«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ անցած ամռանը՝ հունիսին, կառավարության կողմից շրջանառության մեջ դրված եւ ստվերի դեմ պայքարելու հիմնավորմամբ ընդունված «Շրջանառության հարկի մասին» օրենքն այդպես էլ ուժի մեջ չի մտնում, պարբերաբար կասեցվում է կառավարության ձեռամբ՝ տպավորություն ստեղծելով, որ ստվերը կրճատելու ցանկություն ամենեւին էլ չկա:
Օրենքի նպատակայնության վերաբերյալ կասկածներն էլ ավելի են խորացնում կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի ցուցաբերած շահագրգռվածությունն օրենքը հետաձգելու եւ այն «բարելավելու» ուղղությամբ: Տպավորություն է ստեղծվում, որ Հովիկ Արգամիչն ամենաթունդ ոչ իշխանականն է, ով կոչված է ժողովրդի շահերը պաշտպանելուն:
Առաջին անգամ օրենքի փաստաթղթաշրջանառության պարտադիր ներկայացման ժամկետը մինչեւ այս տարվա փետրվարի 1-ը հետաձգվեց նոյեմբերին, իսկ շաբաթ օրը կառավարության նիստում որոշվեց այն երկրորդ անգամ՝ մինչեւ հուլիսի 1-ը հետաձգել:
Երկու կասեցումն էլ կայացան փոքր եւ միջին ձեռնարկատերերի համառ պայքարի եւ նրանց հետ Հովիկ Աբրահամյանի հանդիպման արդյունքում: Ուշագրավ է, որ երեկ, երբ օրենքն արդեն կասեցված էր, խորհրդարանի մոտ հավաքված առեւտրականները պահանջում էին օրենքի փոփոխություն՝ համարելով, որ կասեցումը հարցի լուծում չէ:
Իսկ ոչ իշխանական եռյակը խորհրդարանական մեծամասնությանը հորդորում էր Գալուստ Սահակյանի աշխատասենյակում ոչ իշխանականների եւ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցություն հրավիրել ու քննարկել օրենքի հետագա ճակատագիրը՝ վստահ, որ իշխող մեծամասնությունը բոյկոտելու է արտահերթ նիստ հրավիրելու փորձերը:
ՀՀԿ-ական պատգամավորներն էլ խրոխտ հորդորում էին թատերական շոուներ չսարքել, քանի որ կառավարությունը, ժամեր անց խորհրդարանին առաջարկելով կասեցնել օրենքի համապատասխան դրույթը, ըստ էության կհիմնավորի, թե ինչ առաջարկներ ունի, իսկ Գալուստ Սահակյանը չխորշեց «անկեղծանալ»: «Ես հասկանում եմ, թե ինչի եք իմ սենյակում խորհրդակցություն պահանջում, որպեսզի ասեք. տեսեք, ժողովուրդ, մենք ձեր կողքին կանգնած ենք, բայց 10 օր հետո նորից կմոռանաք, ոնց որ սահմանամերձ գյուղերի օրենքի դեպքում էր, իբր պայքարում էիք սահմանամերձ գյուղերի բնակիչների համար, մտահոգվում, բայց 10 օր հետո մոռացաք, ստիպված մենք հանձնախումբ ձեւավորեցինք, գնացին-հարցրեցին՝ լավ է, վատ է, ինչ է պակասում:
Մենք էդ ճանապարհով գնացողը չենք»,- հարցը կտրուկ դրեց ԱԺ նախագահը՝ հեգնելով. «Եթե կուզեք, գնացեք իմ սենյակում խորհրդակցություն արեք»:
Բայց մեկ ժամ անց Գրիգորիչն իր աշխատասենյակում հյուրընկալեց ԱԺ շտապած Հովիկ Աբրահամյանին եւ ոչ իշխանական 4 խմբակցությունների ներկայացուցիչների հետ մոտ կես ժամ փակ քննարկում արեց: Դրանից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ հարցի վերաբերյալ ոչ իշխանական ուժերի պահանջած արտահերթ նիստը հետաձգվում է մինչեւ հաջորդ քառօրյա, այդ ընթացքում իրենք կառավարության հետ կքննարկեն իրենց մոտեցումները«:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: