ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նամակով դիմել է ԼՂ նախագահ Բակո Սահակյանին.
«Պարոն Բակո Սահակյանին
ԼՂՀ նախագահ
Արցախ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Հարգելի պարոն Սահակյան,
Արցախցին` տոգորված ազատության ոգով, իրագործելով Հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու ու ստեղծագործելու մեր նախնիների երազանքը և ժողովրդի բնական իրավունքը, դրսևորելով անսասան կամք` զարգացնելու և պաշտպանելու ինքնորոշման իրավունքի հիման վրա 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես ազատ, իրավահավասար քաղաքացիների ինքնիշխան պետություն, որտեղ մարդը, նրա կյանքն ու անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են, հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ի` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» Հռչակագրի սկզբունքներին, երախտագիտությամբ հիշելով մեր նախնիների և ներկա սերունդների հերոսական պայքարը ազատության վերականգնման համար, խոնարհվելով մեզ պարտադրված պատերազմում նահատակվածների հիշատակի առջև, ոգեշնչված աշխարհասփյուռ հայության դրսևորած միասնության զորությամբ, վերակերտելով Արցախում ազգային պետականության պատմական ավանդույթները, գիտակցելով պատմական Հայրենիքի ճակատագրի համար սեփական պատասխանատվությունը ներկա և ապագա սերունդների առջև, իրականացնելով մեր ինքնիշխան իրավունքը, մեզ համար, սերունդների և բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ապրել Արցախում, ընդունել և հռչակել են Սահմանադրությունը, որի վրա երդվել եք Դուք և Դուք եք պատասխանատուն ու երաշխավորողը Արցախի Հանրապետության Սահմանադրության դրույթների իրականացման համար:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում`Բերձորում, սույն թվականի հունվարի 31-ին խախտվել են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որի համար Արցախի Հանրապետության իշխանությունները կրում են պատասխանատվություն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ճանաչվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցությունը: Այս դրույթից ելնելով` Դուք քայլեր եք կատարել հայ ժողովրդի տարբեր քաղաքական գաղափարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու, քննարկելու և լուծումներ գտնելու համայն հայության ազատագրված հայրենիքի մի մասի` Անկախ Արցախի ապագայի համար:
Անկախ նրանից` հայության որ գաղափարական հայացքների կրողներ են գալիս Անկախ Արցախ, Դուք պարտավոր եք ապահովել նրանց անվտանգությունը և հնարավորություն տալ նրանց ազատ արտահայտելու իրենց կարծիքը:
2015 թվականի հունվարի 31-ին տեղի ունեցածը պարտադրում է Ձեզ ներողություն խնդրել հայ ժողովրդից, խոստանալ, որ այլևս նման երևույթ չի կրկնվելու և անհապաղ հանդես գալ հայտարարությամբ, որ պատրաստ եք կատարել Ձեր պարտականությունները՝ վերականգնել խախտված իրավունքները, միջոցներ ձեռնարկել պատժելու բռնության պատվիրատուներին և կիրառողներին:
Ակնհայտ է, որ հայկական երկու պետություններում առկա է քաղաքական համակարգային ճգնաժամ, միտված` դառնալու անկառավարելի, ինչը պահանջում է անհապաղ լուծումներ, որի բացակայությունը հիմք է տալիս ենթադրելու, որ իրավիճակը դուրս է Ձեր վերահսկողությունից:
Հարգանոք՝
Զարուհի Փոստանջյան
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն
02 փետրվարի 2015թ.»: