Ո՞Վ Է ՊԱՀԱՆՋԱՏԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վահե Ավետյանի ողբերգական մահվան արդյունքում  ծայր առած եւ մինչ օրս չմարող հասարակական ընդվզման դրսեւորումներին հետեւելիս հավանաբար շատերի մոտ է առաջացել այն հարցադրումը, թե ինչու նմանատիպ ընդվզում տեղի չունեցավ 2008թ. մարտի 1-ի սպանդից հետո: Ինչ խոսք, այն ժամանակ էլ տասնյակ հազարավոր մարդիկ գալիս էին  Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներին, պահանջում   բացահայտել մեղավորներին եւ պատժել մարդասպաններին: Սակայն այդ ամենը տեղի էր ունենում գերքաղաքականացված դրսեւորումներով, որոնցում  մի տեսակ տարրալուծվում էր պարզ, մարդկային վիշտն ու ցասումը: Եւ եթե մարտի 1-ից հետո ծավալված հանրային ընդվզումը մոբիլիզացվում էր քաղաքական ուժի կողմից, այս դեպքում հանրային ընդվզումն է մոբիլիզացնում քաղաքական ուժերին: Ո՞րն է պատճառը, չէ՞ որ, ի վերջո, 2008-ին սպանվել էր տասը մարդ, հարյուրավորները վիրավորվել եւ լցվել էին բանտերը: Ինչո՞ւ է ուրեմն, Վահե Ավետյանի մահվան դեպքում  հասարակությունը ուղղորդում քաղաքական ուժերին, եւ ոչ թե հակառակը: Հավանաբար պատճառն այն է, որ անցած չորս տարիների եւ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում հասարակությունը վերջնականապես հասկացավ, որ իր շահերի, իրավունքների եւ անգամ կյանքի պաշտպանության համար պետք է պայքարի ինքը` հույսը չդնելով որեւէ քաղաքական ուժի վրա, քանի որ իրեն մարտի 1-ի քաղաքական պահանջատեր հռչակած Հայ ազգային կոնգրեսի գործողությունները ցույց տվեցին, որ  քաղաքական շահերի բախման արդյունքում կրած կորուստներն ու զոհերի արյունը շատ արագ մոռացվում են  այդ քաղաքական շահերի համընկնման դեպքում: Այն աստիճան, որ երեկվա «մարդասպանները», «գազաններն» ու «ձեռքերը արյան մեջ թաթախած» գործիչները սահուն կերպով վերածվում են գործընկերների ու անգամ նախագահի հնարավոր միասնական թեկնածուների: Եւ շահերի այդ միավորման արդյունքում գնալով ավելի ու ավելի  ցածր են հնչում մարտի 1-ի դահիճներին պատասխանատվության ենթարկելու կոչերը: Որքան էլ ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարի, թե «մարտի 1-ը մոռանալու մասին մեղադրանքներն անհեթեթ են», դրանից Կոնգրեսի վարքագիծը հեթեթ չի դառնում: Քանզի առաջին  բանը, որ պետք է աներ Կոնգրեսը, ոչ թե սեփական  ինտելեկտուալ հնարավորություններն ի ցույց դնելն  էր` կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, այլ մարտի 1-դեպքերի բացահայտման պահանջով հանդես գալը: Եւ ոչ թե` Վահե Ավետյանի մահվան  արդյունքում ձեւավորված շարժման ալիքից  չընկնելու համար լծվեր  արտահերթ նստաշրջան հրավիրելու ի սկզբանե  ձախողված ստորագրահավաքին: Իսկ ինչ վերաբերում է Ջհանգիրյանի հավաստիացմանը, թե առաջիկայում ՀԱԿ-ը հետամուտ է լինելու «մարտի 1-ի գործով» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, ապա  հետաքրքիր է, արդյոք ՀԱԿ-ը պնդելու է, որ այդ նոր հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սամվել Նիկոյանի փոխարեն լինի Վարդան Օսկանյանը:




Լրահոս