Չինաստանն աջակցում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունին, ով անցած տարվա նոյեմբերից է սկսել դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախարարը ողջունել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ նախարարության և դեսպանատան միջև ձևավորված սերտ գործնական կապերն ավելի կամրանան:

«Մենք բարձր ենք գնահատում Չինաստանի գործադրած ջանքերը մեր երկրի համար մեծ կարևորություն ունեցող երկու ծրագրերի՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի» կառուցման և Հայաստան-Իրան երկաթուղային կապի ստեղծման համար տարվող աշխատանքներում»,- իր խոսքում ընդգծել է նախարարը:

Չինաստանի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ այսուհետ ևս երկու երկրների միջև տրանսպորտի և կապի ոլորտում կշարունակվի բարձր մակարդակի համագործակցությունը։

«Մենք գտնում ենք, որ Ձեր ղեկավարած գերատեսչության կողմից մեծ է հետաքրքրությունը՝ ընդլայնելու համատեղ ծրագրերը, մասնավորապես, երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության բնագավառում»,- նշել է դեսպանը:

Նախարարն ու դեսպանը կարծիքներ են փոխանակել Չինաստանի համար պետական կարևորություն ներկայացնող Մետաքսի ճանապարհի վերականգնման և Հայաստանի համար ռազմավարական նշանակության «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ:

Դեսպան Տյան Էրլուին իր խոսքում ընդգծել է, որ չինական ճանապարհաշինական ընկերությունները շահագրգռված են մասնակցելու 3-րդ և 4-րդ տրանշների համար հայտարարվելիք տենդերներին:




Լրահոս