Հունվարի 29-ին Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ներկայացնելով տարածաշրջանային հանձնախմբերի կատարած և նրանց հետ տարվող աշխատանքները:
Նախարարը նշեց, որ սփյուռքյան հիմնական կառույցների ջանքերով, ՀՀ սփյուռքի և արտաքին գործերի նախարարությունների աջակցությամբ 50 տարբեր երկրներում գործում են տարածաշրջանային 61 հանձնախմբեր, որոնք ղեկավարում են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հոգևոր առաջնորդներ, ազգային կուսակցությունների, համահայկական և համայնքային կառույցների ղեկավարներ: Ճապոնիայում գործող հանձնախմբի ղեկավարը ճապոնացի է: Շատ քաղաքներում և համայնքներում ստեղծվել են տեղական մարմիններ:
Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ բոլոր համայնքներում օգտագործվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանը՝ Անմոռուկը, իսկ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը տեղ է գտել բոլոր համաժողովների, քննարկումների, կրթական, մշակութային և հոգևոր կառույցների ծրագրերում:
Գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ քաղաքական մեծ նշանակություն ունի այն հանգամանքը, որ Ֆրանսիայի և Ուրուգվայի նախագահները մեր հանձնախմբերում ընդգրկված են որպես Պատվո նախագահներ, իսկ Ապրիլի 24-ը մի շարք երկրներում կամ առանձին նահանգներում հռչակվել է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր (Կիպրոս, Ֆրանսիա, Լիբանան, ԱՄՆ, քննարկվում է Կանադայում):
«Ապրիլի 24-ին նախատեսվում է երթերի կազմակերպում դեպի թուրքական դեսպանատներ և միջազգային կառույցների ներկայացուցչություններ: Երթերի մասնակիցները Ցեղասպանության ճանաչման պահանջների թղթածրարներ կհանձնեն կառույցներին, կկազմակերպեն տարաբնույթ աշխատանքներ, քայլարշավներ, միտինգներ, նստացույցեր, որպեսզի տվյալ երկրի նախագահը դիմում հղի հայ ժողովրդին»,- հավելեց նախարարը:
Նշվեց, որ ԶԼՄ-ներով անցած 95 տարների ընթացքում այնքան չի գրվել և ցուցադրվել Հայոց ցեղասպանության մասին, որքան վերջին 3 տարիների ընթացքում: «Չկա որևէ քիչ թե շատ հայտնի լրատվամիջոց, որ չլուսաբանի թեման: Հայաստան են գործուղվել օտարերկրյա լրագրողներ՝ ֆիլմեր և հաղորդումներ նկարահանելու համար, Հայոց ցեղասպանության թեմայով դրոշմանիշներ են թողարկվել Ֆրանսիայում, Կիպրոսում, Լիբանանում, Բրազիլիայում, Ռումինիայում և այլուր», -ընդգծեց նա:
ՀՀ սփյուռքի նախարարը քարոզչական մեծ ազդեցություն ունենալու առումով կարևորեց օտարազգի գիտնականների, գրողների անդրադարձները Հայոց ցեղասպանությանը:
«Մեծ տարածում են գտնում նաև տարբեր նախաձեռնություններ, որոնցից ուշագավ են նախարարության, Ֆրանսահայերի և ֆրանսիացիների նախաձեռնությամբ «Թուրքիա՛, ճանաչի՛ր Հայոց ցեղասպանությունը», «Միլիոնավոր երեխաներ չծնվեցին» խորագրերը կրող շարժումները: Կազմակերպվել և կազմակերպվելու են խոշոր միջազգային գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ, գիտաժողովներ, բանախոսություններ, դասախոսություններ, հուշ-երեկոներ, հավաքներ՝ հատկապես Ցեղասպանությունը վերապրած ժողովուրդների ներկայացուցիչների մասնակցությամբ», – նշեց ՀՀ սփյուռքի նախարարը:
Դրանցից գերատեսչության ղեկավարն առանձնացրեց իրավաբանների, լրագրողների, գրողների, քաղաքագետների և միջազգայնագետների, լոբբիստների և իրազեկման կառույցների գիտաժողովները, համաժողովներն ու հավաքները:
2015թ. նախատեսվածներից նախարարն անդրադարձավ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատասխանատվության միջազգային իրավական հիմնահարցերը», «Ժամանակակից Թուրքիա. առերեսում պատմության հետ», «Իսլամացած հայերի հիմնախնդիրները» և «Նոր օսմանականությունը՝ որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական գաղափարախոսություն» համաժողովներին:
ՀՀ սփյուռքի նախարարը շեշտեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող գիտահետազոտական, հրատարակչական աշխատանքների կարևորությունը՝ նշելով, որ գրեթե բոլոր երկրներում տարբեր լեզուներով թարգմանվում, հրատարակվում և տարածվում են գրքեր, բրոշյուրներ, տեղեկատվական թերթոններ, ուսումնասիրություններ:
«2015թ. նույնպես կշարունակվեն հավաքագրվել, թվայնացվել և հրատարակվել արխիվներ, Հայոց ցեղասպանությանը առնչվող նյութեր, փաստաթղթեր, 1894-1923թթ. մամուլի հրապարակումներ, կկազմակերպվեն հայ գրողների ստեղծագործությունների համաշխարհային ընթերցումներ: 78 հայագիտական կենտրոնների վերջին տարիների հետազոտությունների հիմնական մասը նվիրված են Հայոց Ցեղասպանությանը, – նշեց նախարարը՝ հավելելով, – ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով նույնպես իրականացվել են Հայոց ցեղասպանության թեմային նվիրված հետազոտություններ, որոնցից են «Իսլամացած հայերի խնդիրների շուրջ», «Ստամբուլի հայ համայնքի արդի իրավիճակը», «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ», «Arminians at the twilight of the Ottoman era». News Reports From The International Press, Volume I, The New York Times 1890-1914 Compiled and edited by Mekhitarian V., V., rev. Vahan Ohanian, «Հայերի ունեզրկման գործընթացն Օսմանյան կայսրությունում և Քեմալական Թուրքիայում», «Ցեղասպանության 50-րդ տարելիցը և 2-րդ հանրապետությունը» և այլ աշխատություններ»:
Նախարարն ընդգծեց, որ սփյուռքյան համայնքերում շարունակվում են տեղադրվել Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձաններ, կառուցվում են հուշապատեր, հուշահամալիրներ: Կազմակերպվել և կազմակերպվում են աշակերտական շարադրություններ, ուսանողական, գիտական, թեմատիկ մրցույթներ, ցուցահանդեսներ, ծառատունկ, պուրակների հիմնում: «Իսրայելում տնկվել է 300 ձիթենի, Գերմանիայում՝ 150 սոսի, Քուվեյթում՝ 100 տարբեր տեսակի ծառեր: Այս տարի՝ սեպտեմբերին, կկազմակերպենք «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնը, որտեղ կոմիտասյան կատարումներով հանդես կգան Հայրենիք ժամանած մի քանի հարյուր սփյուռքահայ պատանիներ ու երիտասարդներ», – նշեց նախարարը: Նախարար Հրանուշ Հակոբյանն առանձնացրեց Սիրիայի հայ համայնքում նախատեսված միջոցառումները՝ ընդգծելով, որ Սիրիայի Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական համայնքերը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկով դիմել են ՍԱՀ նախագահ Բաշար Ալ-Ասադին և մինչև Ապրիլի 24-ը ՍԱՀ պառլամենտում քննարկվելու է Ցեղասպանության ճանաչման հարցը: «Հալեպի բանուկ հրապարակներից մեկում կանգնեցվելու է հայ-արաբական բարեկամությունը խորհրդանշող հուշակոթող, իսկ Հալեպի մեկ կամ երկու փողոց կանվանակոչվեն հայտնի հայ մտավորականների, հոգևոր գործիչների անուններով», -նշեց նա:
ՀՀ սփյուռքի նախարարն անդրադարձավ նաև Տրանսիլվանիայում, Լեհաստանում, Թուրքիայում սկսված «հայադարձության» անվանումով շարժմանը: «Փորձեր են արվում հակադրություն սերմանել Սփյուռքի և Հայաստանի միջև, սակայն, ակնհայտորեն նրանց հույսերն ի դերև են լինում՝ նախևառաջ այսօրինակ ներկայացուցչական հավաքների շնորհիվ, որտեղ վերահաստատվում է համայն հայության՝ միասնաբար գործելու հանձնառությունը, Փերինչեքի գործով պետական և սփյուռքյան կառույցների համագործակցությունը, – ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, – հարցումները պարզել են, որ աշխարհի 31 երկրի, այդ թվում՝ Չինաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի 31 271 երիտասարդների 77 տոկոսը 1915թ. Հայոց կոտորածները որակում են որպես Ցեղասպանություն: Սա ամենամեծ քաղաքական ձեռքբերումներից է»:
Զեկույցի ավարտին նախարարը նշեց, որ 100-րդ տարելիցը և միջոցառումները ոչ թե նպատակ, այլ միջոց են՝ հաջորդ հանգրվանին պայքարը ահագնացնելու համար, որ 2015թ.-ից հայերը դուրս կգան առավել կազմակերպված, առավել համախմբված:
«Մեր պայքարը շարունակվելու է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով և բանաստեղծական պատգամով «Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո միասնության մեջ է», «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք», – եզրափակեց ՀՀ սփյուռքի նախարարը: