ՀՀ առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագծի հատուկ թողարկումը նվիրված է ականավոր բժիշկ-գիտնական, առողջապահության հմուտ կազմակերպիչ, պետական և հասարակական գործիչ, ՀՀ առողջապահության նախկին նախարար (1975-1989թթ.), Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանին:
Իրեն վստահված բոլոր պաշտոններում` Արթիկի շրջանի բուժմիավորման գլխավոր բժշկից մինչև բժշկական մայր բուհի ռեկտոր ու առողջապահության նախարար, նա աշխատեց մեծ նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ:
Իր ժամանակակիցների հուշերում Էմիլ Գաբրիելյանը առաջին հերթին մնաց որպես հանրապետության առողջապահության ոլորտի անառարկելի հեղինակություններից մեկը։ Էմիլ Գաբրիելյանը ոչ միայն համակարգում ներդնում էր նորն ու առաջադեմը, այլև կանխատեսելով վաղվա զարգացումները, դրանց համար ամուր հիմքեր նախապատրաստում։ Նրա ղեկավարած տարիներին հանրապետությունում կառուցվեցին բազմաթիվ հիվանդանոցային համալիրներ: Դրանցից «Դիագնոստիկա» ախտորոշիչ կենտրոնն առաջինն էր ԽՍՀՄ-ում: Էմիլ Գաբրիելյանի հայրենասիրական ու մարդասիրական էությունն առավել ցայտուն դրսևորվեց 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին։ Եթե չլիներ նրա կազմակերպչական տաղանդը` երկրաշարժից տուժած հազարավոր երեխաներ ու մարդիկ անհրաժեշտ բժշկական օգնություն չէին ստանա։ Էմիլ Գաբրիելյանը համաշխարհային ճանաչում վայելող գիտնական էր: Նա մի շարք ակադեմիաների, գիտական խորհուրդների և առողջապահական միությունների անդամ էր: Առաջին հայ գիտնականն էր, ում մարդասիրության և կյանքի պաշտպանության բնագավառում ցուցաբերած նվիրման ու նվաճումների համար 1991 թվականին Սպիտակ խաչի ասպետների համաշխարհային կոնֆեդերացիայի կողմից շնորհվեցին «Մարդկության Ասպետ» և «Շեվալյե» ազնվական տիտղոսները: Նա պարգևատրվեց նաև «Հանուն կյանքի» շքանշանով և «Ասպետական խաչ»-ով: Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը մեծ ճանաչում ուներ ոչ միայն մեր հանրապետությունում, այլև` աշխարհում:
1992 թ. մեր երկրի համար տնտեսական ծանր ժամանակաշրջանում, ակադեմիկոս Գաբրիելյանը` համագործակցելով միջազգային հեղինակավոր կառույցների հետ, կարողացավ հետխորհրդային հանրապետություններից առաջինը Հայաստանում ստեղծել «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձաքննության գիտական կենտրոնը»։ Միջազգային շատ փորձագետների կողմից այն հաճախ բարձր գնահատականի է արժանացել։
Մոսկովյան 31 հասցեում հունվարի 31-ին բացվեց ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Հուշաքարի բացման արարողությանը հաջորդեց հանդիսավոր միջոցառում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որի ընթացքում ցուցադրվեց Էմիլ Գաբրիելյանի կյանքի և գործունեության մասին պատմող «Կյանքն, ինչպես մի ցոլք…» փաստագրական ֆիլմը, որը «Կոչումով բժիշկ» նախագծի հատուկ թողարկումն է: ՀՀ կառավարության որոշմամբ 2015 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հպարտորեն կրում է հիմնադրի` ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի պատվավոր անունը: