ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ Երեւանի քաղաքապետարանը Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 10.0 հա մակերեսով հողամաս է հատկացրել ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու նպատակով: Բնակիչները բազմիցս բողոքել են, որ իրենց պտղատու այգիները կանգնած են ոչնչացման վտանգի առջեւ: Եւ ահա երեկ ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանը մեզ հայտնեց, որ իրենք հրաժարվել են այնտեղ մարզադաշտ կառուցելու գաղափարից: «Այո՛, հատկացրել էին, բայց Ռուբեն Հայրապետյանը հրաժարվել է այդ տարածքից, որովհետեւ այդտեղ կան բազմաթիվ պտղատու ծառեր: Ինչպե՞ս կարող ենք այդ ծառերը կտրել: Անմշակ հողատարածք տրամադրելու դեպքում պատրաստ ենք մարզադաշտ կառուցել»,-նշեց նա: Իսկ թե ինչու է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այդպիսի «կույր» որոշում կայացրել՝ մարզադաշտի համար հատկացնելով պտղատու ծառերով հագեցած հողակտոր, այդպես էլ անհասկանալի է մնում:




Լրահոս