
Փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկիին և ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկիին:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպան Նովակովսկիին և գնդապետ Մարինովսկիին Հայաստանում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սեյրան Օհանյանը նշել է, որ Լեհաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցությունը կարևորվում է Հայաստանի կողմից և հույս հայտնել, որ Հայաստանում ռազմական կցորդի գրասենյակի բացվելուց հետո հայ-լեհական համագործակցությունը նոր թափ կստանա:
Դեսպան Նովակովսկին իր հերթին նշելով, որ Հայաստանը Լեհաստանի համար համարվում է կարևոր գործընկեր, արտահայտել է պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման դինամիկան շարունակելու իր երկրի պատրաստակամությունը: