ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼ ԵՆ
Հուլիսի 17-ին՝ ժամը 20:44-ին, ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի 1 շենքից կախված են ապակե սալիկներ, որոնցից մեկը վայր է ընկել, մի քանիսն էլ վտանգ են ներկայացնում անցորդների համար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ մեկ ավտոսանդուղք: Շենքի բակում ժապավեններով ստեղծվել է անվտանգության գոտի:

ԿՈԶԵՌՆՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ
Այսօր՝ ժամը 10-ին, ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա են իրականացնելու Կոզեռն թաղամասի Պռոշյան առաջին նրբանցքի բնակիչները: Թաղամասը տարիներ շարունակ իրացման գոտում էր, 2 անգամ էլ «Պետության եւ հասարակության կարիքների համար օտարվող սեփականության մասին» օրենքի շրջանակներում կառավարությունը որոշումը երկարաձգել է, սակայն իրացումն այդպես էլ չի կայացել: Այժմ սեփականատերերն իրենց վկայականների լրացուցիչ տվյալների մասում ունեն նշումներ, որոնք ենթադրում են, որ գույքը գտնվում է պետական գերակա շահ հանդիսացող տարածքում: Այդ պատճառով մարդիկ չեն կարողանում օգտվել վարկային ծրագրերից, վերանորոգել իրենց բնակարանները:

36 ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂ ԿԱ
36 հայ «օրենքով գողեր» այսօր ապրում են նախկին ԽՍՀՄ տարածքում, որոնց շարքում չէ ԱՄՆ-ում բնակվող Արմեն Ղազարյանը՝ Պզոն: Այդ մասին երեկ լրագրողներին ասել է քրեական վերլուծաբան, լրագրող Սերգեյ Գալոյանը: «Գողական աշխարհն այս վերջին շրջանում մի շարք փոփոխությունների է ենթարկվել: Չկա «դասական գողական» այն ավանդույթը, որ կար տարիներ առաջ՝ Սվո Ռաֆի ժամանակներում»,-ասել է քրեական վերլուծաբանը:  

ՆԵՏՎԵԼ Է ԿԱՄՐՋԻՑ
Հուլիսի 18-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել Երեւանի բնակիչ 31-ամյա Տ. Մինասյանը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հայտնի բժիշկների զավակ Մինասյանը հոգեկան խնդիրներ է ունեցել:

ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ
Հուլիսի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննությանն է հրավիրել «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի անդամ Կարինե Հարությունյանին: Իսկ հուլիսի 18-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հրաման է ստորագրել, ըստ որի՝ ստուգումները հիմնադրամում երկարաձգվում են «10 անընդմեջ աշխատանքային օրով»: ԱՎԾ-ն հարուցված քրեական գործին առչնվող հավելյալ փաստաթղթեր է պահանջել «Սիվիլիթաս»-ի հիմնադիր Վարդան Օսկանյանից:

ՎԱՆՈՅԻ ԳՈՐԾԸ ՉԿԱ
Վանո Սիրադեղյանին վերաբերվող քրեական գործն անհետացել է մեկ դատարանից մյուսը տեղափոխելու ժամանակ: Այդ մասին երեկ հայտարարել է քրեական վերլուծաբան Սերգեյ Գալոյանը. «Վանո Սիրադեղյանի գործով դատական նյութերն անհետացել են մոտավորապես 6 ամիս առաջ, իսկ դա ի՞նչ է նշանակում, կարո՞ղ եք ասել: Բացի այդ, Վանո Սիրադեղյանի վրա ոչ մի քրեական գործ հարուցված չէ: Դա քրեական գործ է Արմեն Տեր-Սահակյանի եւ նրա ավազակախմբի վերաբերյալ, որն էլ անհետացել է»:

ՊԱՅԹԵՑՐԵԼ ԵՆ
Երեկ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող ազգային անվտանգության ծառայության շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել են երկրի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջիհան եւ փոխնախարար Ասսեֆ Շաուկաթը: Վերջինս նաեւ Սիրիայի առաջին տիկնոջ եղբայրն է:




Լրահոս