ՀՀ իշխանությունները մի կողմից ձգտում են ամեն ինչ անել, որ մեր երկրի բնակիչները չմեկնեն արտերկիր՝ հանգստանալու, որ իրենց գումարները ծախսեն Հայաստանում եւ իրենց հանգիստը կազմակերպեն այստեղի գեղատեսիլ վայրերում, բայց մյուս կողմից էլ որեւէ քայլ չի արվում, որ Հայաստանում գործող հանգստյան տները լինեն մատչելի, եւ մատուցվող ծառայությունները գոնե մոտենան բարձրակարգին:
ՀԱՐՑ. Ինչո՞ւ չի ստացվում Հայաստանում կազմակերպել զբոսաշրջություն: Ինչո՞ւ մեր երկրում հնարավոր չէ ունենալ մատչելի, հարմարավետ հանգստյան գոտիներ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տարիներ շարունակ այս հարցի մասին խոսվել է: Այդ հանգստյան գոտիները կառուցվել են փողերի լվացման միջոցով, որեւէ օրինական բիզնես այդ բնագավառում չկա: Մարդիկ ժամանակին գողացել են ժողովրդից, ներդրել են, հիմա էլ իրենց խելքին փչած գինն են դրել: Դա է պատճառը, որ Հայաստանի քաղաքացին արտասահմանում է հանգստանում, ոչ թե Հայաստանում: Մինչեւ համակարգը չփոխվի, մինչեւ տնտեսությունը ստվերային դաշտից չբերվի օրինական դաշտ, իրավիճակը չի փոխվի:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. (Ծիծաղում է) Ճիշտն ասած, այդ հարցն ինձ չպետք է տաք: Ա՛յ ցավդ տանեմ, հարցը պետք է տաք այդ ամենից հասկացող մարդու: Ոչ թե ես վախենում եմ կամ զգուշանում եմ խոսել, չէ՛, հասկացե՛ք, ուղղակի չգիտեմ՝ ինչ ասեմ: Իմ ցանկությունն է, որ մենք վայելենք մեր դրախտավայր երկիրը: Ես չեմ կարող բամբասել, պետք է հասկանամ այդ ամենից, որ կարողանամ խոսել: Վայելողը կարողանում է վայելել, չկարողացողը չի կարողանում: Պետք է լինի մատչելի, որ մարդիկ կարողանան հագստանալ, եւ այդ ամենով, չգիտեմ, պետք զբաղվեն գործակալությունները կամ, չգիտեմ, կոնկրետ մինիստրություն, բայց որ լուրջ հարց է, պետք է զբաղվեն, դա հաստատ է:
դերասան
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ Հայաստանի իշխանությունները ոչ թե ձգտում են ամեն ինչ անել, որ մեր երկրի բնակիչները չմեկնեն այլ երկիր՝ հանգստանալու, այլ ձգտում են Հայաստանում զարգացնել ներքին զբոսաշրջությունը, ինչը պետական քաղաքականության հիմնական խնդիրներից է: Ներքին զբոսաշրջությունը մեզ մոտ, եթե թվերով նայենք, տարեկան միջինը 20 տոկոսով աճում է, եւ գնալով ավելի է շատանում մեր համաքաղաքացիների քանակը, որոնք ցանկություն են ունենում Հայաստանում հանգստանալ, եւ իրականում հանգստանում են: Բոլորովին վերջերս շատ կարեւոր որոշում ընդունվեց ՀՀ կառավարության կողմից. անցած տարվա վերջին՝ դեկտեմբերի 29-ին, կառավարությունը որոշում ընդունեց սոցիալական փաթեթի համակարգի մասին: Այս փաթեթի շրջանակներում հանգստի ապահովման ծառայություններ են նախատեսված ՀՀ եւ ԼՂՀ տարածքում, ինչը շատ արդյունավետ միջոց է ՀՀ-ում ներքին զբոսաշրջությունը զարգացնելու համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ