ տառապանքի փորձ ունեն, սակայն եթե ընդհանուր մոտեցման չգան, արտահերթ նիստ կհրավիրեն այս հարցի վերաբերյալ:
Ռուբիկ Հակոբյանը հայտնեց, որ իրենց առաջին պահանջը փաստաթղթավորման կամավոր սկզբունքի կիրառումն է: